Analitik.am-ը սկսում է ամանորյա բլից հարցազրույցների շարքը: Այդ առիթով մեր առաջին հյուրն է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Պարոն Հովհաննիսյան, երբ փոքր եք եղել, հավատացե՞լ եք Ամանորի հրաշքին ու Ձմեռ պապին:
- Այո, ինչպես բոլոր երեխաները, հավատացել եմ:
- Սիրո՞ւմ եք զարդարել տոնածառը:
- Անկեղծ ասած, շատ տարիներ չեմ արել այդ գործը` ելնելով զբաղվածությունից: Ես մոտավորապես վեց տարի Նոր տարին տանը չեմ նշել:
-Իսկ որտե՞ղ եք նշել…
- Դիրքերում, հետո հայրիկիս մոտ` գյուղում:
- Սովորության համաձայն, Ամանորին առաջինն ո՞ւմ եք հյուր գնում:
- Հայրիկիս, իսկ եթե հայրական տանն եմ լինում` հորաքրոջս:
- 2014-ի ամենամեծ անակնկալը ո՞րն է եղել:
- Անակնկալներ շատ են եղել, բայց ամենամեծը երևի հին ընկերներիցս մեկի «հայտնությունն» էր, ում մասին լուր չունեի մոտ 15 տարի:
- Խենթ ու խելառ արարքները հարի՞ր են Ձեզ: Կարո՞ղ եք հիշել նմանատիպ որևէ արարք:
- Այո, շատ, ու հատկապես մի քանի տարի առաջ: Ցավոք, այդ արարաքներիս զգալի մասը գաղտնիք է:
- Ի՞նչ եք երազում :
- Երազում եմ, որ ամեն մի հայ երազանք ունենա, իսկական երազանք, ոչ նյութական:
- Ի՞նչն է մտահոգում Ձեզ:
- Ինձ մտահոգում է մարդկանց անգաղափարական և նյութապաշտական մտածելակերպը, մարդկանց պակասող սերը իրական արժեքների նկատմամբ:
- Ինչի՞ համար եք ամենաշատը զղջացել:
- Ժամանակին մի քանի բան քիչ սովորելու, մի քանի գիրք քիչ կարդալու ու մի քանի այլ ձեռքբերումներ չանելու համար:
- Ամենառիսկային քայլը, որին դիմել եք...
- Ցավոք գաղտնիք է և ոչ անձնական:
- Ամենամեծ հաղթանակը, որ ունեցել եք...
- Ամենամեծ հաղթանակը սովորաբար մարդն իր հանդեպ է տանում, իր միջի ստրուկին, վախկոտին սպանելու համար: Իսկ ընդանրապես, իմ անձնական հաղթանակն եմ համարում նաև հայկական բանակի ամենօրյա հաղթանակը հակառակորդի նկատմամբ:
- Ամենամեծ կորուստը...
- Անձնական ամենամեծ կորուստը մայրիկիս կորուստն է, այս տարի մեր օդաչուների կորուստը, որոնցից մեկը ընկերս էր, մնացածը ոչինչ, վերականգնվող բաներ են:
- Պարտության զգացողություն ունեցե՞լ եք:
- Ամեն մարդ ունի նման բան, հատկապես ծանր է գաղափարական պարտությունը, որոնք սակայն ես միշտ ժամանակավոր եմ համարում:
- Ի՞նչն է հուսահատեցնում Ձեզ:
- Աներազանք մարդը, ով ապրելու իմաստ չի ունենում:
- Ձեր լսած տարվա ամենամեծ սուտը...
- Չեմ հիշում նման բան:
- Ի՞նչն է ամենից շատ ցավ պատճառել Ձեզ 2014-ին:
- Մեր զինվորների կորուստը բանակում:
- Լրատվամիջոցների գործունեության Ձեր գնահատականը:
- Գնալով ավելի լավ, սակայն դեռ կան շատ խնդիրներ:
- Ինչպիսի՞ն էր 2014 թվականը:
- Հաղթական ու հպարտ:
- Ինչպիսի՞ն կլինի Ձեր պատկերացմամբ 2015-ը:
- Կրկին հաղթանակներով, հաղթանակ հակառակորդի, հետո` մեր հանդեպ, որը կբերի նորանոր ձեռքբերումներ:
- Ի՞նչն է զարդարում Ամանորի սեղանը:
- Ընտանեկան միասնությունը, ժպիտը, խինդը, թող բոլոր օջախներում հարազատները միասին լինեն, օտարության մեջ գտնվողները գան, միանան իրենց ընտանիքներին:
- Ձեր ամենասիրած ամանորյա ուտեստը:
- Դա սիմվոլիկ է. Խաղողի թփով տոլման:
- Հայկական զորամասերում ինչպե՞ս են զինվորներն անցկացնելու Նոր տարին:
- Ուրախ, տոնական, բայց զգոն:
- Սովորաբար որքա՞ն գումար եք ծախսում ամանորյա սեղանի համար:
- Դժվարանում եմ ասել, քանի որ ամեն տարի դա փոփոխվում է, այս տարի երևի մոտ 200.000 ՀՀ դրամ:
- Ո՞րն է 2014 թվականի քաղաքական ամենամեծ կորուստը և քաղաքական ձեռքբերումը:
- Քաղաքական թեմաներով չեմ զբաղվում առհասարակ
- Կա՞ ընտանիք, որին, որպես ավանդույթ, օգնում եք այս օրերին (դա կարող է լինել անապահով ընտանիք կամ հասարակական որևէ կազմակերպություն, մանկատուն և այլն):
- Ավանդաբար` ոչ, սակայն ամեն տարի լինում են, ցավոք, այդ մարդիկ շատ են (հիմնականում սահմանամերձ գոտում կամ ազատամարտիկների մեջ):
- Ինչպիսի՞ մաղթանքներ կհղեք հայ զինվորին և analitik.am-ի ընթերցողներին:
- Խաղաղություն, կրթություն, աշխատասիրություն: Մենք ապրում ենք մեծ փոփոխությունների ժամանակաշրջանում, և հիմա, հատկապես երիտասարդությունը, շատ կրթված, աշխատասեր ու համառ պիտի լինի, որպեսզի կարողանա կառուցել իր երազած երկիրը: Ապագայի համար անմնացորդ երազողների ու աշխատողների ժամանակն է :
Հասմիկ Մովսիսյան