Պատգամավորներից կազմված խումբն արդեն վերադարձել է Արցախից, ուր աշխատանքային այցով մեկնել էր փետրվարի 6-ին: Ի՞նչ առաքելություն ուներ այդ այցը, ի՞նչ քննարկվեց և ի՞նչ եզրակացության եկան վերջիններս ԼՂՀ իշխանությունների հետ:
Analitik.am-ը այդ կապակցությամբ զրուցեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի հետ, ով նույնպես գտնվում էր այդ պատվիրակության կազմում:
- Պարոն Խաչատրյան, ի՞նչ առաքելությամբ էիք մեկնել Արցախ:
- Առաքելությունը աշխատանքային էր, որի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ կարևորագույն հարցեր: Հանդիպեցինք ԼՂՀ ԱԺ նախագահի և պատգամավորների հետ: Մեր պատվիրակությանն ընդունեց նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, քննարկվեց նաև ԼՂՀ-ի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով լարվածության աճի հետևանքով ստեղծված իրավիճակը և այլն:
- Խոսվե՞ց Բերձորի դեպքերի մասին:
- Բնականաբար դրան էլ անդրադարձանք: Նախագահը հանգամանորեն ներկայացրեց մինչ միջադեպը ավտոերթի կազմակերպիչների հետ տեղի ուենցած հանդիպումների մանրամասները: Նշեց , որ նախապես եղել են հանդիպումներ նրանց հետ, հորդորել , որ չգնան Արցախ…ու թեև երթի մասնակիցները որևէ թույլտվություն չեն ունեցել, այնուամենայնիվ, ինչպես տեսանք, դա տեղի ունեցավ, հետևանքների մասին էլ տեղյակ եք: Այո, իհարկե, խոսվել է նաև միջադեպի և դրան առնչվող խնդիրների մասին:
- Ինչպիսի՞ն էր Բ. Սահակյանի վերաբերմունը Ղարաբաղի ոստիկանության կողմից իրականացված ծեծուջարդի առնչությամբ:Նա դատապարտում թե՞ արդարացնում է տեղի ունեցածը:
- Նախագահը մտահոգված էր և ցավում էր կատարվածի համար: Նա խորապես ափսոսում է, որ դեպքերը նման զարգացումներ ունեցան: Նա , իհարկե, դատապարտում է տեղի ունեցածը և ուժի կիրառումը անընդունելի համարում: Մենք ևս դատապարտում ենք, քանի որ նման միջադեպերը վտանգավոր են մեր երկու հանրապետությունների փոխհարաբերությունների համար:
-Այցելեցի՞ք ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտի: Ինչպիսի՞ն էր իրավիճակն այնտեղ:
- Արցախ այցելության երկրոդ օրը այցելեցինք ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծ, զրուցեցինք մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ՝ առջնագծում տիրող իրավիճակի շուրջ: Ինչպես առջնագիծ մեր յուրաքանչյուր այցելություն, այնպես էլ այս անգամ, համոզվեցինք, որ դիրքերում թևածում է զինվորի մարտական ոգին և սահմանի իրադրության տերը հենց նա է: Զինվորները ոգևորությամբ դիմավորեցին մեզ, պատմեցին իրենց սխրանքների մասին և խոստացան ավելի զգոն լինել: Ես վստահ եմ, որ մեր երկրի դարպասներն անառիկ են ի շնորհիվ մեր քաջազունների: Մասնակցեցինք նաև պաշտպանության բանակի շարքերը համալրած զինվորների երդման հանդիսավոր արարողությանը: Զորամասում հանդիպեցինք զորակոչիկների ծնողներին , ովքեր իրենց գոհունակությունն էին հայտնում զորամասի պայմաների վերաբերյալ և հպարտանում էին իրենց քաջ որդիներով:
-Ի՞նչ եք կարծում բերձորյան դեպքերը կարող են սեպ խրել հայ-ղարբաղյան հարաբերությունների մեջ:
-Չեմ կարծում. համենայնդեպս մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի չեզոքացվեն այդ դեպքերի հետ կապված բոլոր տհաճ հետևանքները:
Զրուցեց Հասմիկ Մովսիսյանը