Հարցազրույց 

Analitik.am-ը զրուցեց Ահմեդ Սաիդ Էլֆարանի հետ

analitik.am

Հայաստանի  բարեկամությունը Եգիպտոսի հետ գալիս է դարերի խորքից, դրա վառ ապացույցն է Եգիպտոսում հայ համայնքի ներկայությունը, որն ունի  հազարամյակների պատմություն:  Եգիպտոսի հայ համայնքը  հայկական ամենաավանդական համայնքներից մեկն է: Հայ-եգիպտական դարավոր բարեկամության ու հարաբերությունների մասին զրուցեցինք եգիպտացի լրագրող,  Եգիպտոսի Մշակույթի նախարարության աշխատակից և Եգիպտոսում հայ ժողովրդի լավ բարեկամ, ով  մեծ աջակցություն է ցուցաբերում հայ ժողովրդին՝  Եգիպտոսի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում՝ Ահմեդ Սաիդ Էլֆարանի հետ:


-Պարոն Ահմեդ Էլֆարան, ես գիտեմ, որ Դուք Հայաստան այցելել եք երեք անգամ, ասացեք խնդրեմ, ի՞նչ նպատակով էիք եկել Հայաստան:


-Ես առաջին անգամ Հայաստան եկա որպես լրագրող, քանի որ ցանկանում էի  մոտիկից ծանոթանալ հայ ժողովրդի կենցաղին, պատմությանը, մշակույթին, որպեսզի  իմ հոդվածների միջոցով կարողանայի ճիշտ ներկայացնել Հայաստանը եգիպտացի ընթերցողին:


-Ինչպիսի՞ տպավորություններով վերադարձաք հայրենիք և ի՞նչ կասեք Հայաստանի մասին:


-Հայաստանը շատ հին ու գեղեցիկ երկիր է, որն ունի հարուստ ու շատ հետաքրքիր մշակույթ և, ամենակարևորը, հյուրասեր ժողովուրդ:


-Ես տեղյակ եմ, որ Դուք Եգիպտոս վերադառնալուց հետո շատ հոդվածներ եք գրել Հայաստանի, հայ մշակույթի ու Հայոց ցեղասպանության մասին,  ինչպե՞ս Ձեր  հոդվածներն ընդունվեցին եգիպտացի ընթերցողի կողմից:


-Եգիպտացիների մեծ մասը գիտի Հայոց ցեղասպանության մասին, և այն մեծ ցավ է պատճառում նաև եգիպտացիներին, քանի որ մենք բարեկամ ժողովուրդ ենք:Ես իմ հոդվածներով ցանկացա ցույց տալ հայ և եգիպտացի ժողովրդին, որ հայ-թուրքական կոնֆլիկը   ո՛չ թե կրոնական, այլ քաղաքական անհամաձայնություն է, և հայ ժողովուրդն ու եգիպացիները, պատկանելով տարբեր կրոնների ,  պետք է մնան բարեկամներ և միշտ աջակցեն միմյանց: Եգիպտոսում հայ համայնքը,  եգիպտացիներիս  բարեկամական վերաբերմունքի շնորհիվ, կարողացել է պահպանել հայկական հարուստ ազգային կյանքն ու մշակույթը և այդպիսով  հայ համայնքը նաև շոշափելի ներդրում է ունեցել մեր երկրի զարգացման ու բարգավաճման հարցում: Եգիպտոսում հայերի անուններով շատ փողոցներ ունենք:


-Վերջերս Ալեքսանդրիայում տեղի ունեցավ  «Հայերի դերը Եգիպտոսի պատմության մեջ» խորագրով միջոցառում, որին մասնակցում էիք նաև Դուք, կպատմե՞ք այդ միջոցառման մասին:


-Ալեքսանդրիայում կայացած  «Հայերի դերը Եգիպտոսի պատմության մեջ»  միջոցառումը կազմակերպվել էր  Ալեքսանդրիայի գրադարանի կողմից, որի  ընթացքում եգիպտացի ու հայ հանդիսատեսին պատմեցինք  այն հայերի մասին, ովքեր մեծ դեր են ունեցել Եգիպտոսի պատմության մեջ, օրինակ Նուբար Փաշան, որի արձանը գտնվում է Ալեքսանդրիա քաղաքում:  Միջոցառման ժամանակ խոսեցինք  նաև հայկական մշակույթից  ու հայոց պատմությունից:


Ուզու՞մ եք կրկին այցել Երևան և ի՞նչ եք ցանկանում հայ ժողովրդին:


Իհարկե, ես շատ եմ ուզում  և անպայման կրկին կայցելեմ Հայաստան: Հայաստանին ու հայ ժողովրդին էլ մաղթում եմ խաղաղություն, հարևան ժողովրդի հետ բոլոր խնդիրների շուտափույթ լուծում և լուսավոր ապագա գալիք  սերունդներին: 


Վարդուհի Երանոսյան


Նույն շարքից