Հարցազրույց 

Հայկական կողմը պետք է ստիպի Ադրբեջանին իր սեփական կորուստների գնով դադարեցնել սադրանքները. Քաղաքագետ

 2015 թվականի սկիզբը շատ լարված էր հայ-ադրբեջանական շփման գծում գտնվող հայ զինվորի համար:  Այսօր, սահմանից ստացվող լուրերն  այնքան էլ հուսադրող չեն. յուրաքանչյուր օր՝  նոր դիվերսիա, նոր զոհ կամ վիրավոր:

 

Արդյոք ինչի՞  հետ է կապված հենց տարեսկզբից սահմանին տիրող այս  լարված իրավիճակը, Ադրբեջանի  կողմից նման ակտիվությունն ի՞նչ պատճառներ կարող է ունենալ,  կարելի՞ է արդյոք դա կապել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ : Այս և այլ հարցերի շուրջ analitik.am-ը  զրուցել  է քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:

 

 

- Պարոն Մինասյան, սահմանին՝  Ադրբեջանի կողմից աննախադեպ ոտնձգություններն ինչի՞ հետևանք են: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նրա այս պահվածքն ու  ակտիվությունն ի՞նչ է արդյոք նշանակում:

 

- Իմ կարծիքով, այստեղ մի քանի գործոն կա՝ սկսած այն իրադարձություններից, ինչ տեղի ունեցան Գյումրիում, ինչպես նաև հակառուսական ելույթները, որոնք,  կարծում եմ,  կարող էին այլ ձևով մեկնաբանվել և հասկացվել Բաքվում: Մյուս կողմից, բացի նշածս այս հանգամանքները, վերջին ամիսներին լարվածությունը շփման գծում, անկախ ամեն ինչից, պահպանվում է:  Չեմ բացառում նաև հունվարյան դեպքերը, որոնք  Ադրբեջանում միշտ բավականին նյարդայնորեն են նշվում: Չմոռանանք՝ նավթի  գների անկման հետ կապված, այնտեղ լարված է նաև  սոցիալ-տնտեսական իրավիճակը : Դա նույնպես կարող է պատճառ լինել, որ Ադրբեջանի աշխարհաքաղաքական ղեկավարությունը  հակված լինի պահպանել կամ ուժեղացնել լարվածությունը:

 

 

- Հայկական կողմը գրեթե ամեն օր զոհ կամ վիրավոր է  տալիս, ի՞նչ պետք է  անել՝  խուսափելու համար նման դեպքերից:

 

- Ես չեմ կարծում, որ կիսառազմական գործողություններ են տեղի ունենում սահմանի երկայնքով: Ընդհանրապես, հնարավոր է խուսափել որևէ նման դեպքերից: Այլ բան է, որ  հայկական կողմը պետք է փորձի ինչ-որ համապատասխան պտասխան-քայլեր անել, միգուցե այն իմաստով, որ ստիպի ադրբեջանական կողմին իր սեփական կորուստների գնով դադարեցնել այդ սադրանքները :

 

- Իսկ պաշտպանական  միջոցներ հնարավոր չէ՞ կիրառել:

 

- Տեղանքի դիրքերն այնպիսին են, որ  չափազանց դժվարեցնում  է պաշտպանական միջոցների դիմել. խրամատներ կան, բայց միևնույն է, դա լիովին չի բավարարում:

 

- Միջազգային հանրությունն ինչո՞ւ է լռում: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Ադրբեջանն իր գործողությունների պատշաճ գնահատականը չի ստանում:

 

- Եթե միջազգային հանրությունը այս կամ այն պատճառով թվում է,  թե չի ներգրավվում, լինի դա  Սիրիայում, Լիբիայում կամ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերն, որտեղ ամեն օր տասնյակ մարդիկ են զոհվում , ապա մեր պարագայում դա առավել քան հասկանալի է , որովհետև դժվար թե որևէ արձագանք  լինի նրանից, քանի դեռ չեն սկսվել լայնամասշտաբ և  ավելի ակտիվ գործողություններ Լեռնային Ղարաբաղում:

 

Հիշեցնենք՝ հունվարի 1-ից ադրբեջանական կողմը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրակում է զենքի տարբեր տեսակներով՝ այդ թվում՝ նռնականետերով և ականանետերով, ինչի արդյունքում հայկական կողմը ունի  զոհեր:

           

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից