Հարցազրույց 

ՀՀԿ-ական պատգամավորներն ուշադրություն չեն դարձնում Շարմազանովի հայտարարություններին

analitik.am

Օրերս Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե իբր ոչ բոլորն են գիտակցում, որ Հայաստանում քաղաքական նոր իրավիճակ է հասունացել, և որ պետական կառավարման ամենաբարձր օղակներում իրենց տեսնող մարդկանց համար պետության կառավարման ղեկին ձգտելու հիմնական, եթե ոչ միակ ճանապարհը Հանրապետական կուսակցությունն է: «Եթե որևէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով»,- նշել է Շարմազանովը:


Հարցին, թե արդյո՞ք  համամիտ եք ԱԺ փոխախագահի բացահայտ ակնարկին` քաղաքական մենիշխանության հետ կապված, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Մխիթարյանը  Analitik.am-ին պատասխանեց հարցով, որից բացարձակ անտեղյակ էր.


-Ո՞ր փողոցով:

 

-ՀՀԿ կենտրոնական գրասենյակի:

 

-Չեմ հասկանում, ի՞նչ է դա նշանակում:


-Հավանաբար իշխանական կոալիցիա ստեղծելու ակնարկ է:


-Գիտեք այսօր քաղաքական մեծամասնությունն է նշանակում վարչապետին: Դա լոգիկային մոտ արտահայտություն է, եթե Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն է կազմում ՀՀԿ-ն , ուրեմն` հենց ինքը պետք է նշանակի վարչապետ: Քաղաքական այլ թևից դրեցին թեկնածություն, օրինակ` ՀԱԿ-ից, իմաստ չկա, ձայն չհավաքեցին: Գիտեք, այսօրվա իրավիճակն այն է, որ ով մեծամասնություն է, նա էլ հաղթում է, հիմա մեծամասնությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է և հենց տվյալ ուժի հետ պետք է համաձայնվեն, եթե նման հավակնություններ ունեն այդ պաշտոնների հետ կապված: Իսկ ինչ վերաբերվում է քաղաքական մենաշնորհին բացասական եմ վերաբերում, բայց այսօր քաղաքական մենաշնորհ չկա Հայաստանում:


Դե իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն էլ վերոնշյալ հայտարարությունը «ո՛չ տեսել է, ո՛չ լսել».


-Կներեք, բայց ես ոչ մի բան չեմ լսել, բան չեմ կարող ասել:


-Դուք չե՞ք հետևում ՀՀԿ խոսնակի հայտարարություններին:


-Դե հիմա հետևելը ո՞րն ա: Չեմ լսել, ես հիմա չեմ կարող այդ հարցին պատասխանել, ի՞նչ ասեմ:


ՀՀԿ-ական պատգամավորների բացարձակ անտեղյակության վրա մնում է պարզապես ժպտալ, քանի որ վերջիններս անգամ հարկ չեն համարում հետևել քաղաքական իրադարձություններին և հատկապես ՀՀԿ խոսնակի հայտարարություններին:

 

 

Լիլիթ Կարապետյան

Նույն շարքից