Հարցազրույց 

Երազել արդեն չեմ սիրում. ավելի շուտ նպատակ եմ դնում ու հասնում դրան. Ալինա Դերձյան

analitik.am

Իրականում մենք միշտ երջանիկ ենք, բայց զբաղված ենք սեփական դժբախտության ապացույցներ փնտրելով

 

Analitik.am-ի ամանորյա բլից հարցերին պատասխանում է աստղաբան Ալինա Դերձյանը:

 

 

- Տիկին Դերձյան, ի՞նչ են հուշում աստղերը, ի՞նչ է սպասվում մեզ 2015 թվականին:

 

 

-Մի փոքր տրամաբանող ու վերլուծող մարդն էլ կարող է պատկերացնել, որ անցնող բարդ տարվանից հետո, անգամ, եթե իդելական աստղային դիրք լիներ, միևնույն է,  ժամանակ ու ջանքեր են պահանջվելու, որ մի քիչ բարելավվի վիճակը: Ի տարբերություն 2014-ի, այս տարին շատ ծանր ցնցումներով հարուստ չի լինի: Եթե նախորդ տարում տհաճ երևույթները փուլային բնույթ ունեին, ապա այս տարի կլինի կայուն բարդություն: Սա պետք է փորձել ավելի հանգիստ տանել, քանի որ կհասցնենք «սովորել» լարվածությանը:  Տարվա ընթացքում հարկ  կլինի որոշ բաներ վերաիմաստավորել, այսպես ասած` կյանքի դեֆրագմենտացիա անել: Անցյալի դասերը գնահատելով` կարողանալ նորովի հայտնաբերել կյանքը, ավելի լուրջ արժեքներ գնահատել, այլ ոչ թե անցողիկ երևույթներով տարվել: Տարին ծանրորեն կրելու է նախորդի ազդեցությունը: 2014-ի պտուղները դեռ երկար պիտի քաղենք: Այս տարվա ընթացքում տեղի ունենալիք որոշ դեպքեր ծանր կթվան, բայց հետևանքները կարճատև, այսինքն մեծ մասամբ, ինչ-որ կերպ լուծելի կլինեն: Տարին բոլորից պահանջելու է խիստ ուշադրություն առողջական հարցերի հետ կապված: Պետք է խուսափել ալկոհոլից, ծանր կերակուրներից: Աշխատեք ավելի ակտիվ կենսակերպ վարել, որ եղած առողջությունը պահպանեք:

 

- Կենդանակերպի ո՞ր նշանի համար է ավելի բարեհաջող գալիք տարին:

-Կարծում եմ, որ դա մի քիչ կատեգորիկ արտահայտություն է: Չկա հստակ բաժանում: Ամեն մեկին տրվում է իր բաժին դասն ու իր բաժին հաջողությունը: Ոչ մի ջանք անհետևանք չի անցնում: Ամեն մարդ իր ուժերի ներածին չափով թող փորձի քայլ անել: Դա անպայման իր արդյունքը կտա: Մի սահմանափակեք ձեզ: Անգամ շատ փոքրիկ հաջողությունն արդեն հաջողություն է, որին դուք հնարավոր է չհասնեք, եթե տեսնեք, որ ձեր նշանը չկա հաջողակների ցանկում: Շատերը չեն գնահատում իրենց ենթագիտակցության արժեքը: Կարդում են ինչ պատահի ու արդյունքում իրենք իրենց սահմանափակում, հետո էլ կյանքից բողոքում, ասում, թե բախտ չունեն:

 

 

- Տարին այծի տարի է. Ո՞րն է այծի վատ և լավ կողմերը, և ընդհանրապես, ի՞նչ է խորհրդանշում այծը:

-Ես կարծում եմ, որ այծի, կամ այլ կենդանու տարի երևույթը կարևորելը Նոր տարվա հետ  զուգահեռ` ճիշտ չէ: Իրականում, եթե այդքան հավատում են չինական աստղաբանությանը, պետք է նաև իմանան, որ այդ հաշվարկով տարին սկսում է շատ ավելի ուշ, կոնկրետ 2015-ին այծի տարին կսկսվի փետրվարի 19-ին: Այնպես որ, թող այծին ժամանակից շուտ չսպասեն: Իսկ եթե լուրջ, ասեմ, անձամբ ես արևմտյան աստղաբանությամբ եմ զբաղվում, որն իր հաշվարկներում հիմնվում է միայն  ծննդյան ստույգ տվյալների վրա: Պատկերացրեք, թե քանի հոգի է ծնվում մի տարվա, կամ համաստեղության որևէ նշանի ներքո: Բոլորին նույն ստանդարտով բնութագրելը չափազանց մեծ սխալ է: Պետք է ունենալ հստակ համոզվածություն, որ տվյալը ստույգ է, քանի որ անգամ չորս րոպեի սխալը կարող է մոտ մեկ տարվա  չափով անստույգ կանխատեսում տալ: Մասնագիտական կողմով չծանրաբեռնելու համար միայն ասեմ, որ ամեն մարդու ծննդյան պահը համարվում է այն վայրկյանը, երբ նա առաջին ինքնուրույն ճիչն է արձակում, այսինքն առաջին շնչառության պահը: Ինձ ասել, թե ինչ-որ մեկը ծնվել է Այծի տարում, նշանակում է ոչինչ չասել: Դա շատ ընդհանուր բնութագրում է: Նույնն  է, որ մարդուն ներկայացնելու համար ասեն, որ այս մեկը սովորել է համալսարանում, իսկ մյուսը` պոլիտեխնիկ ինստիտուտում: Շոուների համար այծ ու այլ կենդանիների սիմվոլներով զբաղվելը ամեն մեկի գործն է, անձամբ ես դրան միայն ժպիտով եմ վերաբերվում:

 

 

- Կարո՞ղ եք կանխատեսել` ֆինանսական լուրջ տատանումներ սպասվո՞ւմ են մեզ 2015-ում, և ինչպիսի՞ն է լինելու ժողովրդի սոցիալական վիճակը:


-Կարծում եմ, որ ֆինանսական առումով մի քիչ բարդ կլինի գարնան առաջին կեսը և աշնան վերջը: Իսկ սոցիալական վիճակի երևելի բարելավման մեծ հույսեր պետք չէ փայփայել:

 

 

- Ի՞նչ կանոններ պետք է պահպանել, որպեսզի տարին ավելի բարեհաջող լինի:

-Առաջինը` չհուսահատվել, քանի որ տարին հեշտ ու խաղաղներից չի լինելու: Երկրորդը` շատ մանրակրկիտ լինել ցանկացած հարցում, քանի որ այդ մանրուքներում կարող են լինել հետագայի մեծ պրոբլեմների սերմերը:

 

- Մեզանում տարածված` «բախտավոր աստղի տակ ես ծնվել» արտահայտությունն ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Բոլոր աստղերն էլ «բախտավոր» են, եթե մարդ կարողանում է իր ունեցած հնարավորություններն օգտագործել տեղին ու ժամանակին: Եթե հասկանում է, որ ինքն անհատականություն է, որը սեփական, հենց իրեն հատուկ տաղանդներն ունի, որոնք միայն արթնացնել է պետք:

 

- Մարդիկ Նոր տարվա գիշերը երազանք են պահում: Դուք նման սովորություն ունե՞ք:

-Սովորաբար Նոր տարվա օրերին բոլորս էլ ավելի սենտիմենտալ ու երազկոտ ենք դառնում: Բնական է, որ սկսում ենք ապագայից սպասել այն, ինչ կուզենայինք մեր կյանքում իրականացած տեսնել: Բայց ես երազել արդեն չեմ սիրում: Ավելի շատ նպատակ եմ դնում ու հասնում դրան: Այսինքն, ես չեմ նստելու տոնածառի տակ ու ցանկանամ հայտնվել օրինակ` Միջերկրականի ափին, այլ մտածելու եմ, թե ոնց կարողանամ գումար, ժամանակ և հնարավորություն գտնել դրա համար:

 

 

Շատերն առանձնահատուկ հավատով են լցված ամանորյա հրաշք գիշերվա նկատմամբ. Ինչ եք կարծում, իսկապե՞ս հավատը նպատակի իրագործման կարևորագույն շարժիչ ուժն է:

-Հավատ բառը կարելի է տարբեր իմաստներով դիտարկել: Եթե նկատի ունենք այն հավատը, որը ենթադրում է ծառի տակ նստած սպասել, որ հրեշտակը վերևից խնձոր կգցի ու մենք այդ օրն էլ յոլա կգնանք` ապա այդ հավատը «կառուցողական» չի: Ասում են` «Աստված օգնում է նրան, ով օգնում է ինքն իրեն»: Եթե որոշես, ոչ թե միայն հավատաս, որ կանես քայլը, ապա օգնություն հաստատ կստանաս, օգնություն կգա: Օգնողին ինչպես ուզում եք անվանեք` Աստված, Տիեզերք, Վերին բանականություն, Բնություն: Ձևակերպումից ոչինչ չի փոխվում: Կարևորը վստահությունն է, որ դու քայլ կանես, մնացածը` ուժ, գաղափարն իրականացնելու եղանակներ, գործիքներ, և այլն-ը կհայտնվի:

 

 

Ե՞րբ է հաջողությունը «թակում մեր դուռը»:


-Հաջողությունը «պարապ» չի, որ թակի ու դռների առաջ սպասի, նա մտնում է իր առաջ լայնորեն բացված դռնի : Իսկ բացելու գաղտնաբառն է` նպատակի հստակություն  + տրամաբանություն + քայլերի հետևողականություն + կամք + հավատ սեփական ուժերի հանդեպ + խլություն կասկածողների հետ շփվելիս:

 

- Հավատ, կամք, խելք թե՞ բախտ. Այս կատեգորիաներից որի վրա խորհուրդ կտաք «հենվել»:


-Մի տեսակ հանրագումար պիտի առաջարկեմ: Մարդ պետք է ունենա իր նպատակները, պատկերացնի, թե ինչի է ուզում հասնել, կանգ չառնի ճանապարհի կեսից, հենվի սեփական ուժերին, մի քիչ էլ հույսը դնի հաջողության վրա, որը երևի նկատի ունեք «բախտ» ասելով: Մնացած դեպքերում, նրան ոչինչ էլ չի օգնի: Եթե անգամ բախտի բերմամբ ինչ-որ նվեր էլ ստանա ճակատագրից, բայց այն պահպանել, դրան համեմատ ապրել չկարողանա, ապա այդ նվերը կարժեզրկվի, կնշանակի, որ նա ոչինչ էլ չունեցավ:

 

 

- Ըստ Ձեզ, սիրո հարցում 2015-ը ինչպիսի՞ն կլինի:

-Նախորդ տարում բաժանումները, կոնֆլիկտները, ապահարզանները շատ էին, այս տարի համեմատաբար ավելի քիչ կլինեն: Ամուսնանալու ցանկություն ունեցող, բայց անվստահ, տատանվողները կարող են վերջապես վճռել ու քայլ անել: Ավելին, նույնիսկ նրանք, ովքեր չեն էլ մտածել դրա մասին, տարվա ընթացքում կարող են հանկարծ հասկանալ, որ գտել են իրենց կեսին: Սպասենք ամռանը, ամենայն հավանականությամբ ,այն կջերմացնի սիրո բացակայությունից վաղուց սառած սրտերն անգամ :

 

- Ի՞նչն է խանգարում մարդկանց երջանիկ լինել:


-Երբ առաջին անգամ կարդացի Կոզմա Պրուտկովի արտահայտությունը.«Ուզում ես երջանիկ լինել` եղիր», զարմացա, հետո համարեցի կատակ, ուղղակի դրեցի մտքերիս դարակներից մեկում: Ժամանակի ընթացքում հասկացա, որ Պրուտկովը հանճարեղորեն ճիշտ էր: Իրականում մենք միշտ երջանիկ ենք, բայց չենք հասցնում դա նկատել, քանի որ կյանքի մեծ մասը զբաղվում ենք սեփական դժբախտության ապացույցներ փնտրելով ու դրա հետ կապված ինքներս մեզ խղճալով ու մյուսներին բողոքելով: Այնինչ մեր դժբախտությունը երջանկությունը չճանաչելու մեջ է: Երջանկություն է, երբ մարդ կարողանում է վայելել, գնահատել ու լեցուն ապրել սեփական կյանքը, սիրել ու սիրված լինել: Երջանկություն է, երբ երեխայի լույս հայացք ես տեսնում: Երջանկություն է, որ կաս, ապրում ես, շնչում, նշանակում է, դեռ հնարավորություն ունես ինչ-որ բան դեպի լավը փոխել:

 

- Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին և ` analitik.amն գալիք Նոր տարում:

 

-Լավատեսություն, կամք, ինքնահարգանք, հզորություն: Հայերս իրարով պիտի ուժեղ լինենք: Իրար չնեղացնենք, գնահատենք ու պահպանենք: Վատ վերաբերմունքը դրսից` վատ հարևանների կողմից արդեն ապահովված է, մեզ մնում է ամուր բռունցք դառնալ, որ կարողանանք դրականով դիմադրել նրանց: Այլապես, ներսից էլ իրար բզկտելով, մենք կհասնենք ոչմիտեղ:

 

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից