Հարցազրույց 

Երևանը «վերջին հանգրվանն» է, ուր տանում են իմ բոլոր ճանապարհները. Սերգեյ Սմբատյան

analitik.am

«Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ Ֆեյսբուքյան հարցազրույց Հայաստանի երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։

 

-Սերգեյ, ի՞նչ է Երևանը Ձեզ համար:

 

Երևանն իմ տունն է, որքան էլ որ ծեծված չհնչի: Սա «վերջին հանգրվանն» է, ուր տանում են իմ բոլոր ճանապարհները: Ճիշտ է՝ աշխարհում բազում զարմանահրաշ ու աննկարագրելի վայրեր կան, որոնք, իհարկե, արժե այցելել, սակայն մեր քաղաքը ողողված է միայն իրեն բնորոշ ջերմ մթնոլորտով, որը միշտ կարոտում եմ օտարության մեջ: Ցավոք, հոգսաշատ առօրյա կյանքում երբեմն ժամանակ կամ գուցե ցանկություն անգամ չենք ունենում մի պահ կանգ առնելու և զգալու, թե որքան գեղեցկություն կա հարազատ մեր քաղաքում: 


- Ո՞րն է Երևանի Ձեր ամենասիրելի անկյունը։



-Դրանք շատ են՝ կախված նրանից, թե ինչպես եմ ցանկանում կազմակերպել ժամանցս: Բարեբախտաբար, այսօր մեր քաղաքը տալիս է ընտրության հնարավորություն՝ ակտիվ ակումբային կյանքով ապրողների համար նախատեսված վայրերից մինչև հանգիստ, միայնություն սիրող անձանց համար ստեղծված փոքրիկ սրճարաններ և այլն: 


-Սիրո՞ւմ եք «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը:



-Այո, սիրում եմ, և ոչ միայն այն պատճառով, որ նշվում է մեր դարավոր քաղաքի հիմնադրումը: Սա ևս մեկ առիթ է, որ միավորում է ժողովրդին, ընդ որում՝ միավորում ուրախ և ոչ օրհասական պահերի, ինչպես հաճախ եղել է մեր ամբողջ պատմության ընթացքում: Մեզանում պակասում են տոները, համընդհանուր ուրախությամբ լցվելու և կիսվելու հաճելի ավանդույթը: Այնպես որ պետք է, անխոս, հիշել և գնահատել պատմությունը, սակայն դրան զուգահեռ նոր հաղթանակների և տոնակատարությունների առիթներ ստեղծել:

Նույն շարքից