Հարցազրույց 

Ապագա դերասանուհին վեցերորդ երեխան էր ու ընտանիքի տիկնիկը

analitik.am

Երեւի այդպես պետք է լիներ: Թատրոնն իր մեջ դեռ մանկուց կար: Դերասանուհի դառնալու հստակ որոշումն արդեն հինգերորդ դասարանից ուներ Անահիտ Ղուկասյանը: Իրեն ինչ հիշում է` խաղում է, բակի երեխաներով միշտ ներկայացումներ են բեմադրել: Դերեր խաղալիս մեծ երեւալու համար միջոցներ էին գտել:

 

 

Կրունկների տակ կոճ էինք կապում, դառնում էր բարձրակրունկ կոշիկ, դե, պարզ է՝ մամայի շորորն էինք հագնում:

 

 

Բակն ունեցել է պարետ ու իննից-տասից հետո բակի դարպասները փակվել են, որ օտար մարդ չմտնի: Ամեն ինչ ունեցել են ու ուրիշ տեղ գնալու խնդիր չի եղել, անգամ մանկապարտեզն է բակում եղել:  Բակի երեխաներով շատ մտերիմ ու լավ ընկերներ են եղել:

 

 

-Ընդ որում, մեր դասարանցինեը հիմնականում մեր բակից էին, դրա համար մենք մեծացել ենք իրար հետ, փոքրուց, մանի ուտելուց մինչեւ դպրոցն ավարտելը, բոլորս անընդհատ միասին ենք եղել: Դրա համար մեր ընկերությունն արդեն այսքան տարի է մնում է:

 

 

Դերասանուհին հիմա չգիտի, թե ինչու էին երեխաներով ընկնում բակի խեղճ տարեց պարետի հետեւից, ախր, շատ պատկառելի մարդ է եղել, հետո իհարկե տանը բոլորի ականջներն ակտիվ ձգում էին, բայց, միեւնույն է, հաջորդ օրը նույն պատմությունը կրկնվում էր:

 

 

-Շարքով այդ մարդու հետեւի ընկնում էինք ու երգում` կարապետը հոպ-հոպ, էշի վրա նստած, մի բուխանկա հաց, կրծելով գնաց: Շուռ էր գալիս,  ոնց էինք փախնում:

 

 

Իսկական արարողություն է եղել ջուր խմելու գնալու պահը: Երեխաներով գնացել են ջուր խմելու: Իրականում բակում էլ է եղել ցայտաղբյուր, բայց բակից թաքուն դուրս գալն արկածախնդրության պես բան է եղել: Հետո արդեն հինգ-վեցերորդ դասարանում արդեն գնում էին ներկայացումներ դիտելու: Այդ տարիքում արդեն ապագա դերասանուհին ու ընկերուհիներն իրենց օրիորդ էին զգում:

 

 

-Ես գողանում էի մորս զուգագուլպաները, հետո հատ գնացած դնում էի տեղը:

 

 

Անահիտ Ղուկասյանը չգիտի, ինքն է արայիկի առաջին սերը, թե Արայիկը` իր: Իրենք երրորդ հարկում էին ապրում, Արայիկենք` չորրորդ: Շատ լավ ընկերներ են եղել, մանկապարտեզ, դպրոց միասին են գնացել: Երկրորդ-երրորդ դասարանում են եղել, Արայիկը եկել ասել է, թե բակում կսպասի:

 

 

-Ան, ես քեզ մի բան պետք է ասեմ, երբ որ մեծանանք, արի ամուսնանանք, ես չէի էլ պատկերացնում իմ կյանքն առանց Արայիկի: Դե, իրար հետ էինք մեծացել: Ասացի՝ ես կմտածեմ: Դասից հետո վերադարձանք տուն, մամայենց պատմեցի: Անիկո ջան, ախր, Արայիկը քո եղբայրն է, իրար հետ եք մեծացել: Դե, տեսնենք, մեծանաք կերեւա, էլի:

 

 

Անահիտ Ղուկասյանը ընտանիքի վեցերորդ երեխան է ու շատ ուշ ծնված, նրան բոլորը շատ են սիրել, երես են տվել ու տիկնիկի պես պահել: Իրեն երջանիկ է համարում դերասանուհին, ամեն գեղեցիկ բան տեսել ու ապրել է: Ամբողջ կյանքում նրան չի լքել ու դեռ ապրում է իր մեջ այն փոքրիկ աղջնակը` Անիկոն:

 

 

Զանի Հարոյան

Նույն շարքից