Հարցազրույց 

Երևանի ամեն անկյունի հետ կա հիշողություն և անչափ սեր.Նարեկ Մալյան

analitik.am

«Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ Ֆեյսբուքյան հարցազրույց ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի հետ։

-Նարեկ,ի՞նչ է Երևանը Ձեզ համար։


-Երևանն ինձ համար իմ մանկության Սիլաչի թաղամասի մեր բակն է՝ իր բակային ավանդույթներով, աղջիկների համար մշտապես մղվող տղայական կռիվներով ու իսկական երևանցուն հատուկ ընկերական կոդեքսով։ Երևանն իմ սերունդի մոտ տպավորվել է բնակարաններում տեղադրված վառարաններով ու դատարկ, ձյան մեջ կորած փողոցներով։Իսկ հիմա արդեն՝ լուսավոր, ջերմ փողոցներով ու քաղաքում զբոսնող անհոգ ջահելությամբ։ 

-Ո՞րն է Երևանի Ձեր ամենասիրելի անկյունը։ 


- Քաղաքի իմ ամենասիրելի անկյուններից է Մանկական երկաթուղուն հարակից Զանգվի ափը, որտեղ ինձ ամեն կիրակի տատիկս տանում էր խաղալու։ Չարենցի դպրոցը, Ամիրյան-Մաշտոց խաչմերուկի վրա գտնվող քաղաքի առաջին ղարսի խորովածանոցը, Կիրովի այգին՝ սեղանի թենիսի տիրակալ լուսահոգի Քնարի կերպարով, որտեղ գնում էինք դասից փախչելով, որպեսզի մեր սիրած աղջիկներին սեր բացատրվեինք։ Ամեն անկյունի հետ կա հիշողություն և անչափ սեր…

-Սիրո՞ւմ եք «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը։ 


-Երևանիս ծնունդը, իհարկե, շատ եմ սիրում։ Տոնական տրամադրությունս ամբողջանում է, երբ հրապարակում հնչում է Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը»։

Նույն շարքից