Արման Ալավերդյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Երկար ժամանակ է, ինչ խոսվում է «Նաիրիտ» գործարանի վերագործարկման անհրաժեշտության մասին: Գաղտնիք չէ, որ գործարանի վերագործարկման համար անհրաժեշտ են ահռելի ռեսուրսներ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ երկար ժամանակ է, այն չի աշխատել և հսկայական պարտքեր է կուտակել: Բացի այդ գործարանը չի բավարարում մերօրյա տեխնիկական պահանջները: Դրան գումարած բնապահպանական խնդիրներն ու այն հանգամանքը, որ գործարանի վերագործարկումը չի կարող լինել ինքնանպատակ, քանի որ այն պետք է որոշակի շահույթ ապահովվի:
Վերջերս «Նաիրիտ»-ի վերագործարկման համար աուդիտորական աշխատանք իրականցնելու նպատակով Հայաստան էին ժամանել Համաշխարհային բանկի մի խումբ փորձագետներ, որոնց տված եզրակացությունից պարզ է դառնում, որ «Նաիրիտի» վերագործարկման համար անհրաժեշտ է առնվազն 260-300 մլն դոլար:
Սակայն «Նաիրիտ»-ի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը հայտարարել է, թե «Նաիրիտի» աշխատակիցների փաստարկների համաձայն` գործարանը հնարավոր է վերագործարկել 50-60 մլն դոլարով:
Հասկանալի է, որ գործարանի աշխատակիցները ամենաշատն են շահագրգռված գործարանի վերագործարկման համար, սակայն, նրանց պատկերացումը 50-60 մլն դոլարով գործարանը վերագործարկելու վերաբերյալ, ավելի շատ ֆանտազիայի ժանրից է, քանի որ քիմիական արդյունաբերությունից քիչ թե շատ հասկացող ցանկացած մասնագետ կասի, որ ստեղծված իրավիճակում նույնիսկ 300 մլն դոլարը կարող է չբավարարել:
Խնդիրն այն է, որ մեծ ռեսուրսներ են պահանջվում ոչ միայն արտադրության կազմակերպման, այլև համապատասխան արտադրանքի իրացման համար:
Իրականում շատ մեծ է Անուշ Հարությունյանի բերած փաստարկներին հավատալու ցանկությունը, քանի որ գործարանը լրիվ ցիկլով աշխատելու դեպքում հնարավորություն ունի աշխատանքով ապահովվել մոտ 3000 մարդկանց, սակայն անհասկանալի է, թե ինչ մեթոդաբանությամբ է հաշվարկվել, 50 մլն դոլարով «Նաիրիտ»-ի վերաշահագործման գաղափարը:
Հուսանք, որ հնարավոր կլինի ձեռք բերել բավարար ներդրումեր և գումարային միջոցներ` երբեմնի քիմիական հսկային վերագործարկելու համար: