ANALITIK.am-ի ամանորյա բլից հարցերին պատասխանում «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:
Պարոն Պապյան, ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաորախ Նոր տարին
- Ուրախ Նոր տարիներն ընդհանրապես մանկության տարիներին են լինում, երբ դեռ հրաշքի սպասում կա: Մեծ տարիքում երևի 1991-1992թթ. է ուրախ Նոր տարի եղել, երբ առաջին անգամ որպես անկախ երկիր էինք տոնում այն:
Ի՞նչ եք թողնում 2014-ում` ավելի շատ ուրախությո՞ւն, թե՞ տխրութուն:
-Անձնական կյանքում ավելի շատ ուրախություն, ազգային-պետական կյանքում ավելի շատ տխրություն:
Ի՞նչ կուզենայիք Ձեզ հետ տանել 2015 թվական:
- Հավատս մեր պետության ապագայի նկատմամբ:
Ամանորյա հոգսերը հաճո՞ւյք, թե՞ ձանձրույթ են պատճառում Ձեզ:
- Ավելի շատ ձանձրույթ են պատճառում:
Զղջացե՞լ եք 2014-ում. ինչի՞ համար:
-Զղջացել եմ, որ երկիրս արնաքամ է լինում արտագաղթով ու ես ոչինչ չեմ կարող անել:
Նվիրել եք սիրում, թե՞ ստանալ:
- Նվիրել եմ սիրում: Նվեր ստանալիս մի տեսակ անհարմար եմ զգում:
2014թ. ի՞նչն է Ձեզ ամենից շատ զարմացրել և զայրացրել
-Զարմացրել է ԵՏՄ անադամակցությունը նման պայմաններով և նման հանգամանքներում, զայրացրել է ԵՏՄ անդամակցումը առանց ժողովրդի կարծիքն հարցնելու:
Չկատարած խոստումը ո՞րն է եղել:
- Ինքս ինձ խոստացել էի փաստաթղթերի ևս մի քանի ժողովածու տպագրության պատրաստել: Ցավոք չհասցրեցի:
Լավագույն օրը…
- Օգոստոսի 15-ը:
Չիրականացած երազանքը, որ կփորձեք կյանքի կոչել 2015-ում:
-Երազում եմ Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվի իր ազգային շահերով:
Հավատում ե՞ք հրաշքներին:
- Հրաշքների, քաղաքական անսպասելի զարգացումների առումով, հավատում եմ:
Իսկ Ձմեռ պապի գոյությա՞նը…
- Ձմեռ պապիի գոյությանը դադարել եմ հավատալ:
ի՞նչ կցանկանայիք, որ նա բերեր Ձեր հարազատներին:
- Անձամբ ինձ համար բան չեմ ուզում: Զավակներիս ու մերձավորներիս առողջություն ու հաջողություն եմ ուզում, երկրիս` առաջընթաց և սեփական կարևորության ու շահի գիտակցում:
Հունվարի 1-ից դառնում ենք ԵՏՄ-ի անդամ. Խոսակցություններ կան, որՀայաստանի և ԼՂՀ-ի սահմանի միջև մաքսակետեր են դրվելու. Ի՞նչ եքկարծում, կյանքի կկոչվի՞ այդ գաղափարը:
-Իհարկե մաքսակետերը կդրվեն: Ստորագրված փաստաթղթերը դա են նախատեսում: Սկզբում ավելի մեղմ կգործեն, ապա կխստացնեն վերահսկումը:
Ըստ Ձեզ, տնտեսական ինչպիսի՞ տարի է սպասվում մեզ 2015-ում:
-Ծանր տարի է սպասվում: Նաև հավատում եմ, որ բեկումնային է լինելու, քանի որ հասնելու ենք անկման հատակին:
Սովորաբար որքա՞ն գումար եք ծախսում ամանորյա սեղանի համար:
-Երբեք ծախսելիս չեմ հաշվում և դա երջանկության բաղադրիչներից եմ համարում (երևի մի 500$ չափ ծախսվում է):
Սիրո՞ւմ եք, երբ սեղանը ճոխ է լինում:
- Ճոխ սեղանների հետևից չեմ ընկնում:
Ամանորյա ո՞ր ուտեստն եք համարում ավանդական :
-Միակ ավադական ուտեստը, որ պիտի լինի՝ թփով տոլման է:
Ո՞րն է 2014 թվականի քաղաքական ամենամեծ կորուստն ու քաղաքական ձեռքբերումը
-Քաղաքական ամենամեծ կորուստը ԵՏՄ անդամակցումն էր: Քաղաքական ձեռբերում ցավոք սրտի չեմ տեսնում:
Կա՞ ընտանիք, որին, որպես ավանդույթ, օգնում եք այս օրերին:
-Կոնկրետ մի ընտանիք կամ կազմակերպություն չկա:
ANALITIK.am-ի կազմակերպած ԱՍ մրցանակաբաշխությանը դուք ճանաչվեցիք տարվա լավագույն վերլուծաբան: Դա պարտավորեցնո՞ղ պարգու է, եւ առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում նման միջոցառումներին:
- Նման միջոցառումներով չէ, որ որոշում է մասնագետի մակարդակը: Այսուհանդերձ, նման պարգևը որոշակի հասարակական ճանաչման վկայությունն է: Ցնակացած պարգև պարտավորեցնող է:
Ի՞նչ եք մաղթում հայ ժողովրդին և ANALITIK.am-ի ընթերցողին:
- Հայ ժողովրդին մաղթում եմ կորով և համբերություն: Մեզ դեռ ծանր օրեր են սպասվում: Մաղթում եմ, որ ժողովուրդը ի վերջո դառնա սեփական ճակատագրի կերտողը: ANALITIK.am-ի ընթերցողը մեր ժողովրդի մի հատվածն է, հետևաբար մաղթում եմ նույնը: Ի հավելումն՝ մաղթում եմ, որ հնարավորություն ունենա ավելի լուրջ վերլուծություններ կարդալու:
Զրուցեց` Հասմիկ Մովսիսյանը