Ինչպես հայտնում են շատ լրատվամիջոցներ ՝ Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի՝ բնակարան մուտք գործելու և հետագա քայլերն անելու հանգամանքները պարզելու համար, մի քանի օր շարունակ նրան տարել են դեպքի վայր՝ Ավետիսյանների տուն:
Ըստ տեղեկությունների, վերջին այցի ժամանակ մեղադրյալի ինքնազգացողությունը վատացել է և նա ուշաթափվել է: Ուշաթափվելու հանգամանքը տարբեր մարդիկ՝ վերլուծաբաններ և հոգեբաններ, տարբեր կերպ են մեկնաբանում: Շատերի կարծիքով, նա ուշաթափվել է, որովհետև դաժանորեն ծեծված է եղել և չի կարողացել կառավարել իրեն, որոշների կարծիքով՝ մարդասպանը ուշագնաց է եղել դեպքի վայրում, որովհետև վերապրել է կատարվածը:
Հոգեբան Աննա Բադալյանը՝ անդրադառնալով մեղադրյալի ուշագնաց լինելու հանգամանքին, analitik.am-ի հետ զրույցում երկու տարբերակ մատնանշեց.«Ես ի սկզբանե ասել եմ, որ նա թվացյալ կամ դրածո հնացագործ է. ապա՝ երկու տարբերակ եմ նշել. Նրա հետ ինչ-որ մեկը եղել է և ինքը չի մասնակցել տեղի ունեցած սպանությանը: Եվ արդյունքում այնպես է ստացվել, որ նա այսօր պատասխան է տալիս ուրիշի կատարած հանցագործության համար, ուրիշի փոխարեն: Գիտակցությունն ու պատկերացումն այդ ամենի մասին կարող էր ուշագնացության պատճառ լինել: Դրան գումարած՝ ժողովրդի ցասումը, նզովքը, անարգանքի սյունին գամելը, իրեն սպասվող պատիժն ու պատժամիջոցները…Սրանք շատ հնարավոր տարբերակներ են, որոնք կարող են այնպես ներազդած լինել, որ նա ուշաթափ լիներ: Սակայն, դա չի նշանակում, որ անպայման չարագործությունը ինքն է կատարել և դրա համար չդիմացավ: Գլխավոր հանացագործը նա է թե ոչ, դա դեռ վիճարկելի է և պարզ չէ…Բացի այդ, որպես հանացագործություն կատարած անձ, նա շատ թույլ է, նրա տեսակն է թույլ, ինչը նույնպես կարող է ուշաթափության պատճառ լինել»:
Հարցին՝ եթե Պերմյակովը կամքից թույլ անձնավորություն է , ապա հոգեբանորեն նա ընդունա՞կ է սպանություն գործելու, քանզի մարդասպանը, նախևառաջ, պետք է օժտված լինի ներքին ուժով, տիկին Բադալյանն ասաց, որ հնարավոր է. « Հոգեբանական տեսանկյունից դա կոչվում է իրավիճակային դրսևորում, սակայն , կրկնում եմ՝ եկեք հստակ չասենք, որ հենց ինքն է եղել»,-նշեց զրուցակիցս:
Հոգեբանի խոսքով, գոյություն ունի դատաքննչական, փորձագիտական վերլուծություն, որի արդյունքում մասնագիտացված խումբը հատուկ եղանակով և մեթոդներով բացահայտում է հանցագործի հոգեվիճակը, վարքը, մտքերը և գործունեությունը:
Հասմիկ Մովսիսյան