Այվազովսկու աստվածատուր տաղանդի զարգացման և «կյանքի գործի» ընտրության հարցում կարևոր փուլ հանդիսացավ 1836թ. ամռանը Բալթյան նավատորմի նավերով կատարած նավարկությունը Ֆիննական ծոցում և Բալթիկ ծովում: Հյուսիսային լայնություններում կատարած երկամսյա նավարկությունը հարստացրեց, ընդլայնեց սկսնակ ծովանկարչի պատկերացումները ծովային փոփոխական տարերքի մասին: Այն ժամանակ նա քսան տարեկան էր, և բոլորը նավի վրա նրան դեռ Հովհաննես Այվազյան էին անվանում: Միայն չորս տարի անց նա կփոխի իր անվան գրությունը` ռուսական ականջի համար ավելի հեշտ ընկալելի` Իվան Այվազովսկի ձևով:
Բայց դա դեռ ոչինչ չի նշանակում. նա իրեն միշտ հայ է զգացել և դա ընդգծելու առիթը բաց չի թողել: Պետք է նշել, որ նախնական կրթությունը Հովհաննես Այվազովսկին ստացել է տեղի հայկական եկեղեցական դպրոցում: Ավելի ուշ, իհարկե, ուսումը շարունակել է Սիմֆերոպոլի գիմնազիայում, իսկ 1833-1837թթ.` Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: Էլ ավելի ուշ նա «կնվաճի» Ռոսլինի Միջերկրածովյան ափը...
Պետերբուրգում ուսանելու շրջանում նա գրեթե ամեն օր եղել է մայրաքաղաքի հայկական եկեղեցու ծխականների մեջ: Թեոդոսիա վերադառնալով` Գեղարվեստի ակադեմիայի 1837թ. լավագույն շրջանավարտը (ուսման մեջ գերազանց հաջողությունների համար ստացել է ոսկե մեդալ) 50-60 տարի շարունակ Ղրիմի հայ հասարակության հոգին է եղել: Իր հաշվին նա հայ համայնքի համար Հին Ղրիմում կառուցում է հայկական եկեղեցի, շատ հայկական եկեղեցիներ անհատույց զարդարում է իր կտավներով: Հայրենակիցներին օգնելու համար նկարիչը մեկ անգամ չէ, որ սեփական աշխատանքների ցուցահանդեսներ է կազմակերպում: Հայտնի է նաև նրա դիրքորոշումը հայրենակիցների վրա կաթոլիկության ազդեցության դեմ պայքարում, ինչպես նաև նրա կտակի (50 հազ. ռուբ. արժողության) մասին, որ թողել է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցուն և նրան կից դպրոցին:
Ճիշտ ժամանակն է նշելու, որ դեռևս շատ պատանի Հովհաննեսի հակումը ծովի նկատմամբ հենվում էր ոչ միայն հայրենի տան ծովին մոտ գտնվելու, այլ նաև Սև ծովի հատակի նման խոր ազգային ավանդույթների վրա. հայերը միշտ էլ հատուկ վերաբերմունք են ունեցել ջրի տարերքի հանդեպ, իսկ միջնադարում համարվել են ծովային մեծ ժողովուրդներից մեկը: Այն ժամանակ ապագա մեծ ծովանկարչի հայրենակիցները դեռ «սեփական ափ» ունեին և վարպետորեն օգտվում էին այդ հանգամանքից: Դա և´ Կիլիկյան նավահանգիստներն էին, և´ աշխույժ առևտուրը Ջենովայի ու Ֆլորենցիայի հետ, և´ հայկական նավերը, որ ակոսում էին Միջերկրականի անծայրածիր ջրերն ու Բիսկայան ծոցը: Արժե հիշել, որ Ղրիմի պատերազմի ժամանակ կովկասյան-սևծովյան ամրացված գծի հրամանատարը հմուտ կազմակերպիչ, արևելյան լեզուների գիտակ, դիվանագետ ու ռազմածովային, միևնույն ժամանակ` Նովոռոսիյսկի հիմնադիր, ծնունդով հայ Լազար Սերեբրյակովն էր:
Այվազովսկու բարեկամությունը ռուսական նավատորմի հետ չընդհատվեց նրա ողջ կյանքի ընթացքում: Ծովայինները նրան պատասխանում էին փոխադարձ անկեղծ սիրով: Մեկ անգամ չէ, որ նրանց հրավերով նա մասնակցել է ամենատարբեր նավարկությունների: Հատուկ նրա համար խաղաղ ժամանակներում կրակում էին նավի թնդանոթներից, որպեսզի նկարիչը կարողանա դիտել, թե ինչպես են ռումբերը ռիկոշետով թռչում ջրի հարթության վրա: 1846թ. Թեոդոսիայում նշելով իր ստեղծագործության տասնամյակը` Այվազովսկին որպես հոբելյանական ընծա ստացավ անսպասելիորեն Թեոդոսիա ժամանած ռազմական նավերի այցելությունը: Նավատորմիղի առաջատարը ռուսական նավատորմի դրոշակակիր «Տասներկու առաքյալներ» նավն էր, որ գլխավորում էր ծովակալ Կոռնիլովը: Նավերը ողջունում էին Գլխավոր ծովային շտաբի նկարչին: Ի դեպ, Այվազովսկին Ռուսաստանում կերպարվեստի առաջին վարպետն է, որ ստացել է «Գլխավոր ծովային շտաբի նկարիչ» կոչումը: Եվ ոչ միայն. ի նշան նրա վաստակի հանդեպ հարգանքի ` Իտալիայի Գեղարվեստի ակադեմիան, 1876թ. նրան իր անդամը ճանաչելով, պատվիրում է ինքնադիմանկար Ֆլորենցիայի Ուֆիցիի պատկերասրահի համար, որտեղ տեղակայվում են գեղանկարչության ամենանշանավոր վարպետների ինքնադիմանկարները:
Եվ այնուամենայնիվ, կյանքի ողջ ընթացքում նա իրեն հայ է զգացել: 1895-1896թթ. կոտորածներից փրկված հայերին օգնելու համար Այվազովսկին Օդեսայում կազմակերպում է ցուցահանդես: Ցուցահանդեսից ստացված 2000 ռուբլին հավասար կիսելով` ուղարկում է հայերին ու հույներին: Մի քանի օր անց հայրենակիցներին օգնելու համար Կոստանդնուպոլսի ռուսական հյուպատոսի հասցեով ուղարկում է ևս 3000 ֆրանկ: Չնայած այն բանին, որ այդպես էլ Հայրենիքում չի եղել, նրա ժառանգության մեջ քիչ չեն հայկական սյուժեներով նկարները. բնանկարներ, պատմական թեմաներով կտավներ` «Արարատ լեռան հովիտը», «Հայ ժողովրդի մկրտությունը», «Նոյն իջնում է Արարատից», «Հայերի կոտորածը Տրապիզոնում 1896թ.», «Կարսի գրավումը գիշերով»...
Այվազովսկին ծանր տարավ հայերի 1895-1896թթ. կոտորածը: Ծովանկարիչը ցասումնալի բողոք արտահայտեց սուլթան Աբդուլ Համիդի բարբարոսության դեմ: Ի նշան բողոքի` նա ծովը նետեց իր թուրքական շքանշանները և հայտարարեց թուրք հյուպատոսին. «Քո արյունարբու տիրոջտված շքանշանները ես ծովը նետեցի: Ահա և դրանց ժապավենները, ուղարկիր նրան: Եթեուզում է, թող նա էլ իմ նկարները ծովը նետի, ես չեմ ափսոսում..»: