Անի Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Եվրոպական օլիմպիական խաղերի ջահը շարժվում է դեպի Բաքու, որտեղ հունիսի 12-ին բացվելու է համաեվրոպական առաջին մարզական միջոցառումը: Մինչ այդ ջահը ժամանել է Նախիջևան, ինչն ադրբեջանական կայքերից մեկին առիթ է տվել շարադրելու մարզի պատմությունը, ի ցույց դնելու տեսարժան վայրերը:
Շատ չերկարացնելու համար նշենք, որ ադրբեջանական տարբերակի համաձայն՝ Նախիջևանը «պանծացրել են» «համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը»` բարեհաճելով այդտեղ ծնվել և Նուհ անունով մի առասպելական մարգարե, որը, պարզվում է, ոչ այլ ոք է, քան… աստվածաշնչյան Նոյ նահապետը: Նա` այդ Նուհը, ջրհեղեղից հետո ոչ միայն ապրել է Նախիջևանում, այլև հուղարկավորվել նույնանուն քաղաքի հին ամրոցում՝ մինչ այդ քրտինք թափելով այդ կողմերի աղահանքում:
Նուհ մարգարեի դամբարանը կառուցվել է… 2006 թվականին հինավուրց տաճարի ավերակների տեղում: Ենթադրվում է, որ դամբարանի տարածքում են գտնվում Նուհի մասունքները:
Կայքը թվարկում է այս մարզում ծնված մի քանի մանր-մունր գործիչների ևս` երկու գրող, երկու զորահրամանատար, նույնիսկ մի ճարտարապետ և մի նկարիչ:
Ադրբեջանցի «մասնագետները» չարչարել են նաև «Նախիջևան» տեղանունը` մերթ այն բխեցնելով Նուհի անունից, մերթ վկայակոչելով Պտղոմեոսի (մ.թ.ա. 2-րդ դար) «Աշխարհագրությունը», մերթ բացատրելով «նախշ» բառով` «Աշխարհի զարդ», կամ էլ «Նախճուանը» թարգմանելով իբրև «հրաշալի հանքային ջրերի կամ բուժիչ հանքային ջրերի երկիր»:
Եթե դուք ուզենաք հայկական որևէ հետք գտնել այս բուն հայկական տարածքը նկարագրող «ադրբեջանական» աղբյուրներում, ապա, իհարկե, չեք գտնի: Հոդվածի հեղինակները շուտասելուկի պես հայտնում են, որ Նախիջևանում կա ավելի քան 1500 պատմամշակութային հուշարձան, որից շուրջ 60-ն ունի համաշխարհային նշանակություն: Իբր մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջում - 2-րդ հազարամյակի սկզբում, Նախիջևանում գտնվող մի շարք ծաղկուն քաղաքները կրել են… թուրքական անուններ…
Հիրավի, լեզուն ոսկոր չունի…