Հարցազրույց 

Շատ հարցեր կան, որոնք կասկածների տեղիք են տալիս. Մեկնաբանում են իրավապաշտպանները

Գյումրու դեպքերի հետ կապված այսօր շատերի համար թիվ մեկ խնդիրը Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելն է և նրան ՀՀ քրեական օրենսգրքով դատելը: Իրականում ի՞նչ կտա դա Հայաստանին:

 

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ հայ հասարակությունը պետք է պահանջատեր լինի: «Եթե հանցագործությունը տեղի է ունեցել Հայաստանում , ապա պետք է տվյալ հանցագործով զբաղվեն հայ իրավապահները:Կատարվածը հանցագործություն էր Հայաստանի հանրության դեմ, ուստի պետք է արդարադատությունն իրականացնեն հայ իրավապահները: Հանրությունը պետք է հետևողական լինի բոլոր պահանջների նկատմամբ, պետք է անել ամեն ինչ ճշմարտությունը բացահայտելու , դրդապատճառները՝ թե ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել և այլն, համար»,-ասաց նա:

Հարցին՝ կարևո՞ր է, որ Պերմյակովին պարտադիր քննեն հայ իրավապահները և որքանո՞վ դա կօգնի գործին, զրուցակիցս ասաց. «Եթե նրան հանձնեն Հայաստանի Հանրապետությանը, ապա պետք է ամեն ինչ լինի օրենքի և սահմանադրության շրջանակում, իսկ փաստաբանը պետք է նշանակվի ՀՀ Փաստաբանների պալատի կողմից»:

Արդյոք ճի՞շտ արեց իրավապաշտպան Թամարա Յայլոյանը, երբ հրաժարվեց Պերմյակովի շահերը պաշտպանելուց, պարոն Զեյնալյանն ասաց, որ այս պահին ձեռնպահ է մնում որևէ մեկնաբանություն անելուց, հայտնելով, որ Թամարայի դեմ կարգապահական վարույթ է հարուցված և նրա որոշման վերաբերյալ գնահատականներ դեռ կտրվեն:

Եթե ընդունենք, որ Պերմյակովը հոգեպես ոչ ադեկվատ վիճակում է եղել կամ հոգեկան խնդիրներ ունի, նա իրավունք ո՞ւնի արդյոք զինվորական ծառայության անցնելու և այդ դեպքում ո՞ւմ վրա է ընկնում պատասխանատվության ծանրությունը:

Իրավապաշտպանի կարծիքով, եթե Պերմյակովը խնդիրներ ունի ու զորակոչվել է , ավելին՝ նրան մահաբեր զենք են վստահել, ապա նրանք, ովքեր նրան տվել են այդ իրավասությունը պետք է պատասխանատվության ենթարկվեն. «Արդյոք Ռուսաստանի Դաշնությունն է տվել այդ իրավասությունը, թե՞ Հայաստանի Հանրապետությունը, դա պետք է պարզվի»,- կարևորեց նա :

Ենթադրություններն այն մասին, թե հանցագործը չի գործել միայնակ, այլ նրա հետ հանցախումբ է եղել է, պարոն Զեյնալյանը հավանական համարեց :

«Իհարկե շատ բաներ կան, որոնք կասկածների տեղիք են տալիս. Օրինակ, ինչպե՞ս է նա մուտք գործել Ավետիսյանների տուն, ինչպե՞ս է աննկատ մնացել, ինչպե՞ս է միանձնյա այդքան սպանություններ գործել, ինչո՞ւ էր նրա մոտ եղել երեք բջջային հեռախոս և չի եղել որևէ սուր կտրող գործիք, ինչպե՞ս է, որ նրան այդ հեռախոսների միջոցով չեն կարողացել հայտնաբերել: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չկան»,-նկատեց իրավապաշտպանը:

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ հանցագործին հայ իրավապահներին հանձնելու հանրության պահանջը արդարացի է, և վերջինս պետք է դատվի Հայաստանում և հայկական օրենքներով: «Ռուսների արդարադատության վրա հույս դնել չարժի, վստահ եմ՝ այս գործը կոծկվելու է»,-նկատեց իրավաբանը:

 

Ինչ վերաբերում է Թամարա Յայլոյանի՝ պաշտպանի դերից հրաժարվելուն, պարոն Սիրունյանն ասաց. «Թամարան հրաժարվել է, թե ոչ, դա հարցի մյուս կողմն է, բայց խնդիրը նրանում է, որ մինչ օրս նա քննիչից ծանուցում չի ստացել, որ՝ համեցեք, ստանձնեք այդ պարտավորությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ գործը լիառժեքորեն բացահայտելու համար հարկավոր է հանցագործին հանձնել հայ իրավապահներին. «Գործը կբացահայտվի, եթե նրան տան մեր պատկան մարմիներին: Ես համոզված եմ՝ ոչ մի հայ իրավապահ իր խղճին դեմ չի գնա, բոլորն էլ շահագրգռված են գործը անաչառ բացահայտելուն»,-նշեց նա:

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից