Հարցազրույց 

Երևանն ինձ համար աշխարհի ամենահետաքրքիր, ամենաթանկ ու գեղեցիկ քաղաքն է. Ա. Սաֆարյան

analitik.am

«Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ Ֆեյսբուքյան հարցազրույց Արսեն Սաֆարյանի հետ

-Արսեն, ի՞նչ է Ձեզ համար Երևանը:

 

-Երևանն ինձ համար աշխարհի ամենահետաքրքիր, ամենաթանկ ու գեղեցիկ քաղաքն է և ոչ միայն քաղաք...Որովհետև քաղաքները պարզապես բնակավայրեր են, իսկ Երևանը միայն բնակավայր չէ . ինձ համար նա կենդանի էակ է, որ կարող է ուրախանալ, տխրել, հպարտանալ ու երբեմն նաև ամաչել: Անբացատրելի հմայք ունի Երևանը, որովհետև դեմք ունի և այդ դեմքն առանձնահատուկ է: Իսկ ինձ համար ամենամեծ արժանիքը սեփական դեմք ունենալն է: Մի խոսքով՝ մեգապոլիսներ ու քաղաքներ շատ կան աշխարհում, իսկ Երևանը միայն մեկն է...


-Ո՞րն է Երևանի Ձեր ամենասիրելի անկյունը։



- Ինչպես արդեն ասացի՝ Երևանն առանձնահատուկ է և, բնականաբար առանձնահատուկ են քաղաքի բոլոր վայրերը: Բայց թող ներեն ինձ բոլոր թաղամասերն ու բակերը. Ինձ համար Երևանի ամենասիրելի ու հարազատ վայրը այն փոքրիկ հողակտորն է, որի վրա իմ սեփական ձեռքերով կառուցված տունն է: Ու հենց դրանով է նաև այսքան սիրելի Երևանը, որովհետև քաղաք, բնակավայր կամ համայնք ու թաղամաս լինելուց առաջ այն նախևառաջ տուն է, օջախ, ինչն ամենաթանկն ու նվիրականն է:


-Սիրո՞ւմ եք «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը



- Հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ մենք շատ քիչ ունենք նման տոներ, ուրախ տոնակատարություններ, և այս դեպքում ուղղակի չի կարելի չսիրել Էրեբունի- Երևանը: Եթե ուրիշներն ունենային այսպիսի լեգենդար մայրաքաղաք, նրան բազմաթիվ տոներ կնվիրեին, իսկ մենք ընդամենը մեկն ունենք: Ուրեմն այն պետք է նշել մեծ ուրախությամբ ու տոնել այնպիսի սիրով, ինչին արժանի է Երևանը...

Նույն շարքից