Երիտասարդական ակումբների դաշնության «Թուրքերեն լեզվի ուսուցման» ակումբը եզակի հնարավորություն ընձեռեց դիտելու Դիարբեքիրի հայերի մասին պատմող «Սպասում» վավերագրական ֆիլմը: ԵԱԴ գրասենյակը վերածվել էր փոքրիկ կինոթատրոնի, որտեղ բոլորը համակ ուշադրությամբ դիտում էին ֆիլմը` փորձելով բաց չթողնել եւ ոչ մի ակնթարթ:
Ֆիլմը դիտելու էին եկել ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ` երիտասարդ թուրքագետներ, տնտեսագետներ, լեզվաբաններ: Ֆիլմի ցուցադրությունը կարեւոր էր ոչ միայն նրանով, որ Հայաստանում առաջին անգամ հնարավորություն տրվեց դիտելու այս ֆիլմը, այլ նաեւ եզակի շանս էր հանդիպելու, ծանոթանալու եւ հարցեր ուղղելու ֆիլմի` ազգությամբ քուրդ ռեժիսորին, ինչպես նաեւ հենց Դիարբեքիրի հայերին. հայեր, որոնք չնայած բոլոր դժվարություններին` շարունակել են պահպանել հայ ինքնությունը եւ բարձրաձայնել դրա մասին:
Ֆիլմի ավարտից հետո երիտասարդ ռեժիսորը` Ումուտ Բոզյըլը, պատմեց իր մասին, անդրադարձ կատարեց ֆիմի առանձին հատվածների եւ պատասխանեց հանդիսատեսի հարցերին: Գազիանթեպի (Այնթափ) համալսարանի ուսանող Ումուտը կիսվեց ֆիլմի նկարահանման հետ կապված դժվարությունների մասին` ավելացնելով, որ, անշուշտ, հեշտ չի եղել «Ցեղասպանություն» բառը պարունակող, հայ համայնքի խնդիրների մասին պատմող ֆիլմով ներկայանալ Թուրքիայի հանդիսատեսին: Ումուտը նաեւ ընդգծեց, որ ամեն անգամ ֆիլմի դիտումից հետո դահլիճում կատարյալ լռություն է տիրում: Ֆիլմը մարդկանց ստիպում է մտածել եւ բարձրաձայնել այնպիսի հարցերի մասին, որոնց մասին խոսելը տարիներ շարունակ Թուրքիայում արգելված է եղել: Երիտասարդ կինոռեժիսորի խոսքերով` ֆիլմի միջոցով իր եւ ողջ քուրդ ժողովրդի անունից հայ ազգից ներողություն է խնդրում:
Վերջին տարիներին վերանորոգված Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի գեթ մեկ անգամ այցելած ամեն մարդ գիտի Արմեն Դեմիրճյանին (հայկական անուն), ում համար եկեղեցին դարձել է երկրորդ տուն: Դիարբեքիրում հայկական մշակույթն ու երգը վառ պահող Ուդի Երվանդը (բեմական անուն) նույնպես ներկա էր միջոցառմանը: Կինոդիտմանը ներկա գտնվողները հնարավորություն ունեցան անձամբ ծանոթանալու նրանց հետ եւ լսելու նրանց պատմությունները:
Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախագահ Ատոմ Մխիթարյանն էլ ողջունելով նախաձեռնությունը` կարեւորեց ֆիլմի գոյությունն այն առումով, որ նախ Թուրքիայի հասարակությունը դիտելով ֆիլմը` իրազեկվելով կիմանա ճշմարտությունը իր կողքին ապրող հայերի մասին, եւ երկրորդ` հայ հասարակությունը կկարողանա հասցեական աջակցություն ցուցաբերել Թուրքիայի տարածքում ապրող հայերին` օգնելով վերադառնալ իրենց արմատներին: