Հարցազրույց 

Երևանն ինձ համար իմ տունն է, իմ ապրելակերպն է. Արտավազդ Ամիրյան

analitik.am

«Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ ֆեյսբուքյան հարցազրույց հաղորդավար Արտավազդ Ամիրյանի հետ։

 

-Արտավազդ, ի՞նչ է Երևանը Ձեզ համար։


-Երևանն ինձ համար իմ տունն է, իմ ապրելակերպն է, իմ առավոտն ու գիշերն է... Երևանը, նրա փողոցները, պուրակներն ու շենքերն ինձ համար կան ու մնում են աշխարհում անփոխարինելի։ Կարծում եմ, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի համար էլ Երևանը տան խորհուրդ ունի։ Լինելով աշխարհի տարբեր քաղաքներում և հետ վերադառնալով Երևան, հասկանում ես, որ նրա շունչն ու հոտը, Երևանի գույնն ու տեսքը աշխարհում ոչ մի քաղաք չունի։ 

 

Երևանի տրամադրությունը, օդն ու ջուրը, Երևանի ամեն մի փողոցն ու պուրակը, հատկապես վերջին շրջանում, նոր գույն ու տրամադրություն է հաղորդում մեզ բոլորիս՝ ոգեշնչելով ավելի լավ աշխատել, ավելի մաքուր ու խնամքով պահել համայն հայության մայրաքաղաք Երևանը։

 

-Ո՞րն է Երևանի Ձեր ամենասիրելի անկյունը։


-Ինձ համար Երևանում չկա մի անկյուն, որը հարազատ ու սիրելի չլինի։ Վերջին շրջանում հատկապես Երևանի պուրակներն են իրենց գունագեղ շատրվաններով ինձ համար դարձել չափազանց հարազատ ու հաճելի վայր, ինչպես սիրելիի հետ զբոսնելու, այնպես էլ՝ ընկերական հավաքույթների, միջոցառումների ու տարբեր տոնակատարությունների համար։ Նկատելով, որ վերջին շրջանում և՛ երևանցիները, և՛ Երևան ժամանած հյուրերը մեծ խնամքով են վերաբերվում մայրաքաղաքին, ես կցանկանայի ևս մեկ անգամ խնդրել, որպեսզի որքան հնարավոր է մաքուր ու խնամքով վերաբերվենք մեր մայր քաղաքին, մեր Տուն Երևանին։

 

-Սիրո՞ւմ եք «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը։


-Ինձ համար «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը հատկապես վերջին տարիներին է դարձել առավել սիրելի, պայմանավորված ոչ միայն նրանով, որ ինքս եմ ակտիվ մասնակցություն ցուցաբերում, այլ այն հանգամանքով, որ վերջին տարիներին Երևանն իր ծննդյան օրը հանդես է գալիս նոր գույներով և նոր «հանդերձանքով»։

 

Միշտ անհանգստությամբ եմ սպասում, թե ինչպիսի շքերթ է լինելու, ինչպիսի տոնական հրավառություն ու տրամադրություն է տիրելու ողջ մայրաքաղաքում, որին միանում են ինչպես մարզերից մեր հայրենակիցները, այնպես էլ՝ սփյուռքից ժամանած հյուրերը։

 

Ուրախալի փաստ է, որ տոնին արդեն մեծ պատրաստակամությամբ մասնակցում են Երևանի քույր և գործընկեր քաղաքների ներկայացուցիչներ, ինչն էլ պարտավորեցնում է տոնն իսկական տոն դարձնել։ 

 

Մեզ ու մեր մայրաքաղաքին նման ուրախ ու գունավոր, լուսավոր ու պայծառ տոներ շատ են պետք։ 

 

Ժպիտներով, ուրախ ու բարձր տրամադրությամբ նշենք մեր մայրաքաղաք Երևանի, Իմ տուն Երևանի 2796 ամյակը։

 

Էրեբունի- Երևան ֆեյսբուքյան էջ

Նույն շարքից