Analitik.am-ի ամանորյա բլից հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
- Տիկին Եսայան, Ձեզ համար Ամանորի տոնն ինչո՞վ է առանձնանում մյուս տոներից:
- Տոնածառով: Մյուս տոներին տոնածառ չենք զարդարում եւ չենք սպասում Ձմեռ Պապին, իսկ Նոր տարվա գալը հենց տոնածառն է ավետում։
- Ո՞ւմ օգնությամբ եք զարդարում տոնածառը:
- Մեր ընտանիքում տոնածառը զարդարում են երեխաներս, հիմա՝ նաեւ թոռնիկներս, սա շատ ուրախ արարողություն է դառնում, բոլորս անում ենք մի գործ, որը սիրում ենք , իսկ աշխատանքն ավարտելուց հետո, երբ վառում ենք տոնածառի լույսերը՝ առանց նախապես պայմանավորվելու էլ երգում ենք «Տոնածառ ջան, տոնածառ»-ը:
- Առաջին նվերն ո՞ւմ համար եք պատրաստում:
- Առաջին ու վերջին չկա, ես բոլորի նվերները միաժամանակ, նույն օրն եմ ընտրում եւ պատրաստում. դե, իսկ Ձմեռ պապն էլ իր հերթին մեզ չի նեղացնում:
- Ձեր սիրած ամանորյա ուտեստը, որը պատրաստելիս հաճույք եք զգում:
- Աղանձը՝ ձավարով եւ կանեփով, այ, դա ամենա հաճելի պահն :
- Ի՞նչ եք թողնում հին տարում:
- Հիշողություններ, ապրած կյանք, ուրախություններ եւ տխրություն, հաջողություններ եւ անհաջողություն, թողնում եմ հին տարվա ցավերը, քանի որ օրվա համար բավական է իր ցավը:
- Սովորաբար տխրո՞ւմ եք հին տարին ճանապարհելիս :
- Անշուշտ, մի ներքին կարոտ է ծնվում, մի անբացատրելի լարվածություն է առաջանում, անունը տխրություն չէի դնի, այդ զգացողության անունը՝ անորոշություն է հավանաբար, կամ՝ անհայտություն, մի քիչ թաց աչքերով եմ ճանապարհում, չէ որ դա իմ կամ՝ մեր կյանքի մի մասնիկն է, ամբողջ՝ 365 օր, ապրած հազարավոր ժամեր եւ միլիոնավոր րոպեներ:
- 2014-ում տխրությո՞ւնն էր շատ, թե՞ ուրախությունը:
- Երկուսն էլ կար, չեմ կշռել, չեմ չափել, բայց կյանքը ամեն ինչից էլ տալիս է, չի խնայում եւ չի ափսոսում:
- Ինչո՞վ եք ուզում նշանավորվի գալիք տարին:
- Նշանավորվի՞…ԼՂՀ հարցի խաղաղ լուծմամբ, խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, նոր երեխաների ծնունդով, Հայաստանի Հանրապետության ուժեղացմամբ, ամրապնդմամբ, իմ անավարտ գրքերի տպագրմամբ եւ այլն:
- Քաղաքականությունից խոսելո՞ւ եք Ամանորի սեղանի շուրջ:
- Ես տանը քաղաքականությունից չեմ խոսում, իսկ սեղանի շուրջ ինձ ծնողներս սովորեցրել են չշատախոսել, ընդունել եմ այդ խորհուրդը։ Ընդհանրապես՝ քաղաքականությունից ոչ թե պետք է խոսել, այլ՝ քաղաքականության մեջ պետք է ձգտել հաջողությունների, ինչը եւ փորձում եմ անել իմ աշխատանքային գործունեության ընթացքում։
- Ձեր մասին ո՞ր հրապարակումն է ամենից շատ նյարդայնացրել Ձեզ:
- Չի եղել եւ չի լինի նման հրապարակում, քանի որ ես ազատ խոսքի կողմնակից եմ, մարդիկ պիտի գրեն ինչ ուզում են եւ ինչպես ուզում են։ Եղել են հրապարակումներ, որոնք ծիծաղ են առաջացրել, ծիծաղել եմ եւ անցել, մտածելով, որ եթե ինձ դիմեին, ես իմ դեմ ավելի սուր բան կգրեի:
- Որևէ ակնկալիք ունե՞ք Նոր տարուց:
- Ակնկալիք շատ ունեմ, բայց եւ հասկանում եմ, որ իմ ցանկությունները, իմ սպասումները եւ իմ մտադրությունները ինձնից լավ ոչ ոք չի կարող իրականացնել, ուստի, ակնկալիքս անձամբ ինձնից է , ես ինքս ինձանից եմ ակնկալում առավել աշխատասիրություն, առավել ակտիվություն եւ առավել նպատակային ու արդյունավետ աշխատանք։
- Հավատո՞ւմ եք հրաշքներին և դրանց իրականացմանը:
- Անշուտ հավատում եմ, մարդու ծնունդը եւ կյանքը հրաշք են եւ իրականացած հրաշք։ Հավատում եմ եւ վստահ եմ՝ կատարվելու են նորանոր հրաշքներ, ականատես ենք լինելու նոր հրաշքների:
- Սովորաբար որքա՞ն գումար եք ծախսում ամանորյա գնումների համար:
- Ես վատ ծախսող եմ, եթե մոտս գումար կա, այդ երջանիկ փաստը տեւում է շատ կարճ, գրեթե՝ ակնթարթ, քանի որ ծախսում եմ առանց հաշվարկի, եւ անչափ, այդ պատճառով էլ ինձ մոտ համարյա երբեք գումար չի լինում։ Երեւի նաեւ սա է պատճառը, որ մեր ընտանիքում գումարը կառավարում է ամուսինս:
- Ո՞րն է 2014 թվականի քաղաքական ամենամեծ կորուստը և ձեռքբերումը:
- Կարծում եմ անցնող տարում մենք կորցրինք իրական «ընդդիմադիր ուժ» ասվածը, ցավոք, այսօր չունենք ընդդիմություն ոչ դասական եւ ոչ էլ՝ ընդհանրական իմաստով։ Ձեռքբերումներ եղան՝ մեր երկիրը անդամակցեց մի կառույցի, որը խոստանում է լինել օգտակար, տնտեսապես ապահով եւ այլն, եւ զուգահեռաբար, շարունակվում են մեր գործընկերային հարաբերությունները, համագործակցությունը ԵՄ-ի հետ, պատրաստվում է նոր պայմանագիր. սա ես համարում եմ շատ կարեւոր ձեռքբերում։ Մեզ հասկացան, մենք ընկալեի ենք Եվրոպայի համար եւ սա ինձ շատ է ուրախացնում։
- Կա՞ ընտանիք, որին, ավանդույթի կարգով, փորձում եք օգնել այս օրերին:
- Կա եւ ընտանիք, եւ հասարակական կազմակերպություն, բայց, եթե նկատել եք, ես այս կարգի բաների մասին չեմ խոսում , քանի որ երբ մի օգտակար բան ես անում, ցանկալի է, որ այն չդարձնես դրոշակ ու անընդհատ թափահարես։ Թույլ տվեք այս հարցին այսպես պատասխանեմ:
- Ի՞նչ եք մաղթում գալիք տարում հայ ժողովրդին և analitik.am-ի ընթերցողին:
- Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն, հավատ սեփական ուժերի, սեփական երկրի եւ պետության հանդեպ։ Մենք շարունակ մոռանում ենք, որ սեր տալով սեր ենք ստանում, ատելություն տալով՝ ատելություն, ուստի, յուրաքանչյուրը ստանում է այն, ինչ ինքն է տալիս ու տարածում։Մաղթում եմ, որ նոր տարվա հենց առաջին օրվանից սկսենք սեր եւ լավատեսություն տարածել, վստահեցնում եմ, կրկնապատկված ետ կստանանք։
Իսկ ձեր կայքին մաղթում եմ լավ հրապարակումներ, հետաքրքիր աշխատանք, սեփական գումարը վաստակելու հնարավորություն, եւ երկար տարիների լրագրողական գործունեություն։ Շնորհավոր Նոր տարի։
Զրուցեց` Հասմիկ Մովսիսյանը