Հարցազրույց 

Ես իմ ընկերներին երբեք մենակ չեմ թողնում. Արթուր Ասատրյան (Դոն Պիպո)

analitik.am

Վերջին շրջանում ՀՀ ԶԼՄ ոլորտում բավականին նորաձև է դարձել հանուն սենսացիայի իրականության հետ բացարձակապես կապ չունեցող լուրեր տարածելը, ինչը բնականաբար ոչ միայն գցում է տվյալ լրատվամիջոցի կամ լրագրողի մասնագիտական համբավը, այլ նաև նպաստում ապատեղեկատվության և սուտ ինֆորմացիայի տարածմանը, որն էլ իր հերթին հասարակության մոտ նվազեցնում է վստահության մակարդակը դեպի ԶԼՄ-ները: Հունիսի  27-ին www.shamshyan.com կայքը մի նյութ էր հրապարակել հայտնի բարեգործ և գործարար Արթուր Ասատրյանի վերաբերյալ, որի իրականությանը համապատասխանելը լուրջ կասկածներ առաջացրեցին, ուստիև www.analitik.am-ը կապ հաստատեց Արթուր Ասատրյանի հետ՝ նպատակ ունենալով պարզել տարածված տեղեկատվության համապատասխանությունն իրականությանը: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.



-Պարոն Ասատրյան Դուք ինչո՞ւ եք լքել Հայաստանը և բնակություն հաստատել Իտալիայում:

 

 

-Նախ սկսենք նրանից, որ ես 1993թ.-ին տեղափոխվել եմ Ռուսաստան՝ Մոսկվա, այնուհետև երկու տարի այնտեղ բիզնես գործունեություն ծավալելուց հետո տեղափոխվել Հայաստան, 1998թ.-ին բիզնես նպատակներով նորից տեղափոխվել եմ Մոսկվա, յոթ տարի Մոսկվայում բիզնես ծավալելուց հետո 2005թ.-ին՝ բիզնեսը Եվրոպայում ընդլայնելու, ինչպես նաև երեխաներին կրթություն տալու նկատառումներով  տեղափոխվել եմ Եվրոպա և 2005թ.-ից մինչև առ այսօր ես ընդլայնում եմ իմ բիզնեսը Եվրոպայում, ապրում եմ Իտալիայում, ինչպես նաև բավականին ժամանակ եմ անցկացնում Մոսկվայում: Երբ արդեն բիզնես ոլորտում բավականին կայացել էի, արդեն չէի կարող վերադառնալ Հայաստան մշտական բնակության նպատակով, քանզի բիզնեսի կայությունն ու հետագա զարգացումն ապահովելու համար պետք է մշտապես հետևել բիզնեսին: Աշխարհն այսօր շատ արագ է զարգանում, և չի կարելի նույն տեղում մնալ, իսկ հեռվից ինչքան էլ որ այսօր նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս կառավարել, միևնույն է գերազանց արդյունք հնարավոր չէ ստանալ: Սակայն, ես մշտապես գալիս եմ Հայաստան, վերջին անգամ էլ Հայաստանում եղել եմ նախորդ տարի դեկտեմբերին: Ես ինչքան էլ  հեռվում լինեմ, միևնույն է հետևում եմ իմ հայրենիքին, ուրախանում վերջինիս հաջողություններով և փորձում  իմ հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի կայացմանը:

 


-Պարոն Ասատրյան, հունիսի 27-ին հայկական լրատվամիջոցներից մեկում նյութ էր հրապարակվել, որտեղ ասվում էր, մեջբերում եմ. «Արթուր Ասատրյանի հեղինակությունը Էջմիածնում գնալով աճել է և տարիներ առաջ ցանկացել է իր դիրքերն ամրապնդել Էջմիածնում, տարածքներ զավթել և իր գերիշխանությունը հաստատել այնտեղ, ինչը, սակայն, միանշանակ չի ընդունվել և հակամարտություն է առաջացել տեղի ուժերի միջև: Արդյունքում նրա մոտ ընկերներից մեկը զոհվել է, իսկ նա իր կյանքը փրկելու համար հեռացել է Հայաստանից »: Վերոնշյալը համապատասխանո՞ւմ է իրականությանը:

 

 

-Ես Նապոլեոն Բոնապարտը չեմ, որ ցանկանամ զավթել կամ գերիշխանություն հաստատել, իհարկե, չի համապատասխանում իրականությանը: Ի՞նչ ընկերոջ մասին է խոսքը, պատկերացում չունեմ: Ուղղակի անհեթեթություն է: Առհասարակ նման անպատասխանատու հայտարարություններ չի կարելի անել, ի՞նչ է նշանակում, թե մոտ ընկերներից մեկը զոհվել է, թող անուն գրեն, թե չէ նման սուտ լուրեր չի կարելի տարածել, եթե տարածում էլ են, ապա թող փաստեն: Ինչ վերաբերում է կյանքը փրկելու համար հեռանալուն, ապա բոլորն, ովքեր ինձ ճանաչում են, կփաստեն, որ ես երբեք չեմ հեռանա այն դեպքում, երբ իմ ընկերներից մեկը զոհվի, ես երբեք իմ ընկերներին մենակ չեմ թողնում, քանի որ առաջին հերթին հենց իմ ընկերների մասին եմ մտածում, այնուհետև՝ իմ:  Ինձ ճանաչող բոլոր մարդիկ դա կփաստեն:

 



-Եթե անհեթեթություն է և չի համապատասխանում իրականությանը, ապա ինչո՞ւ են նման տեղեկություններ տարածում, գուցե քաղաքական պատվե՞ր է:

 

 

-Անկեղծ ասած, չեմ կարող ասել, թե ինչ նպատակով են տարածում, իսկ ինչ վերաբերում է քաղաքական պատվերին, ապա ես բացարձակապես չեմ զբաղվում քաղաքականությամբ: Իհարկե, ունեմ ընկերներ քաղաքական գործիչներ, որոնց շատ հարգում եմ, սակայն ինձ  քաղաքականությունը չի հետաքրքրում, ուստիև քաղաքական  պատվերի մասով  իմաստ չեմ տեսնում և ոչ էլ տրամաբանություն, գուցե որոշ անհայտ լրագրողներ կամ լրատվամիջոցներ այդ կերպ փորձում են ճանաչում ձեռք բերել, չեմ կարող ասել:



-Վերջին տեղեկատվությունը տարածել էր www.shamshyan.com կայքը, իսկ  այդ կայքն էլ պատկանում է Գագիկ Շամշյանին, ով բավականին հայտնի ֆոտոլրագրող է, ուստի ի՞նչ եք կարծում նա կարող էր հանուն սենսացիայի տարածել նման բան:

 

 

-Անկեղծ ասած, չեմ ճանաչում այդ լրագրողին, և չեմ կարող ասել, թե ինչի համար է տարածել, բայց կարծում եմ, որ ամենահայտնի մարդն էլ սենսացիա է փնտրում, առավել ևս լրատվական ոլորտում: Ամեն դեպքում ես մեծահոգաբար եմ վերաբերվում իմ  բոլոր հայրենակիցներին, և եթե նրանք հարցեր ունեն ինձ ուղղելու, ապա կարող եմ իմ միջոցներով հրավիրել մի քանի լրագրողի Իտալիա, որտեղ էլ նրանք հնարավորություն կունենան իմ մամուլի ասուլիսին մասնակցել և իրենց հուզող բոլոր հարցրեն ինձ ուղղել: Եթե նույն Ձեր նշած այդ լրագրողը ցանկանում է իրականությունն իմանալ, թե ես ինչու եմ եկել Իտալիա, ինչ եմ անում  այստեղ և այլն, ապա կարող եք իրեն էլ տեղեկացնել իմ հրավերի մասին, որ կասկածելի աղբյուրներից ստիպված չլինի օգտվել:



-Իսկ ինչո՞ւ չեք գալիս Հայաստան և այստեղ  ասուլիս չեք տալիս:

 

 

-Ինչպես նշեցի, գործերի բերումով չեմ կարող այս պահին ամեն դեպքում գալ Հայաստան, սակայն, մյուս այցիս ժամանակ խոստանում եմ, որ Հայաստանում էլ մամուլի ասուլիս կհրավիրեմ, բայց չեմ կարող ասել, թե դա երբ կլինի:

 

-Շնորհակալություն, պարոն Ասատրյան:

 

-Ձեզ էլ եմ շնորհակալ:

Նույն շարքից