Հարցազրույց 

ԲՀԿ-ի կազմակերպած խորհրդաժողովը իմիտացիա էր. կարծիքներ

Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմակերպած ոչ իշխանական քաղաքական, հասարակական ուժերի խորհրդաժողովի ժամանակ ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթի վերաբերյալ analitik.am-ի հետ զրույցում կարծիքներ հայտնեցին Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Արշակ Սադոյան. «Գագիկ Ծառուկյանը ծրագրել  է Հայաստանում թողնել երկու քաղաքական ուժ՝ մնացածին կուլ տալ: Այդ ծրագրի շրջանակներում նախատեսված է, որ այդ ուժերից մեկը լինի ԲՀԿ-ն, մյուսը ՀՀԿ-ն: ԲՀԿ-ն իր ֆունկցիաները հետևողականորեն կատարում է, սակայն ինձ համար  շատ անհասկանալի է, թե ինչու են նրա ծրագրերին կուլ գնացել ՀԱԿ-ը, չնայած նրա այս ծրագիրը ժամանակին հասկացել էր ՀՅԴ-ն և հետ կանգնեց: Սպասում եմ, որ մոտ ժամանակներս «Ժառանգությունն» էլ մի կողմ կքաշվի և այդ պայմաններում, նամանավանդ Ծառուկյանը`  ինքն  է հայտարարում, որ ինքն  ընդդիմություն չէ, այլ այլընտրանք է: Այս պայմաններում, ընդամենը, այլընտրանքային կուսակցության խնդիրն է սրվում: Առավել ևս վատ եմ զգում մեր քաղաքական դաշտի կառուցվածքի տեսանկյունից.  այսպիսի հավաքների, միջոցառումների ժամանակ հայտարարություններ  անելուց ինչու՞ օրինակ ԲՀԿ-ն հստակ  չի պահանջում, արպեսզի Գյումրու ողբերգության գործով զբաղվի ոչ թե Մոսկվան, այլ Հայաստանը. Մոսկվան հնարավորություն տա, որպեսզի քննությունը հայ  իրավապահներն   անցկացնեն: Իմ կարծիքով, սա ընդամենը իմիտացիա է: Այդ խորհրդաժողովը նախօրոք մշակված ծրագրով փոխհամաձայնեցված միջոցառում էր երկու քաղաքական ուժերի միջև՝ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի:  Ընթացքում հնչեցված  ելույթներն ու հայտարարությունները զուտ գեղեցկության համար էր արված»:



Արամ Հարությունյան. «Երեկ կայացած խորհրդաժողովն աննախադեպ էր Հայաստանի քաղաքական պատմության մեջ: Ծառուկյանին հաջողվել էր ի մի բերել, իրար կողք նստեցնել հայաստանյան քաղաքական ուժերին, իհարկե, բացի իշխող ուժից: Խոսքն այն ուժերի մասին է, որոնք միևնույն մոտեցումն ունեն, բայց նախընտրում են համագործակցությունը եռյակի շրջանակներում: Ամբողջ խորհրդաժողովի ընթացքում կարմիր թելի պես անցնում էր իշխանափոխության ուրվականը: Ելույթ ունեցողները ելքը դրա մեջ էին տեսնում: Ծրագրային էր Գագիկ Ծառուկյանի ելույթը, նա խոսեց ամեն ինչի մասին»:


 

Արմեն Մարտիրոսյան. «Գագիկ Ծառուկյանի ելույթի համաձայն մենք հետագայում գործողություններ  կիրականացնենք. կլինի առաջնորդների հանդիպում, հետագա ռազմավարության, քայլերի մասին միասնական որոշում կընդունվի  և կգնանք առավել ակտիվ պայքարի»:

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից