Հարցազրույց 

Երևանը քաղաք է, որն ունի դեմք, կերպար, շունչ ու ամենակարևորը` կոլորիտ. Կարո Հովհաննիսյա

analitik.am

«Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ Ֆեյսբուքյան հարցազրույց դերասան, ռեժիսոր, հաղորդավար Կարո Հովհաննիսյանի հետ

 

-Կարո, ի՞նչ է Երևանը Ձեզ համար։

 

-Իհարկե առաջին հերթին Երևանն իմ ծննդավայրն է և իմ կյանքի ուղեկից քաղաքը, որտեղ անցել են իմ կյանքի 23 տարիները: Երևանն իմ տունն է: Չեմ պատկերացնում ու չեմ էլ ցանկանում ապրել այլ քաղաքում, քանի որ իմ կյանքը, գործունեությունը, անցյալը, ներկան ու ապագան կապված են Երևանիս հետ: Երևանը քաղաք է, որն ունի դեմք, կերպար, շունչ ու ամենակարևորը` կոլորիտ:Երևանն իմ պատկերացումների մեջ ասոցացվում է բարի ծերունու, բայց հոգով երիտասարդ ու կենսախինդ ,արվեստի շնչով լցված, ջերմ ու մարդամոտ կերպարի հետ:


-Ո՞րն է Երևանի Ձեր ամենասիրելի անկյունը։



-Երևանը չի կարելի սիրել հատվածներով կամ անկյուններով: Ես Երևանը սիրում եմ ամբողջությամբ, սկսած իմ բակից մինչև այն զորամասը, որտեղ ես ծառայել եմ և կարելի է ասել, որ իմ պարտքն առաջին հերթին կատարել եմ Երևանի առաջ, հետո նոր հայրենիքիս, քանի որ ծառայել եմ Երևանի պահապան գնդում:


Սիրելի հատվածներ կամ անկյուններ չեմ նշի, պարզապես կասեմ, որ շատ եմ սիրում Մաշտոցի պողոտան՝ իր 4 -5 հարկանի, քարից ու գեղեցիկ ճարտարապետությամբ` բարձր առաստաղներով, կամարներով ու պատշգամբներով, լի շենքերով: 


Նպատակ ունեմ, որ երբ կգա ժամանակն առանձին ապրելու, անպայման բնակարան կունենամ Մաշտոցի պողոտայում, որի պատուհանները կբացվեն դեպի Երևանի իմ ամենասիրելի Գլխավոր պողոտան։


-Սիրո՞ւմ եք «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը։



-«Էրեբունի-Երևան» տոնակատարությունն, իմ կարծիքով, ոչ միայն Երևանի, այլ նաև ամբողջ հայության տոնն է, քանի որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է։ Այս տոնը բոլորի համար է՝ անկախ նրանից արմատներով Քաջարանից ես, Գյումրուց, թե Կապանից։ Կյանքում ունեմ երկու սիրելի տոներ և դրանց հետ կապված յուրահատուկ զգացողություններ։ Անկախության օրն ինձ համար ասոցացվում է Նոր տարվա տոնի, իսկ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը՝ ծննդյանս օրվա հետ։

Նույն շարքից