Դոլարի գինը շարունակում է բարձրանալ, բացասական ազդեցություն թողնելով հայաստանյան շուկայի վրա: Ինչի՞ հետ է կապված դրամի արժեզրկումը և ի՞նչ է սպասվում վաղը: Այս և այլ հարցերի շուրջ իր կանխատեսումներով Analitik.am-ի հետ իր մտահոգություններն է կիսում տնտեսագետ Զոյա Թադևոսյանը:
- Տիկի՛ն Թադևոսյան, ըստ Ձեզ, միայն դրամի արժեզրկմա՞մբ է պայմանավորված ապրանքային շուկայում նկատվող գնաճը, թե՞ առկա են նաև այլ հանգամանքներ:
- Եթե դասական տնտեսագիտական տեսանկյունից նայենք երևույթին, ապա ազգային արժույթի արժեզրկումը դրական երևույթ է այլ հավասար պայմաններում, որովհետև դա հնարավորություն է տալիս սպառողներին ուղղվել դեպի ներքին արտադրանքի սպառումը, և այդ պարագայում, ազգային արտադրության ապրանքները էժանանում են, իսկ ներմուծված ապրանքները թանկանում, ինչը հնարավորություն է տալիս մեր երկրին ավելի ինտենսիվ զարգացնելու ներքին արտադրությունը : Այդ դեպքում, եթե արտահանման հնարավորություն էլ կունենան, ապա կբարձրացնեն նաև արտահանման մրցունակությունը: Քանի որ հայկական շուկան մենաշնորհված է, ապա այստեղ տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք նորմալ շուկաներում չպետք է տեղի ունենա: Դա է պատճառը, որ շուկայի գները որոշում են ոչ թե առաջարկ-պահանջարկի ազդեցությամբ, այլ ներկրողների կամքով: Եվ քանի որ ներկրող ենք` դոլարը արժեվորվում է, և մենք պետք է հաշվի առնենք, որ չունենք սերտիֆիկացված ներքին արտադրություն, տնտեսություն, որ ցանկացած պահանջմունք բավարարող ապրանք կարող ենք արտադրել: Ուստի, հիմնականում, մեր սպառողը հակված է ավելի շատ օտարերկրյա ապրանքներ սպառելուն: Այդ պարագայում ներմուծողների համար շատ բարենպաստ է իրավիճակը, և նրանք, այդ դեպքում, ստիպված արդեն պետք է ներկրված ապրանքներն ավելի թանկ վաճառեն, դրանից հետո գնեն այնպիսի ապրանքներ, որոնք թանկացել են: Խոսքը օտարերկրա արժեքների մասին է` դոլարի, եվրոյի և այլն: Այսօր այդ գործընթացները և՛ բնական են, և՛ տրամաբանական: Հիմնական պատճառն այն է, որ մեր շուկան մանիպուլյացված է, եթե լիներ այնպիսի իրավիճակ, որ ներկրողները ավելի շատ լինեին, այդ դեպքում մրցակցությունն ավելի մեծ կլիներ` գոնե գնաճը այսքան արագ տեմպերով չէր զարգանա:
- Ըստ Ձեզ, ինչո՞վ կավարտվի երկրում հասունացող այս խուճապային իրավիճակը:
- Դա լավ իրավիճակ չէ, իրավիճակը ոչ միայն մեր տնտեսությունն է մուտք գործել, այլ նախկին ԽՍՀՄ երկրներում, նաև` Եվրոպայում: Այսօրվա իրավիճակը դարձյալ կվերածվի համաշխարհային ճգնաժամի, և ինչ- որ ժամանակ կկաշկանդի երկրների կառավարություններին իրենց որոշումները կայացնելիս: Կարծում եմ` յուրաքանչյուր տնտեսության ղեկավար վաղ, թե ուշ կհանգի ճիշտ եզրակացության և ճիշտ տնտեսական քաղաքականություն կվարի: Դա բարենպաստ է նաև հետագայում ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու համար, որովհետև այն հիմնական ապրանքները, որոնք որոշում են համաշխարհային մրցակցությունը, դա էներգետիկ ռեսուրսներն են, իսկ դրանց գները բավականին ընկան: Դա կնշանակի, որ ապագայում տեղի կունենա նաև գնանկում: Այնպես որ, թե երբ այս խուճապային իրավիճակը կանցնի, այդ ժամանակը ոչ ոք չի կարող կանխագուշակել: Ես կարծում եմ` նոր տարուց հետո այն կառավարելի կդարձնենք:
-Սակայն կարծիքներ կան, որ Նոր տարուց հետո ավելի է բարձրանալու դոլարի գինը:
- Ես արդեն ասել եմ` եթե մինչև նոր տարի, մեր արտարժույթային դոլարի պաշարները հնարավորություն կտան մեզ ինչ-որ չափով գնաճը և դրամի արժեզրկումը պահպանել ինչ-որ մակարդակի, ապա լավ է, բայց եթե դա տեղի ունենա հունվարից հետո, ապա դա հնարավոր չէ արդեն անել. Այն կլինի շատ մեծ հարված տնտեսությանը: Աղքատ պետությունները դրան շատ մեծ դժվարությամբ են դիմակայում. Օրինակ, Եվրոպայի կամ Ամերիկայի վրա դա էական ազդեցություն չի կարող ունենալ, նրանք շատ արագ կկողմնորոշվեն և օգտվելով ազգային տնտեսության հնարավորություններից` շուկա դուրս բերելով ավելի մրցունակ ապրանքներ, և դրանց արտահանումը կխթանի տնտեսությանը և իրավիճակն արագ կկարգավորվի: Մերը այլ է, քանի որ մենք չունենք ազգային ռեսուրսներն օգտագործելու հնարավորություններ` տնտեսությունն ամբողջովին քայքայված է, արդյունաբերություն չկա, գյուղատնտեսությունը ամբողջովին գտնվում է անուշադրության մեջ և անտեսված է, և ոչ ոք չի հասկանում, որ
դա ամենակարևոր ոլորտն է:
- Տիկի՛ն Թադևոսյան, որպես տնտեսագետ, ի՞նչ եք կարծում, կառավարություն ի՞նչ պետք է անի` կանխելու գնաճը:
- Կառավարությունը պետք է հրաժարական տա, որովհետև նրա բոլոր նախաձեռնությունները տապալվում են: Երբ որ բյուջե են հաստատում, նրանք սահմանում են նաև դոլարի գինը, իսկ այսօր ստացվում է մենք խաբվեցինք, դրա համար էլ այս վիճակն է: Իրենց խոստումները նրանք չեն կատարել: Մեկը կասի` իրենք ի՞նչ մեղավոր են, որ սա տեղի ունեցավ. մեղավոր են, որովհետև բյուջետային պաշարները թալանել են, մեղավոր են, որ այս թալանված արտարժույթային պայմաններում չեն կարողանում դիմակայել այսպիսի ցնցումներին: Հետևաբար, նրանք պարտավոր են հրաժարական տալ: Բավակա՛ն է այս ժողովրդին հասցնել այսպիսի ծայրահեղ ծանր վիճակի:
Հասմիկ Մովսիսյան