Տնտեսություն 

Շփոթությո՞ւն, թե՝ իրականություն․ Ի՞նչ է կատարվում գազալցակայաններում

Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ վարչապետի պաշտոնակատար էր, նոյեմբերին Մարտունիում հանրահավաքի ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանում կա 380-390 գազալցակայան, որոնց 30 տոկոսը պատկանում է հայտնի մարդկանց։ Իշխանափոխությունից հետո այդ գազալցակայաններում գազի սպառման ծավալը կրկնապատկվել է․ «Երբ նորմալ հսկողություն է սահմանվել, այդտեղ գազի սպառման ծավալները կրկնապատկվել են։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա առնվազն հիմք է տալիս կասկածներ ունենալու, որ այդտեղ ժամանակին շատ խոշոր ստվեր է գոյություն ունեցել, և այսօր ՊԵԿ-ը զբաղվում է այդ հարցով, որպեսզի մենք պարզենք»։

Այդ խնդրի լուծման կապակցությամբ Կառավարության փետրվարի 15-ի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի մասին որոշման նախագիծը։

«Գազը պետք է վաճառվի քաշով, իսկ ակցիզային հարկը պետք է հաշվարկվի ծավալով։ Այս փոփոխությամբ այն ռիսկը, որ այսօր կարող է խտության որոշակի գործակից կիրառելով սպառողին հասցվող գազի ծավալը տարբերվել այն քաշից, որը ենթադրվում է, որ պետք է հասներ սպառողին, կդադարի գոյություն ունենալ»,- ասել էր նախարարը։

Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ արձագանքել էր, որ բազմաթիվ բողոքներ են ստանում մարդկանցից, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված կան տարբերություններ․ «Այդ տարբերությունը կապված է խտության հետ: Հիմա գազը լցնում են ըստ ճնշման: Այսինքն նույն քաշի գազը կարող է տարբեր ծավալներ ունենալ: Որպեսզի այս խնդիրը մենք լուծենք, ասում ենք, որ պետք է կիլոգրամով վաճառվի գազը սպառողին ու կգ-ով պետք է հարաբերությունները կարգավորվեն հարկային դաշտում»։

Մամուլում այսօր գրել են, որ երեկ վարորդներից ահազանգեր են ստացվել, որ Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասը, նոր ընդունված կարգի համաձայն, ապրիլի 1-ից անցել է բնական գազի կիլոգրամով վաճառքին: Դրա հետևանքով, սակայն, թանկացել է ավտոմեքենաների շահագործման հա­մար  նախատեսված սեղմված բնական գազը:

Սակայն ինչպես նշում է Երևանի ավագանու Լույս դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը․

«Բանն այն է, որ կայանում եղած բաշխիչ աշտարակների ցուցմունքների գումարը սովորաբար չի համապատասխանում ճնշակայան մտնող չափիչ սարքի ցուցմունքին: Վերջինս «ինչ-որ» գործոնով պայմանավորված ցույց է տալիս ավելի շատ, քան իրականում սպառել է տվյալ ճնշակայանը և կայանի սեփականատերը ստիպված իր հերթին թանկացնում է գազը: Արդյունքում նույն ծավալի գազը վարորդը ստանում է ավելի թանկ և բնականաբար դժգոհում, որ իրեն խաբել են»։

Խաժակյանի խոսքով, խնդիրը պետք է փնտրել ոչ թե գազալցակայանի ներսում` այլ վերջինիս ընդհանուր սպառումը ցույց տվող չափիչ սարքում, որը, ըստ իր տեղեկության տեղադրում կամ տրամադրում է Գազպրոմը։

Արտյոմ Առաքելյան

 

 

Նույն շարքից