Հարցազրույց 

Մերոնք պետք է պահանջեն, ստանան, և հայկական կողմը պետք է գործը քննի. Իրավաբան

analitik.am-ի զրուցակիցն է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը:


- Պարոն Մեժլումյան, որպես իրավաբան,  իրավական ի՞նչ գնահատական կտաք Գյումրիում կատարված դեպքին: ՀՀ օրենսդրությանն հակասող քայլեր եղա՞ն այս օրերին:


- Նախ, եթե Հայաստանում անձի կյանքի իրավունքը ոտնահարվել է, պետությունը պարտավորություն է կրում Կոնվենցիայի 2-րդ հոդվածով ՝  մեղավորներին հայտնաբերել և պատժել: Ինչ վերաբերում է Գյումրի քաղաքի դեպքին, հացագործությունը կատարվել է ՀՀ տարածքում . Մեր սահմանադրական ուժով և քրեական օրենսգրքով ՀՀ  տարածքում կատարված հանցագործությունը պետք է քննվի Հայաստանում և, այս դեպքում, կիրառման ենթակա  օրենքները ՀՀ օրենքներն են: Դա պետության համար պարտականություն  է սահմանում՝  նման գործը քննել Հայաստանում, մեր օրենսդրությամբ: Այստեղ վերապահումը վերաբերում էր ՌԴ Սահմանադրության 61 հոդվածին, որի համաձայն, Ռուսաստանն իր քաղաքացիներին չի կարող հանձնել այլ պետության: Այդ սահմանադրությունը չի գործում նախ ՀՀ տարածքում. Երկրորդ՝  ռուսական ռազմաբազան, որը թեև գտնվում է Գյումրիում, դրա վերաբերյալ կա  որոշակի միջպետական համաձայնագիր , սակայն բազայի տարածքը նույնպես ՀՀ տարածքն է, այսինքն՝ մեղադրյալը գտնվում է ՀՀ տարածքում և ոչ թե ՌԴ տարածքում:


- Այդ համաձայնագիը խախտվե՞լ է այս օրերին :



- Նրանք ասում են, որ մեր սահմանադրությամբ չի եղել ոչ մի խախտում, մենք ասում ենք իրենց սահմանդրությունը գործում է ռուսական տարածքում: Այս տարածքը հայկական տարածք է, և այստեղ հայկական օրենքներն են գործում: Կարևորը՝ այդ մեղադրյալն այսօր չի գտնվում Ռուսաստանի տարածքում, թեև, այս բազայի ռուս իրավապահ մարմինները, եթե նրան բռնել են, ձերբակալել են, պետք է մեր իրավապահ մարմիններին հանձնեն, քանի որ նա Հայաստանի տարածքում է ձերբակալվել և գտնվում : Հետևաբար, իրենց սահմանադրությունը  չի կիրառվում այս տարածքում, քանի որ այդ անձը չի գտնվում Ռուսաստանի տարածքում:


Այս պարագայում, գոյություն ունի պայմանագիր, որտեղ կիրառվում են Հայաստանի օրենքները . Դրանցից են՝ եթե հանցագործություններ են կատարվել , ապա պետք է քննվեն հայկական օրենքներով, պատժի ենթարկեն և այլն , սակայն կան բացառություններ. Այդ բացառությունների մեջ կոնկրետ այս դեպքը չի մտնում, այդպիսի օրինակներից է, երբ ռուսական բազայի զինվորը կամ աշխատակիցը  տեղում է հանցագործություն կատարում և այլն: Եթե փորձում են այս դեպքը  նույնացնել այդպիսի հանցագործությունների հետ՝  մատնանշելով, թե  այդ զինվորը փախել է  բազայից կամ բազան լքել, ապա դա նույնպես ռուսական դատաիրավասության ներքո է  և չի խոչընդոտում, որպեսզի սպանության գործով վարույթ իրականացնի հայկական կողմը և գործը քննի հայկական դատարանը:



- Հանցագործին հայտնաբերել են ռուսական սահմանապահները և հանձնել ռազմաբազայի հրամանատարությանը : Արդյոք ճի՞շտ են վարվել  թե՞ պետք էր նրան հայ իրավապահների ձեռքը տային : Քրեական հետապնդման ենթակա չե՞ն այդ սահմանապահները:



- Դա իրենց զինվորն է, դրա համար հանձնել են իրենց բազային. Եթե իրենց մոտ քր. գործ է հարուցված, առավել ևս: Ես այստեղ հանցագործություն չեմ տեսնում: Ուրիշ բան է, թե ինչո՞ւ մերոնք չհայտնաբերեցին, թեև սրանք հարցի երկրորդ կողմն են…


Այսօր շատ է քննարկվում այն հարցը, թե ո՞ր դատարանը պետք է դատի հանցագործին, և բոլորն ուզում են, որ դատի մեր դատարանը: Եթե մարդիկ այդ հարցին նայում են այն  տեսանկյունից, որ մեր քաղաքացուն է սպանել, ապա պետք է  մեր դատարանը դատի, որպեսզի խիստ պատժի նրան, ես սխալ եմ համարում, որովհետև չեմ կարծում, որ ռուսական դատարանը պակաս խիստ դատավճիռ կկայացնի: Չի բացառվում՝  Ռուսաստանում նա ավելի վատ պայմաներում կլինի անազատության մեջ: Այնպես որ, իրավական տեսանկյունից և՛ մեր դատարանը և՛  նրանց դատարանը պետք է անաչառ գործը քննեն:



 Մյուս կողմից , սա ավելի շատ Հայաստանի ինքնիշխանության խնդիրն է: Այդ դեպքում, ես գտնում եմ, որ պետք է մեր դատարանը քննի  այս գործը, եթե  Հայաստանում  նման հանցագործություն է կատարվել, քննողը մենք պետք է լինենք, հակառակ դեպքում,  կարող է ստացվել՝ մի գիշերում մի հանցագործ  եկավ, կոտորեց մի  ամբողջ ընտանիք , և ամեն ինչ ավարտվեց նրանով, որ նրան հանձնեցին Ռուսաստանին և այդ տարածքից չեն հանձնում մեզ:  Երբ դիտում ես այդ տեսանկյունից, իսկապես, մտահոգվելու տեղ ունենք.  մերոնք պետք է պահանջեն, ստանան,  և հայկական կողմը պետք է գործը քննի, գոնե սպանության մասով:



 

Հարցազրույցը վարեց Հասմիկ Մովսիսյանը

 

Նույն շարքից