Հարցազրույց 

ԲՀԿ-ն շատ նման է ՓԲԸ-ի, որտեղ քաղաքական դերակատարներն ունեն իրենց մասնաբաժինները. Սուրեն Սուրենյանց

Analitik.am ներքաղաքական վերջին դեպքերի հետ  կապված զրուցեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ: 


Երկրում վերջին զարգացումները, ստեղծված խառնաշփոթը, մեկը մյուսի դեմ դուրս գալը, ի՞նչ եք կարծում ինչի՞ հետևանք էր և արդյոք այդ պատճառները շատ ավելի խորն են ու հին, ինչպես կարծում են շատ քաղաքագետներ և վերլուծաբաններ:

 

- Նախ` պատճառները իսկապես հին են: Ես ուզում եմ արձանագրել, որ դասական իմաստով պայքարի հետ նաև ներքաղաքական-քաղաքական պայքարի հետ գործ չունենք, այսինքն` խոսքը վերաբերում է համակարգի երկու բևեռների հակադրությանը: Ես երբեք չեմ համարել, որ Բարգավաճ Հայաստանը այդ համակարգից դուրս կուսակցություն է : Այն  ստեղծվել և գործել է համակարգի տրամաբանությամբ, հիմա համակարգը կանգնած է որոշակի ճգնաժամի առջև. Նախևառաջ չմոռանանք, որ 2017-18 թթ սպասվում է նոր ընտրական ցիկլ, որը բերելու է նոր իշխանության ձևավորման: Այս ամենը պետք է կապել հենց այդ խնդիրների հետ, այսինքն ՝ քանի որ մոտենում է նոր ընտրական ցիկլը, համակարգի մաս կազմող յուրաքանչյուր բևեռ փորձում է առավել շահեկան դիրքերով մոտենալ դրան: Սրանից էլ առաջացել են հակասությունները: Հենց սրա հետևանքով է, որ մենք ականատես ենք լինում այն հակադրությանը, որ հիմա տեսնում ենք:

 

«Տաշիր գրուպ»-ի  ՍամվելԿարապետյանը Սերժ Սարգսյանի գետ զրույցում ասել է, որ շատ հացերում մեղավոր է ոչ թե Ծառուկյանը, այլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Շատերը նույնիսկ համակարծիք են այս տեսակետին: Դո՞ւք ինչ եք կարծում:

- Նախ՝ Սամվել Կարպետյանը ինչ է ասել Սերժ Սարգսյանին՝ որևէ մեկը չի կարող արձանագրել, դա ընդամենը կայքերից մեկի տեղեկատվությունն էր, որի արժանահավատ լինելը ոչ մեկս չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել: Սա՝ մեկ: Երկրոդը՝ եթե նկատել եք, Գագիկ Ծառուկյանը սովորաբար հաշվի չի նստում եռյակի և մյուս գործընկերների հետ, նույնիսկ իր կուսացության ղեկավար մարմնի հետ հաշվի չի նստում և հաճախ, երբ նա Ս. Սարգսյանի հետ էր հանդիպում կամ այլ հանդիպումներ էր ունենում նույնիսկ իր կուսակիցներն էին ասում, որ տեղյակ չեն այդ հանդիպումից, հետո, իհարկե, դրանց փաստը հաստատվում էր: Այսինքն ՝ թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը և՛ թե Լևոն Տեր-Պետրոսյանը եռյակում մեծ դերակատարություն չունեն և մեծ իմաստով խաղի կանոն թելադրել չեն կարող:


Այստեղ հակադրությունը իսկապես համակարգի ներսում պետք է փնտրել: Այո՛, կան հակասություններ, և դրանք արհեստածին չեն, այո՛, դրանք տեսանելի են և տեսանք, որ բանը հասավ նույնիսկ անձնական մակարդակի փոխադարձ վիրավորանքների: Այդ ամենը կա, բայց դրանում փնտրել Տեր-Պետրոսյանի գործոնը, ճիշտն ասած , այնքան էլ լուրջ չեմ համարում, որովհետև կրկնում եմ՝ նույն եռյակի որոշումների կայացման գործում Լևոն Տեր-Պետրոսյանի դերակատարությունը շատ մոտ է մինիմալին:

 

Բնականաբար միամիտ չենք, բոլորս էլ այս երկրում ենք ապրում և բոլորս գիտենք , որ Հայաստանի նման երկրում իշխանությունը միշտ կարողանում է գործարարների վրա ազդել: Դրա համար էի ես միշտ պնդում, որ օլիգարխիկ բնույթի կուսակցությունը , անպիսին ինչպիսին ԲՀԿ-ն է, չի կարող իշխանափոխություն  իրականացնել, որովհետև այնտեղ հավաքված են մարդիկ, որոնց կապիտալը, բիզնեսը գործունեությունը սերտորեն առնչված է իշխանության հետ : Բնականաբար, ֆորս- մաժորային իրավիճակներում իշխանությունը միշտ կարող է ճնշում գործադրել որոշակի մարդկանց վրա:


Ես միշտ ասել եմ՝ ԲՀԿ-ն շատ նման է ՓԲԸ-ի, որտեղ քաղաքական կյանքի մի քանի առանցքային դերակատարներ ունեն իրենց մասնաբաժինները, բնականաբար ֆորս-մաժորային իրավիճակներում յուրաքանչյուր կենտրոն օգտագործելու էր իր լծակները այս կուսակցության դեմ:

 

Կանխատեսելի՞  էր  Սարգսյան-Ծառուկյան հանդիպման նման արդյունք:


Նման արդյունք սպասելի էր:Սա, ըստ էության, հին, ամբիցիոզ ԲՀԿ-ի կապիտուլյացիան էր: Իհարկե, ԲՀԿ-ն կպահպանի իր գոյությունը, բայց կարծում եմ շատ ավելի սահմանափակ ամբիցիաներով և այնպիսի կարգավիճակով, որ չի կարողանա խանգարել իշխանություններին, նրանց որևէ նախագծին:


Կարելի է ասել՝ կրքերը հանդարտվեցին. հիմա ի՞նչ կարելի է սպասել նրանից:

- Այս փուլում այո, կարծում եմ, թե՛ ԲՀԿ-ի, թե՛ պարոն Ծառուկյանի դերակատարությունը քաղաքական դաշտում շեշտակի կընկնեն: Ցավալին այն է, որ երկրում դարձյալ կբացակայի ինչ-որ ռեսուրսներ ունեցող ընդդիմությունը և, ըստ էության, կանաչ լույս վառվեց իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների համար:

 

Զրուցեց Հասմիկ Մովսիսյանը

Նույն շարքից