Բեմական անունով հայտնի Եվա Ռիվասը, իսկ իրականում Վալերիան, ով սկսել է երգել մանկուց, ի սկզբանե շատ հաջողություններ է ձեռք բերել: Նա հանդես է եկել ինչպես համույթներում, այնպես էլ որպես մեներգչուհի, Ռուսաստանում եղել է պրոֆեսիոնալ մոդել, ավարտել է Մոսկվայի միջազգային ու տնտեսական հարաբերությունների բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ միառժամանակ երգելով Ռուսաստանում, Հայաստանում ու այլ երկրներում:
analitik.am-ի հյուրն է Եվա Ռիվասը.
-Եվա, բավականին ժամանակ է, ինչ բնակվում եք Հայստանում, ինչպիսի՞ն է կյանքն այստեղ:
-Հարցը բարդ է, սովոր եմ ապրել մեծ քաղաքներում, իսկ Երեւանում բնակվում եմ միայն վերջին տարիներին: Այստեղ ամեն ինչ լավ է, քանի դեռ ունես աշխատանք: Եթե ժամանակս լեցուն չլինի, ապա առաջանում է ձանձրույթի զգացողություն, ու ես անելու բան չեմ ունենա: Չեմ պատկերացնում՝ ինչո՞վ կարելի է զբաղվել այստեղ, բացի աշխատանքից: Հիմա օրերս լի են, ըմբոշխնում եմ հայրենիքում գտնվելու բավականությունը, իսկ երբ իրագործեմ իմ առջեւ դրված ծրագրերը՝ կմեկնեմ այստեղից, քանի որ ապրել աննպատակային, չեմ ցանկանում:
-Ունե՞ք կարգախոս, որն օգնում է ձեզ:
-Я сделаю все чтоб не сбиться с пути , я иду чтобы жить, я живу чтоб идти.
-Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին
-Ոչ միանշանակ. Ընդունում եմ միայն առողջ քննադատությունը: Երբ քննադատում կամ խորհուրդ է տալիս պրոֆեսիոնալը՝ միանշանակակ ընդունում եմ, իսկ երբ քննադատում են ոչ պրոֆեսիոնալները, լուրջ չեմ ընդունում, անտարբեր եմ… էությամբ բարի եմ, սիրում եմ ներդաշնակություն կյանքում ու անտեսում եմ շատերի կարծիքը: Մարդիկ, ովքեր շատ հաճախ փորձում են սեւացնել, բացասական երանգներ փնտրել իմ կյանքում,չար են, կամ միգուցե իրենց կյանքում չեն ունեցել ինքնադրսեւորվելու հնարավորություն ու իրենց անհաջողությունները փորձում են բարդել ուրիշների վրա. ուստի նրանց լուրջ չեմ ընդունում:
-Եվա, հավատո՞ւմ եք հրաշքներին ու ինչպիսի՞ սպասելիքներ ունեք Ձմեռ պապից
-Հավատոմ եմ հրաշքներին ու իմ կյանքի վերջին հրաշքը համարում եմ «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարը: Հաճախ ցանկություն է առաջանում նայել երկնքից ընկնող աստղին և երազանք պահել, ու ցանկալի է, որ այն իրականանա: Ձմեռ պապն ինձ համար, ինչպես երեւի բոլոր աղջիկների մոտ ,եղել է Հայրիկս: Չունեմ եղբայր, ամուսին, սիրած էակ, սակայն երազում եմ ունենալ երեխաներ ու ամուսին, առաջնահերթ՝ երեխա… ամուսին, ճիշտն ասած ,չեմ ուզում:
-Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք
-Այո՛, ես երջանիկ եմ… Իրականում կյանքը դաժան է, հարթ չէ ամեն բան, կան բազում դժվարություններ, սակայն ունեմ նպատակներ, ձգտում եմ իրականացնել այդ բոլորը, աշխատել ու հաղթել: Երջանիկ եմ, որովհետեւ հանրաճանաչ եմ, ուղղակի մի քիչ ֆինանս ու վերջ…
-Ձեր բնույթով անհանգի՞ստ եք
-Այո՛, անհանգիստ ու անհամբեր եմ, հոգու խորքում ունեմ հույզեր ու հաճախ զարմանում եմ, երբ դրանք բացակայում են:
-Երաժշտական կրթություն ունե՞ք
-Ցավոք՝ ոչ: Ամենախոցելի տեղս է, ցանկացել եմ, նույնիսկ փորձել, սակայն այնուհետեւ՝ թողել: Երազել եմ նվագել դաշնամուրով: Երգել եմ մանուկ հասակից, աշխատել մի շարք մասնագետների հետ, սակայն ինչպես ասում են՝ անհնար է ամեն ինչում լինել իդեալական:
-Եվա, ունե՞ք իդեալ, խորհրդանիշ:
-Իհարկե՛, Մայքլ Ջեքսոն, Քրիստինա Ագիլերա, Ուիթնի Հյուսթոն, Լարա Ֆաբիան…
-Ո՞ր ռեժիսորի հետ կուզենայիք համագործակցել
-Անկեղծ ասած, երազում եմ նկարահանվել ֆիլմում: Հաճույքով կմարմնավորեի «Ավատար 2» ֆիլմի հերոսուհուն, կփոխարինեի մուլատ դերասանուհուն իր կերպարում:Երբեք չեմ փորձել ինձ կինոյում , բայց երազել կարելի է…
-Որտե՞ղ կցանկանայիք բնակվել:
-Իմ երազանքների քաղաքը Լոս-Անջելոսն է, կբնակվեի նաեւ Մայամիում՝ ծովի ափին գտնվող փոքրիկ տնակում:
-Հավանու՞մ եք «Հայաստանի ձայն» նախագիծը:
-Անկեղծ՝ այո՛, սակայն գտնում եմ, որ մակարդակը բավականին ցածր է: -Պատճառը միգուցե, ֆինանսների անբավարարությունն է, բեմահարթակի փոքր չափերը: Իսկական շոու կազմակերպելու համար անհրաժեշտ են միջոցներ,համապատասխան աքսեսուարներ, հագուստների ընտրություն, սակայն մեր փոքրիկ երկրում նման միջոցառման իրականացումն արդեն իսկ դրական միտում է:
-Քաղաքականությամբ հետաքրքրվո՞ւմ եք:
-Աշխատում եմ հեռու մնալ քաղաքականությունից, ինձ չեմ պատկերացնում ասենք՝ Ազգային Ժողովում: Ես միայն երգել գիտեմ ու զբաղվում եմ իմ աշխատանքով, չեմ ընդունում արտիստներին, որոնք ներքաշվում են քաղաքական ինտրինգներին:
-Ինչպիսի՞ ծրագրեր ունի առաջիկայում Եվա Ռիվասը
-Առաջնահերթը «Ցեղասպանություն» նախագիծն է, որն ինձանից կպահանջի ֆինանսական ահռելի միջոցներ: Ես նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչպես կիրականացնեմ իմ ծրագրերը, սակայն ՝ հույսը վերջում է մեռնում: Նախատեսում եմ թողարկել սեփական երաժշտական ալբոմ, հանդես գալ մեներգային համերգներով:
-Ու՞մ հետ է աշխատում Եվա Ռիվասը
-Ներկա պահին չունեմ պրոդյուսեր, աշխատում են Հայաստանի հանրային լրատվական կենտրոնի հետ ու աննկարագրելի բավականություն եմ ստանում: Անձնակազմը պրոֆեսիոնալ է, աշխատանքը՝ հաճելի:
-Գոյություն ունե՞ն հանգամանքներ, որ խոչընդոտում են ձեր գործունեությանը:
-Այո՛, միայն ֆինանսական միջոցների բացակայությունը: Ունեմ ծրագրեր, որ առանց դրամական միջոցների անհնար է կյանքի կոչել:
-Փոփոխություններ ունե՞ք անձնական կյանքում:
-Ոչ, ներկա դրությամբ ցանկություն չկա փոփոխություն մտցնել անձնական կյանքում: Ունեմ բազում երկրպագուներ, որոնց չեմ տեսնում իմ կողքին: Նախընտրում եմ ուժեղ տղամարդկանց, որ կգերեն Եվա Ռիվասին, կհմայեն ու կսանձեն վերջապես:
-Հայկական շոու բիզնեսի ձեր նախընտրած արտիստն ո՞վ է:
-Երեւի միայն Սիրուշոն, ով գեղեցիկ, դաստիարակված, հաճելի աղջիկ է ու ում լսում եմ: Մյուսների հետ պահպանում եմ ընկերական ու բարի հարաբերություններ, մասնավորապես որպես մարդ գնահատում եմ Հայկոյին:
-Ի՞նչ բարեմաղթանքներ ունեք ձեր երկրպագուներին և analitik.am-ի ընթերցողներին Ամանորի կապակցությամբ:
-Զերծ կմնամ հաջողության, առողջության ու երջանկության շաբլոն բարմաղթանքներից, կցանկանամ միայն նոր փոփոխություններ, երբ կյանքը կդառնա ավելի իմաստալից ու հետաքրքիր, հրաշքներ, որ միապաղաղությանը կփոխարինի բազմաբովանդակալից կենսակերպը, որն էլ որոշակի ստիմուլ կհանդիսանա ապագայում նպատակների իրականացման ճանապարհին:
Հովիկ Պետրոսյան