Հարցազրույց 

Ռադիո, ես սիրում եմ քեզ. Անկա Սարիբեկյան

analitik.am

Այսօր ռադիոյի միջազգային օրն է:  analitik.am-ը շնորհավորում է ռադիոկայանների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր սիրում են ռադիո: Ներկայացնում ենք  հարցազրույց՝   RadioJan-ի եթերն իր ձայնով պարուրած Անկայի հետ: 

 

-Ի՞նչ զգացողություններ է առաջացնում ռադիո բառը Ձեզ մոտ:


-«Radio և radier» սրանք իմ համար դարձել են ամենասիրելի բառերը: Թարգմանաբար նշանակում է ռադիո և ճառագայթ: Առաջին օրից ի վեր ռադիոն դարձավ ճառագայթ, որն ուղեկցեց ինձ մանկության և պատանեկության շրջանում: Հուսով եմ, որ այն իմ ամբողջ կյանքի ուղեկիցն է լինելու:

 

-Ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցիր ռադիոյում:


-Ռադիոյում  հայտնվեցի շատ պատահաբար: Թեպետ պատահականություններն իրոք հատուկ նախատեսված են բոլորիս համար ի վերուստ: Դպրոցական էի և ամեն օր մտածում էի՝ ի՞նչ  ճանապարհ ընտրեմ. մի օր նկարիչ, մի օր բժիշկ և այդպես շարունակ: Տանը ամեն օր մի նոր մասնագիտության մասին էի հայտարարում, բայց երբեք հաղորդավար կամ լրագրող չէի մտածել: Մի օր հեռուստատեսությամբ լսեցի մի հայտարարություն այն մասին, որ մանկական հաղորդմանն անհրաժեշտ են հաղորդավարներ: Փոքրիկ մրցույթ էր, որին մասնակցեցի, ու սկսվեց տարօրինակ ու հետաքրքիր ուղին: Հետո ռադիոն դարձավ իմ կյանքում ամեն ինչ. ես դարձա նրա մի մասնիկը:

 

-Իսկ հետո ինչպե՞ս շարունակեցիք ռադիոյում Ձեր ճանապարհը:


-Հետո եղավ «Անկա շոուն»  Արարատ FM-ի եթերում, որը հղկեց ինձ որպես հաղորդավար, այնուհետև ռադիո Ջան քաղաքային ֆոլկը:  Ռադիոն ինձ տվել է կրթություն, ընկերներ, կյանքի դժվար պահերին ուժ: Մի ուրիշ աշխարհում եմ հայտնվում, երբ լսում եմ 3, 2, 1 Անկա դու եթերում ես: ՈՒրախ ես, թե տխուր դու եթերում ես և պետք է դրական լիցքեր փոխանցես ռադիո ընդունիչներից այն կողմ  քեզ լսող մարդկանց: Նրանց ամեն մի դրական խոսքը, որն ուղղված է ինձ,  ուժ է տվել ինձ՝  փոխելով կյանքիս հունը: Երբեմն մտածում եմ ճիշտ ընտրություն եմ կատարել, թե ոչ և հասկանում եմ որ այո, չնայած բազում խոչընդոտների, որոնք հանդիպել եմ  իմ ճանապարհին,  ռադիոն գրկաբաց ընդունել է ինձ:

 

-Ձեր շնորհավորանքը :



-  Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց,  ովքեր հավատում և վստահում են ինձ, շնորհակալ եմ RadioJan-ին և շնորհավորում եմ տոնի կապակցությամբ՝ մաղթելով անխափան եթեր, ջերմ ու հրաշալի օրեր : Շնորհավորում եմ բոլոր գործընկերներիս, որոնց հետ այս տարիներին աշխատել եմ տարբեր ռադիո կայաններում՝ մաղթելով ջերմ ու բարի եթերներ: Շնորհակալություն եմ հայտնում մեր հավատարիմ ունկնդիրներին: Դժվար է ներկայացնել այն ամենը,  ինչ ինձ տվել է ռադիոն : Ռադիո ես սիրում եմ քեզ:

 

 

 Արմինե Բրսոյան

Նույն շարքից