«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ Գյումրու դեպքերի հետ կապված բազմաթիվ մութ հարցեր է տեսնում. «Պարզ չէ, թե ով է նրան դրդել այդ հանցանքին: Առողջ մտածելակերպով երբ դատում եմ , հասկանում եմ, որ ոճրագործությունը մեկ մարդու գործ չէ: Կասկածելի է, չկան ապացույցներ, որ Վալերի Պերմյակովը եղել է այդ տանը անձամբ. միայն նրա անձնական իրերն են դա փաստում: Եթե նա լքել է զորամասը, ապա ինչո՞ւ այս մասին զորամասում չի իմացվել: Պերմյակովին գտել են սահմանի մոտ, բայց ինչպես էր նա կարողացել բազայից հասնել սահման: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ ո՛չ հայկական, ո՛չ ռուսական կողմից չեն առաջադրվել սահմանն անցնելու մեղադրանքներ: Կասկածելի է նաև այն հանգամանքը, որ զինծառայողն իր դիմումի համաձայն էր դեկտեմբերին տեղափոխվել Հայաստան և հենց այդ բազա »,-ասաց տիկին Ալավերդյանը:
Նա մեկնաբանեց նաև սահմանին տիրող իրավիճակը. «Ադրբեջանը տասը տարուց ավել է նույն քաղաքականությունն է վարում. ամեն տարի նա ավելի է լարվածությունը սրում սահմանին: Այն, ինչ-որ տեղի է ունենում սահմանին, պատճառը Հայաստանի պահվածքն է, քանի որ մենք դեռևս որևէ համաչափ պատասխան չենք տվել Ադրբեջանի գործողություններին, միջազգային կառույցներն ու հանրությունը նույնպես չի արձագանքում: Պատճառն այն է, որ Հայաստանը միջազգային կառույցների մաս դեռևս չի կազմում և նրանց վերաբերմունքը, բնականաբար, այսպիսին պետք է լիներ…Ադրբեջանն իր այս պահվածքով փորձում է հասկացնել, որ հավատարիմ է Ցեղասպանության վերաբերյալ իր քաղաքականությանը, որ նա շարունակում է նույն՝ հայաթափման գործողությունները վարել: Դա է պատճառը, որ նա ոչ թե լայնածավալ պատերազմի է գնում, այլ ելուզակային»,-նշեց իրավապաշտպանը:
Նրա խոսքով, որպեսզի իրավիճակը փոխվի, մենք ռազմական , դիվանագիտական, խորհրդարանական միասնական ուժերով և տարբեր ուղղություններով Ադրբեջանի դեմ պայքարի նոր ռազմավարություն պետք է մշակենք և պետք է վերանայենք մեր գործողությունները:
Հասմիկ Մովսիսյան