Հարցազրույց 

ՀԱՊԿ ակադեմիան իր դռները կբացի այս սեպտեմբերից. Անդրանիկ Ավետիսյան. «Հայոց Աշխարհ»

analitik.am

«Հայոց Աշխարհ» օրաթերթի հարցերին պատասխանում է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ


-Պարոն Ավետիսյան, մամուլում շատէ շահարկվում ՀԱՊԿ ակադեմիայի հարցը: Նույնիսկ տեսակետներ են հնչում, թե այն չի կայանում, ավելին`չի գործելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ տեղեկությունները:


-Նման շահարկումները բացարձակապես անհիմն են, որովհետև ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են: Ակադեմիան իր դռները կբացի ընթացիկ տարվա սեպտեմբերին:


-Ինչպիսի՞ կրթական գործունեություն է ծավալելու ՀԱՊԿ ակադեմիան:


-Ակադեմիայի գործունեությունը նախատեսում է ուսումնակրթական գործընթացի իրագործում, որը բխում է ՀԱՊԿ կանոնադրական խնդիրներից և հիմնական նպատակներից: ՀԱՊԿ-ը նպատակ ունի Հայաստանի Հանրապետությունում ներդնել կրթական ամբողջական համակարգ բուհական, հետբուհական և վերապատրաստման ուղղություններով` խնդիր ունենալով կիրառել համաշխարհային ռազմաքաղաքական առաջադեմ փորձը, ժամանակակից նորարարական ծրագրերը` անվտանգության և պաշտպանության ոլորտում: ՀԱՊԿ ակադեմիան գիտակրթական և տեղեկատվական-վերլուծական միջազգային կենտրոն է եւ իրականացնելու է բարձրագույն ու հետբուհական ուսուցում ՀԱՊԿ կանոնադրական խնդիրներին առնչվող պետական մարմինների աշխատակիցների համար: Կազմակերպվելու են վերապատրաստման եւ որակավորման մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ վերաորակավորման կուրսեր եւ դասընթացներ: Ակադեմիան իրականացնելու է նաև բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրեր: Ակադեմիա կարող են ընդունվել միայն պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած անձինք և նրանց հավասարեցված դիմորդները: Վերապատրաստման, որակավորման եւ վերաորակավորման կարճատեւ դասընթացներին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ երկրների համապատասխան ոլորտների մասնագետները: Կազմակերպվելու են գիտահետազոտական և վերլուծական աշխատանքներ, ռազմաքաղաքական, անվտանգության, տեղեկատվական քաղաքականության, ռազմավարական կայունության պահպանման, արտակարգ իրավիճակների կանխարգելման, ժամանակակից ռազմավարական վերլուծության հարցերով: Ամփոփելով խոսքս ուզում եմ ընդգծել, որ ՀԱՊԿ ակադեմիայի գործունեությունը կարող է իր նպաստը բերել մեր երկրի անվտանգության էլ ավելի ամրապնդմանը և մեր երկրում կիրառելի դարձնել համաշխարհային ռազմաքաղաքական առաջադեմ փորձը:

Նույն շարքից