Ֆրանսիայից ստացվող լուրերը հուսադրող չեն: Ընդամենը երկու օր առաջ Ֆրանսիայի «Շարլի Հէպտո» (Charlie Hebdo) թերթի խմբագրատան վրա կատարված ահաբեկչությունը 12 հոգու կյանք խլեց. նրանցից տասը խմբագրության աշխատակիցներ էին, երկուսը` ոստիկաններ: Առ այսօր Ֆրանսիան «ցնցումների» մեջ է և փորձում դուրս գալ ստեղծված ծայրահեղ իրավիճակից: Analitik.am-ին տված հարցազրույցում, ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանը ներկայացնում է Ֆրանսիայում տեղի ունեցող վերջին թարմ իրադարձությունները:
Պարոն Ավագյան, կխնդրեի մի փոքր ներկայացնեիք ֆրանսիայում տեղի ունեցող դեպքերը. այս պահին քաղաքում ինչպիսի՞ն է վիճակը:
- Այս պահի դրությամբ վիճակը ծայրահեղ լարված է, քանի որ երկու տարբեր վայրերում պատանդներ կան և ահաբեկիչները միմյանց հետ կապ ունեն: Քիչ առաջ տեղեկացանք, որ հրեական խանութը գրաված ահաբեկիչներից մեկը պահանջում է խմբագրակազմին սպանդի ենթարկած եղբայրների ազատագրումը, որոնք ևս պատանդ են վերցրել:
Հավաստի՞ են այն լուրերը, թե պատանդների մեջ զոհեր էլ կան:
- Ինֆոները անընդհատ փոխվում են: Սկզբում հաղորդվեց երկու զոհերի մասին, սակայն չի հաստատվում սպանվածների մասին լուրը:
Ի՞նչ են պատրաստվում անել տեղի իշխանություններն ու ուժային կառույցները գլխավոր մեղավորներին «վերցնելու» համար:
- Այս պահի դրությամբ ուժեղացված են բոլոր պաշտպանողական միջոցները. բոլոր տուրիստական և կարևոր վայրերում ավտոմատավորներ են շրջում: Բանակը ևս պատրաստ է:
Վերջին տվյալներով, Ֆրանսիայի ոստիկանությունը ինը հոգու ձերբակալել է. Ովքե՞ր են նրանք և որքանո՞վ են առնչվում այդ սպանությունների հետ:
- Նրանք կապված են «Ալ Քաիդայի» հետ: Կուաչի եղբայրներից մեկը, որոնք սպանդ կազմակերպեցին, պատրաստվել է Յեմենում: Ձերբակալվել են եղբայրներից մեկի կինը, նրանց բարեկամները և հնարավոր մասնակիցները:
Նաև խոսակցություններ կան, որ ահաբեկիչները հատուկ ծառայությունների աշխատակիցներ են, որքանո՞վ են այս տեղեկությունները հավաստի:
- Ոչ, դրանք ընդամենը ահաբեկիչներ են, որոնք կա՛մ «Ալ Քաիդայի», կա՛մ Իսլամական պետության կողմից են ուղարկվել: Ֆրանսիայում 100-ից ավելի այդպիսի տարրեր կան, որոնք հետ են եկել Սիրիայից և ծրագրված, ամենայն հավանականությամբ, նպատակ ունեն սիրիական կռիվը տեղափոխել Եվրոպա, մասնավորապես Ֆրանսիա, որը ԱՄՆ-ի ամենամեծ դաշնակիցն է:
Հայտնաբերվե՞լ է ահաբեկիչների գտնվելու վայրը:
- Փարիզի պրեֆեկտը հայտարարում է՝ ահաբեկիչները հայտնաբերված են և ընթանում է նրանց չեզոքացնելու գործողություններ Դամարտեն քաղաքում: Կապը ահաբեկիչների հետ հաստատվել է։ Նրանք մտադրություն չունեն ողջ հանձնվելու: Ավելին, վերջիններս, որոնք գտնվում են Փարիզից 50 կմ հեռավորության վրա գտնվող տպարանի տարածքում, հայտարարել են, որ ուզում են նահատակի մահով մեռնել:
Որքան տեղյակ եմ, Ֆրանսիայում արգելված էր ծաղրանկարների տպագրությունը. իշխանությունները նույնպես բազմիցս զգուշացրել էին թերթին` զերծ մնալ նմանատիպ հրապարկումներից . Մի՞թե կարելի էր այդքան անհեռատես լինել, և , փաստորեն, այդպիսի ողբերգական վերջաբանի առաջ կանգնել...
- Ֆրանսիան ազատ խոսքի իրավունք ունեցող երկիր է: Այստեղ արգելված չեն ո՛չ խոսքը, ո՛չ ծաղրանկարները, և՛, առավել ևս, հումորը: Այո՛, օրենքը քրեական պատիժ է սահմանում վիրավորելու, հայհոյելու կամ ռասիստական արտահայտություններ և նմանատիպ այլ դրսևորումների դեպքում, և նման դատավարություններ հաճախակի են լինում, բայց ո՛չ խոսքի ազատությունը, ո՛չ հումորը, սահմանափակ չեն:
Ո՞րն է լինելու Ֆրանսիայի պատասխան-քայլը:
- Ֆրանսիան ամեն ջանք գործադրելու է, որպեսզի կանխի հնարավոր ցանկացած ահաբեկչություն: Ողջ Եվրոպան է պատրաստ պայքարել ահաբեկչությունների դեմ: Այսօր Ֆրանսիան և ողջ աշխարհն է ոտքի կանգնել, քանզի փորձ արվեց սպանել ազատության մի անբեկանելի մասը` խոսքի ազատությունն, որը ոչ մի դեպքում չի կարող սահմանափակվել:
Հարցազրույցը վարեց` Հասմիկ Մովսիսյանը