Մշակույթ 

«Ակօս»-ի անդրադարձն ԱՄՆ-ում ցուցադրվելիք գորգի մասին

«Սպիտակ տան պատվավոր անկյուններից մեկում ցուցադրվելիք այս գորգը մեր մասին է հիշեցնելու աշխարհի բարի կամեցող մարդկանց». այս խոսքերը 1925թ.-ի դեկտեմբերի 4-ին 15-ամյա Վարդուհի Գյուլեզյանն ասել է ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին, ով էլ ստացել է ձեռագործ գորգը:

 

 

Սպիտակ տունն անցյալ շաբաթ տեղեկացրել է, որ այն նոյեմբերի 18-23-ը ցուցադրության է հանվելու: Այդ հայտարարությունից հետո ոմանք հիստերիայի մեջ են ընկել՝ «ցեղասպանության գորգ» անվանումն ստացած նմուշի ցուցադրությունը «Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության հարցով պատմական քայլ» որակելով:

 

 

Նրանք պնդում են, թե Թուրքիայի դեմ Խաչակրաց արշավանք է պատրաստվում, գրում է «Ակօսն» իր անդրադարձում, որը ներկայացնում ենք ստորև.

 

 

«Նախ խոսենք նման պնդումների պատճառ դարձած գորգի իրական պատմության ու այսօր դրա ունեցած նշանակության մասին:

 

 

Հարյուր հազարավոր հայ որբերին ապաստան, սնունդ տրամադրած Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեն Բեյրութում էլ է մի որբանոց բացել: Երեխաների մեծանալուց հետո մասնագիտություն ունենալու անհրաժեշտությունը և հայերի՝ որպես գորգ գործելու համբավ ունեցող ազգ լինելը հաշվի առնելով որոշվել է աղջիկներին գորգագործություն ուսուցանել:

 

 

Որբանոցում պատրաստված բազմաթիվ գորգերից ամենահայտնին դարձել է 400 որբ աղջկա 10 ամսում, 4.404.206  հանգույցով պատրաստած 6 մ երկարությամբ և  3,5 մ լայնությամբ այս գորգը: Երախտագիտական մի նվեր՝ ամերիկացի ժողովրդի պատմության ամենամարդասեր անձանց ուղղված:

 

 

Նախագահ Քուլիջը 1929թ.-ին, իր պաշտոնավարման ավարտից հետո գորգը հետը տուն է տարել, սակայն նրա ընտանիքը 1982թ.-ին այն դարձյալ հանձնել է ամերիկացի ժողովրդին:

 

 

Այն ցուցադրության է հանվել երկու անգամ, և արդեն երկար տարիներ Սպիտակ տան՝ արևի լույս չտեսնող պահեստում է եղել:

 

 

 

Անցյալ տարի հայկական կառույցներն այն ցուցադրելու պահանջով դիմեցին Օբամայի վարչակազմին, բայց մերժում ստացան: Սակայն ավելի քան 30 կոնգրեսականի հետևողականության արդյունքում անցյալ շաբաթ «ռազմավարական հաղորդագրություն» տարածվեց, համաձայն որի երկու այլ «նվերների» հետ այն ցուցադրության կհանվի:

 

 

Օբամայի հետ լավ հարաբերություններով հայտնի խորհրդական Սյուզան Ռայսը հայտարարեց, թե Թուրքիայի հետ Ինջիրլիքի ռազմաբազան օգտագործելու վերաբերյալ համաձայնություն են կայացրել: Դա, սակայն, թուրքական կառավարությունը հերքեց:

 

 

 

Դրանից կարճ ժամանակ անց Սյուզան Ռայսի խոսնակն արդեն հայտարարեց գորգը ցուցադրելու որոշման մասին:

 

 

Նախ ասվեց, որ դա արվում է հայ և ամերիկացի ժողովուրդների հարաբերությունների զարգացման համար, իսկ ավելի ուշ դա բնութագրվեց որպես ԱՄՆ-ի օգնության դիմաց այլ ազգերի կողմից երախտիքի նշան, քանի որ այդ օգնության շնորհիվ ոչնչացումից փրկված այս մարդիկ և նրանց թոռները ձևավորել են այսօրվա Սփյուռքը:

 

 

Սակայն ադյո՞ք կարելի է դա Սփյուռքի հաղթանակ որակել: Ընդամենը 6 օր տևելիք այս ցուցադրության երկու այլ նվերների բնույթը ենթադրությունների տեղիք են տալիս:

 

 

Դրանցից առաջինը 1930թ.-ին նախագահ Հուվերին ֆրանսիական կառավարության նվիրած ծաղկամանն է՝ ի նշան Առաջին աշխարհամարտի տարիներին ստացած աջակցության, իսկ մյուսը 2010թ.-ին ճապոնացիների կողմից ցունամիից տուժածներին օգնելու համար նվերը:

 

 

Պատերազմի և բնական աղետի հետևանքով արված օգնություններն ու կանխամտածված տեղահանության և ցեղասպանության ենթարկված որբերին արված օգնությունը մի հարթության վրա դնելը պատահականություն չի կարող լինել:

 

 

Այս պատմության ամենախնդրահարույց կողմն աշխարհաքաղաքական մեսիջի վերածված այս գորգի իրական ողբերգությանն առերեսվել չցանկացող մի  երկրի  պատասխան արձագանքն է:

 

Եթե դրա փոխարեն այս գորգը ցուցադրվեր Թուրքիայում, և ապրիլի 23-ի ցավակցական ուղերձի հասցեատեր այս որբերի ստեղծած նմուշի շուրջ կառուցողական երկխոսություն սկսվեր, ավելի լավ չէ՞ր լինի: Այս գորգի պատմությունը Հալիդե Էդիփի՝ Բեյրութի որբանոցն այցելելուց հետո իր բարեկամ Ջավիթ բեյին գրած նամակում հիշատակած՝ մորը՝ սովից, իսկ հորը՝ աչքերի առաջ սպանվելով կորցրած 12-ամյա որբ աղջկան չի՞ հիշեցնում: Այս հողերի զավակ 400 աղջիկներն ու նրանց ցավալի հոգեվիճակով, աչքերի լույսի պես պատրաստված այս գորգը…»։

Նույն շարքից