Արշիլ Գորկու նկարները զարդարում են աշխարհի շատ մասնավոր պատկերասրահների և թանգարանների դահլիճներ: Եվ դա հասկանալի է. հեղինակը աբստրակտ էքսպրեսիոնիզմի ամերիկյան դպրոցի գլխավոր ներկայացուցիչն է: Նրա կտավների մեծ մասը, սակայն, մոխիր է: Ինչպես և այն ժողովրդի մեծ մասը, որի ներկայացուցիչն էր վարպետը:
Նա շատ էր սիրում օղակել մատները և իր նշանավոր «հեռադիտակը» տանել աչքերին. հենց այդ կերպ` սեփական հոգու օբյեկտիվի միջով էլ պետք է դիտել սուբյեկտիվ կտավները: Հատկապես խորիմաստ անվանումներ ունեցող նրա նկարները. «Լյարդը` որպես աքլորի կատար», «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը ծավալվում իմ ճակատագրում» կամ «Արտիճուկի թերթն իբրև բու»: Կտավներն, անխոս, հանրահայտ են, սյուռեալիզմի հիմնադիր Անդրե Բրետոնն անգամ փոխ է առնում նրանից սյուժեներ և անվանումներ, բայց, հավանաբար, ոչ առանց թերությունների: Մանավանդ, որ նրա «երկփողյա մեթոդը» թույլ է տալիս գտնել ավելորդը, ըստ էության, անկերպարանը, մանրամասները, որոնք ուղեկցում են անգամ ամենահամեստ արարումներին. «Չէ՞ որ դրանք ասես ես լինեմ,- կատակում էր վարպետը չարդարացված վրձնահարվածները գտնելու պահին:- Ավելորդ, ոչ մեկին պետք չեկող, փոքրիկ մանրամասներ»:
1948թ. հուլիսի 21-ը Քոնեքթիքութի նահանգում անամպ մի օր էր: Շոգ էր նաև Շերման քաղաքում: Այստեղ և այդ օրը նա որոշեց դավաճանել սովորությանը. օղակեց միայն մի ձեռքի մատները. ավտովթարից հետո աջը չէր աշխատում: «Սա արդեն հեռադիտակ չէ, ավելի շուտ` դիտախողովակ է կամ` ավելի ճիշտ աստղադիտակ»: Բայց վարպետը չէր պատրաստվում նոր օպտիկայի միջով նայել իր հին նկարներին. կտավներն այրվել էին, ուստի նրա ձախ ձեռքի տակ ուսումնասիրելու բան արդեն չկար: Միակ բանը, որ մնացել էր անելու 44-ամյա Արշիլ Գորկուն, իր աստղադիտակով հավերժական Երկնքին նայելն էր, Աստծուն գտնելու հույսով...
«Մայրիկ,- դիմեց խորգոմցի ութամյա տղան մորը,- Աստված կա՞»: Հարկ է նշել, որ Ադոյան տոհմից փոքրիկ Ոստանիկն աստվածացնում էր մոր կերպարը ոչ պակաս, քան ապագա ընդդիմախոս Սալվադոր Դալին` Անխռով Գալաթեային: Բայց ի տարբերություն «սեփական զարգացածության պոզերով անառակացող» Գալայի, Ոստանիկի մայրն աստվածավախ էր ու նաև գեղջկուհի. նման հարցերը նրան վախեցնում էին: Ինչպես ամռան երաշտը` հեթանոս հողագործին: Նա խաչակնքեց. «Աստծուց վախեցիր, ինչի՞ մասին ես հարցնում: Սազո՞ւմ է քեզ, Դրախտային երկրում ապրողին, կասկածել դրանում: Վանա ծովի ջրերն Արարչի պատկերն են արտացոլում»... Պաշտելի մոր պատասխանն այնքան էլ չգոհացրեց տղային, նա զրկված էր կայուն խոսելու շնորհից, դրա համար էլ միշտ նկարում էր, սակայն երբեմն, այնուամենայնիվ, նրան հաջողվում էր մի երկու նախադասություն արտաբերել: Եվ այդ ժամանակ հարցնում էր...
Աստված կա՞: Այս հարցը տասնամյա աշխարհազորային Ոստանիկին սկսեց տանջել անժամանակ. թուրք ասքյարները նոր կենտրոնացված հարձակում էին սկսել Խորգոմի դեմ, և գյուղի պաշտպանությունը պահող հայդուկ Մեսրոպը պատասխանի ժամանակ չուներ: Բացի այդ, ծեր մարտիկը հույսը միայն Աստծո վրա էր դրել, և այս իրավիճակում նրա գոյությանը կասկածելը ռազմավարական սխալ կլիներ: Ոստանիկն օգնում էր մեծերին ինչով կարողանում էր. բարիկադներ էր հասցնում հրացաններ, փամփուշտներ, հագուստ և մթերք: Բուրերի դեմ պատերազմում նրա նմաններին սկաուտ էին անվանում: Նա հաճախ էր մատերն օղակում աչքերի շուրջ, նայում իր «հեռադիտակով».
«Հազարավոր քայլեր հաղթահարեցին տասն օրվա ընթացքում Ոստանիկը, քույրերն ու մայրը, մինչև որ 1915թ. հունիսի 25-ին հասան Ռուսահայաստան: Ընկան Վանն ու Խորգոմը: Հարկադրված փախուստից առաջ մայրը հողում թաղում է ողջ ունեցվածքը ու կրկին խաչակնքում. «Տա Աստված, շուտ վերադառնանք»: Աղոթքը տղայի վրա երկակի տպավորություն է թողնում. նրա աչքերի առջև հառնում է հայդուկ Մեսրոպի յաթաղանով կիսված մարմինը, նրա հույսերն առ Աստված ապարդյուն էին...Թշնամին հարձակվում է ձախ թևից, հարյուր քայլի վրա է»:
Հայերի հոգևոր կենտրոնը` Էջմիածինը, ուր բիբլիական լեռնաշխարհով երկար դեգերումներից հետո հասավ Ոստանիկի ընտանիքը, նրան հենց այն վայրն էր թվում, որի պատմական կոչումն էր հենց` տալ նրա կյանքի գլխավոր հարցի պատասխանը: Սուրբ հողը, ուր, ըստ հայկական ավանդության, իջել էր Միածին Քրիստոսը, ավաղ, սրտաբաց չընդունեց փախստականներին. ահասարսուռ 1915-ին քաղաքը վրանաճամբար էր հիշեցնում. բրեզենտե վրաններն իրենց ծայրահեղ չքավորությամբ ստվերում էին Մայր տաճարի խաղերի փայլը: Տասնյակ հազարավոր տնազուրկներ աղերսում էին Բարձրյալին բարեգութ լինել: Սուրբ գրքի բորոտների ամբոխից հարություն առածները թափառում էին փոխոցներով` Փրկչին փնտրելով: Հայոց հավատքի գլխավոր գավթում մոլեգնում էր տիֆի համաճարակը: Էջմիածինն արդարացրեց տղայի ակնկալիքները. այստեղ հաստատ Աստված չկա...
1920թ. մարտի 1-ին ամերիկյան Էլիս Այլենդ նավահանգստում կառանեց մի նավ, որը հարյուրավոր փախստականների հետ բերել էր որբացած, տասնվեցամյա Արշիլ Գորկուն` նույն Ոստանիկ Ադոյանին, փոքր քրոջ` Վարդուշի հետ: Նրանք Էրիվանում բոլորովին վերջերս թաղել էին մորը (խեղճը մահկանացուն կնքել էր 39 տարեկանում, հյուծվելուց) և Թիֆլիսով ու Բաթումով մի կերպ հասել Կոստանդնուպոլիս, որտեղ նրանց սպասում էր նավը...
Անդրե Բրետոնի սյուռեալիզմը նույնպես կտրում-անցնում է Ատլանտիկան, բայց մի փոքր ավելի ուշ` 1930-ական թթ. երկրորդ կեսին: ԱՄՆ-ում նոր ուղղության գլխավոր ներկայացուցիչները` Ջորջիա Օ’Քիֆը և Փիթըր Բլյումը, 1936թ. Նյու Յորքում կազմակերպում են առաջին ցուցահանդեսը: Բայց հայ տարագիրն իր կտավները ցուցադրել դեռ չի ցանկանում: Նա իր «ես»-ի որոնումների մեջ է. հրապուրվում է Սեզանով, Պիկասոյով, Կանդինսկիով: Արդյունքում` ավելի հեռուն է գնում. սյուռեալիզմի սկզբունքները զարգացնելով դեպի էլ ավելի առարկայազուրկ լինելու ուղղությամբ` Արշիլը դառնում է աբստրակտ էքսպրեսիոնիզմի վարպետ: Ֆիգուրատիվից աբստրակցիայի անցումը հիացմունք է առաջացնում անգամ Բրետոնի մեջ. «Մանուկ ժամանակ ես հաճախ ստիպված եմ եղել հեռուն գնալ և անցումներ կատարել: Ինձ համար ոչ մի անցում սարսափելի չէ, անգամ եթե սյուռեալիստական է»,- խոստովանում է նա ֆրանսիացուն:
«Հավատո՞ւմ ես Աստծուն, Անդրե»,- մի առիթով հարցնում է Արշիլն ընկերոջը: Բրետոնը չի թաքցնում տարակուսանքը. «Դու` 20-րդ դարի ինտելեկտուալ հեղափոխության զավա՞կդ, պիտի հարցնես այդ մասին: Չէ՞ որ դու տեխնոլոգիական Պառնասի բարձունքում ես, և արդի աստվածների կերպարանքներն արտացոլված են քո կտավներում: Թե՞ ուզում ես ասել, որ քո աստվածներն ապրում են Հայաստանի լեռներում... Չգիտեմ` հավատո՞ւմ ես դու Աստծուն, բայց Աստված քեզ հաստատ հավատում է»:
Անդրե Բրետոնը երևի նման ցինիզմի իրավունք ուներ. այդ իրավունքը նա ձեռք էր բերել դեռ 1922թ. Փարիզում, երբ իր շուրջն էր խմբել ապագա սյուռեալիզմի կորիզը` Լուի Արագոն, Փոլ Էլյուար, Ֆիլիպ Սուպո, Ժան Արփ, Մաքս Էռնստ... Երկու տարի անց Բրետոնը գրում է «Առաջին մանիֆեստը», որով և հայտարարում է նոր ուղղության ծնունդը: Բայց այնուամենայնիվ, «Արշիլի երկփողյա մեթոդը հանճարեղ է, ինչպես և ինքը»:
Նա սիրում էր օղակել մատները և աչքերին տանել իր նշանավոր «հեռադիտակը». այդպես նա իր Հայաստանն էր փնտրում: Դուրս էր գալիս պատշգամբ և ժամերով նայում դեպի արևելք. «Ես անպայման կվերադառնամ Հայրենիք և կփառավորեմ այն»: Բայց հենց այսօր վարպետը որոշեց դավաճանել սովորությանը. օղակեց մի ձեռքի` ձախի մատները (ավտովթարից հետո աջը չէր աշխատում). նկարչի համար ճակատագրական վթարը տեղի էր ունեցել բոլորովին վերջերս: Դրանից առաջ հրդեհի ճարակ էր դարձել նրա նկարների մեծ մասը: Միակ բանը, որ մնացել էր անելու ամեն ինչ` ձեռքը, կտավները, բանականությունը կորցրած նկարչին, իր աստղադիտակի միջով դիտել հավերժական Երկինքը: Հույսով... 1948թ. հուլիսի 21-ին վարպետն, ի վերջո, տեսավ Աստծուն..