Հարցազրույց 

Երևանն իմ ապագան է. Զառա Արամյան

analitik.am
«Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ Ֆեյսբուքյան հարցազրույց ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ ժուրնալիստների միության անդամ, դերասանուհի, հաղորդավար Զառա Արամյանի հետ։
 
 
- Զառա,ի՞նչ է Ձեզ համար Երևանը։
 
- Երևան ինձ համար... Երևանն իմ հոտն է ՝ շաղախված վաղ առավոտյան մեծ մեքենաներով, լվացված ասֆալտի մաքրության և խոնավության, պոնչիկանոցի քաղցր հոտերի ու մայրիկիս հոտով։ Երևանն իմ գույնն է՝ վարդագույն քարերի, կանաչ ծառերի, շագանակագույն նստարանների և երիտասարդության խայտաբղետ գույների միասնությամբ։ Երևանն իմ անցյալն է՝ իմ մանկապարտեզը, դպրոցի կողքի բուլկիանոցը, համալսարանի ու ռադիոտան օդն ու մարդիկ, իմ սիրած փողոցն ու իմ վարած առաջին «06» մակնիշի մեքենան /ժպտում է/ ։
Երևանն իմ ապագան է, Սբ. Հովհաննես եկեղեցին, որտեղ կոչվեցի կին, հետո կնքեցինք իմ երկու բալիկներին, և մինչ օրս ամուսնուս հետ պարբերաբար կնքում ու ամուսնացնում ենք մեր սանիկներին։ Երևանն իմ սիրելի մարդիկ են, իմ հաղորդումն է, որը վարում եմ արդեն 22 տարի, ընկերներս ու հարազատներս են։ Երևանն իմ հանգստությունն ու գուցե նաև վերջին հանգրվանն է, ուր վերադառնալիս ես միշտ հանդարտվում եմ։ Երևանն իմ կյանքն է։ 


- Ո՞րն է Երևան քաղաքի Ձեր ամենասիրելի անկյունը


- Երևան քաղաքի ամեն անկյուն, ամեն փողոց, ամեն ծառ, տուն, հատված ինձ համար սիրված է։ Աչքիս առաջ փողոցները փոխվեցին ու դեռ փոխվում են։ Սիրում եմ և այդ փողոցները, սիրում եմ և՛ հին շենքերը, և՛, առավել ևս, նորերը։ Սիրում եմ Երևանի քաղաքային պանթեոնը, Սբ. Հովհաննես եկեղեցին, Զաքյան փողոցի մանկական այգին, ի դեպ, որտեղ դեռ սիրահարված ժամանակ ամառվա կեսին ես ու ամուսինս ծառ էինք տնկել, որը մինչ օրս կա և մեծացել ու «հզոր» ծառ է դարձել։ 


- Սիրո՞ւմ եք «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը։


- Շա՜տ եմ սիրում։ Այդ տոնն իմ մանկությունն է։ Առաջին անգամ հենց «Էրեբունի-Երևան» տոնակատարության ժամանակ եմ շփվել մեծ աստղերի հետ՝ Ալլա Պուգաչովա, Սոֆիա Ռոտարու և այլք։ Շատ լավ հիշում եմ հայրիկիս հուզմունքը տոնից դեռ մեկ ամիս առաջ։ Ամբողջ ընտանիքով «ծառայում էինք» այդ կարևոր օրվա համար։ 
Ինձ համար «Էրեբունի-Երևան» տոնակատրությունն իմ հայրն է, իր սերը, մեծ նվիրումն ու հայրենասիրությունը։ 
«Էրեբունի-Երևան» տոնակատարությունը ՄԵԾ ՏՈՆ է։

 

Նույն շարքից