Հարցազրույց 

Մայրը չորս տարի չի համակերպվել այն փաստի հետ, որ չորրորդ երեխան տղա է

analitik.am

Երգահան Սասուն Պասկևիչյան

Մինչեւ չորս տարեկան դառնալը աղջկա հագուստ է կրել: Մայրը չորս տարի չի համակերպվել այն փաստի հետ, որ ընտանիքի չորրորդ երեխան տղա է: Սասուն Պասկևիչյանը տան փոքրն է եղել, նրան «Տաշտակերիկ» են ասել: Չար չէ, բայց աշխույժ երեխա էր: Դպրոցում չարաճճիություններ է կազմակերպել, բայց դրան զուգահեռ` տասը տարի գերազանց է սովորել ու դպրոցն ավարտել է մեդալով: 


- Երբ որ ծնողական ժողովներին մայրս գալիս էր՝ մի աչքը լաց էր լինում, մյուսը ծիծաղում էր:


Սասուն Պասկևիչյանենց ընտանիքը նահապետական էր` հայկական ավանդույթներով, բարքերով, քրիստոնեական սկզբունքներով:


-Մեր տանն իմ հայրը տերն էր, մայրս հնազանդն էր: Կատակով ասում եմ` մայրս զինվոր էր, հորս խոսքից չէր անցնում: Մենք էլ ժողովուրդն էինք, որ լավ պետության ղեկավարությամբ ապրում էինք:


Երգահանի մանկության գրեթե բոլոր հուշերը կապված են ծնողների հետ: Նրանց նվիրված բազմաթիվ երգեր ունի: Մայրը միակ մարդ է եղել, որին անվերապահորեն վստահել է բոլոր գաղտնիքները: Հայրն էլ իր օրինակով ու արարքներով է փորձել դաստիարակել որդուն:


-Հայրս ինձ կինո էր տարել՝ Մոսկվա կինոթատրոն եւ անձրև եկավ, նա ինձ դրեց իր վերակուի տակ, որ չթրջվեմ: Երեւի երեք տարեկան էի: Դա մնաց իմ հիշողության մեջ, որ հայրը պիտի պահպանի որդուն:


Չափազանց ինքնուրույն է եղել: Հոր հետ միշտ բախումների մեջ է ապրել, եղել են պահեր, որ զղջացել է, բայց, միևնույն է, արել է այն, ինչ ճիշտ է համարել Սասուն Պասկևիչյանը: Միացյալ Նահանգներ մեկնելուն էլ էր դեմ երգահանի հայրը: Բայց նա մեկնեց:


-Ամերիկա գնալուս սկզբունքորեն դեմ էր: Մեր տանը խաղաղ պատերազմներ էին գնում: Ես էլ մի անգամ ասացի` քեզ էլ կկանչեմ Ամերիկա, ասեց` իմ տան մի քարը քո Ամերիկայի հետ չեմ փոխի:


 Առաջին սիրո մասին խոսելիս այս պատկառելի տարիքում անգամ Սասուն Պասկևիչյանը շիկնեց: Թեեւ այդ մանկական տարիքում ապրածը սեր չի համարում, հրապուրանք կամ առավելագույնը սիրահարվածություն է` ըստ նրա, բայց չհիշել, միեւնույն է, չի կարող:


-Չորրորդ-հինգերորդ դասարան էինք, հավանաբար դա է եղել: Երբ որ ես արդեն վերջին դասարանում էի, սիրահարվեցի, մի աղջիկ կար, որի հետ չստացվեց, հավանաբար ես նրան դուր չէի գալիս, բայց ես նրան շատ էի սիրում:


Սասուն Պասկևիչյան ստեղծագործող-անհատն ապրում է մեր կողքին` ապրում է իր հետ մանկությունից բերած հուշերով ու հայացքներով: Նա գտել է ապրելու իր բանաձևը, արտահայտվելու իր լեզուն: 






Զանի Հարոյան



Analitik.am

Նույն շարքից