Նախալեռնային Ֆրանսիայի «կարստային» դեպարտամենտներում` Վոկլյուզներում և Վերին Ալպերում, ահա արդեն մի քանի հազարամյակ կարելի է հիրավի զարմանալի համայնապատկեր տեսնել. երկրի մակերես են դուրս գալիս բազմաթիվ ստորգետնյա գետեր, որոնք աչքի են ընկնում ջրի հզոր ելքով. հետագայում երկրագնդի այլ շրջաններում հայտնաբերված նման աղբյուրները գեոմորֆոլոգներն անվանեցին «վոկլյուզներ»...
Բայց միայն երկրային օրգանիզմի կնճռոտ մակերեսին հայտնվող առատ քրտինքը դիտելու համար չէ, որ այս հիասքանչ երկրամաս են այցելում զբոսաշրջիկները. կանաչության մեջ թաղված Մանոսկ փոքր քաղաքը նշանավոր է նաև ներքին էներգիայի արձակման մեկ այլ համայնապատկերով: Բայց դա արդեն մարդկային էներգիա է, որ տեղայնացվել է 600 քառ. մետրի վրա: Սակայն կրոմանյոնցու նախաստեղծ արվեստը չէ, որ այստեղ էր բերում օտարերկրացիներին. ժայռապատկերներ կարելի էր տեսնել նաև Լյասկոյի քարանձավում: Ֆրանսիայի՝ «Վաստակի համար» ազգային շքանշանի ասպետի, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամի, «Պատվո լեգեոնի» ասպետի, Իլ դը Ֆրանսի Գրան պրիի դափնեկրի, Հոլմարկի եռակի մրցանակակրի, ֆրանսիական կերպարվեստի դասական Ժան Գառզուի 9-րդ տասնամյակն էր գլորվում, երբ որոշեց խոստովանել սեփական փիլիսոփայության իրավասությունը...
Գեղանկարչության մեջ նա ասեղնաբույժ էր. ապաքինում էր անոթային շարանի վերջին պտույտին չհասած երփներանգ հոգիների կծիկները: Նրա կտավները մասրենու բույր ունեն, որ թփերով աճում է քարքարուտում` հաճախ ձևավորելով մացառուտներ: Դրանք շատ են լեռնային Հայաստանում. ընդ որում` դրա բազմապսակաթերթավոր տեսակներից առաջացան դեկորատիվ վարդերի բազմաթիվ տեսակներ, այդ թվում և հանրահայտ «թեյավարդը»: Նրա կտավներն ապագայի վարդի բույրն ունեն, բայց հիշողության մեջ մեխվում են հետահայաց փշերով. դասական ասեղնաբուժությո´ւն:
Նա ֆրանսիական գեղանկարչության դասական էր: Տասնութ տարեկանում ավարտելով ուսումը Փարիզի ճարտարապետական դպրոցում և մի շարք կից հաստատություններում` նա իր փիլիսոփայության ոստնակից հանդուգն ցատկ կատարեց ուղիղ արվեստի հակասական հոսանքների հորձանուտը: Քսանականների կեսերը Անդրե Բրետոնի նոր ծնվող սյուռեալիզմի և այլասերվող նախորդների միջև` Ջորջո դե Կիրիկոյի և «դադայի սկանդալային ստեղծագորության» միջև կատաղի, անզիջում պայքարի ժամանակաշրջան էին (փոխզիջումը գտնում է Սալվադոր Դալին. նա կարողանում է դադայականներից փոխ առնել սկանդալների և հրապարակային «հիմարությունների» մեծ ավանդույթները): Եվ այսքան թեժ մթնոլորտում ցուցահանդես կազմակերպելու գաղափարն, ինքնին, համարձակ քայլ էր. նախ` կարող էին չհասկանալ ինչպես հարկն է և պարզապես «ուղարկել գրողի ծոցը», երկրորդ` բոհեմական անարխիզմը «նեխած» (իմա` դասական) արվեստի ակնարկ անգամ թույլ չի տա, «Օ սան փաղել» պատկերասրահում սյուռեալիստների ցուցահանդեսը մեկն էր շատերից, որ հստակ պատկերացում էր տալիս նման ակցիաների անցկացման ձևի մասին. Բրետոնը, որն իբր լուսավորում էր ցուցահանդեսը, ժամանակ առ ժամանակ լուցկի էր վառում, Լուի Արագոնը մլավում էր, Ռիբմոն-Դեսենն անընդհատ բացականչում էր. «գլխին անձրև է կաթում», իսկ Սուպոն և Տրիստան Տցարան բռնոցի էին խաղում: Եվ այնուամենայնիվ, ասեղնաբույժին հաջողվեց չխեղդվել այդքան խոր արվեստի բուռն ջրապտույտում...
Հաջող ափ հասնելու պատճառը (գաղտնիքն այդպես էլ լուծել չկարողացան անբան-ավարաները), հավանաբար, նկարչի կենսագրության մեջ էր թաքնված: Սյուռեալիստների կողմից բարձր արվեստի կարգավիճակի հասցված աբսուրդը (ընդ որում` ոչ թե արվեստագիտական, այլ ամենաիսկական քաղաքական աբսուրդը) «անձամբ» հառնեց յոթնամյա տղայի բիբերի առջև հայրենի Հալեպում. այստեղ է, որ ծանոթանում է ենիչերիների «հրապարակային խժդժությունների» ավանդույթին և զգում է դասական աշխարհակարգի` բարբարոսական խավարի խժռած քաղաքակիրթ աշխարհի նեխածությունը: Տղան լուցկի կվառի` խավարի մեջ հայտնաբերելու իր նմանին, և կմլավի` «չմերկացվելու» համար: Այստեղ` բոսոր Եփրատի ափերին, նա կդառնա հրեշավոր բռնոցի խաղի ականատեսը. մինչև բուն գործին անցնելը թուրք զինվորներն այդպես էին զվարճանում հայուհիներով... Կարո՞ղ էր արդյոք փարիզյան մանր հակասությունների հորձանուտը կլանել այսպիսինին...
Միջերկրականի ափ հասած հայ տարագիրը Ֆրանսիային փշավարդ կառաջարկի, որից այդ երկիրը չի հրաժարվի: Քսանականների կեսերին նա կազմակերպում է մի քանի գեղարվեստական ակցիա, իսկ արդեն 1939-ին բացում է առաջին պաշտոնական ցուցահանդեսը: 32 տարեկանում Գառնիկ Զուլումյանն ընդունում է Ժան Գառզու հայտնի կեղծանունը:
Նկարչի ինքնատիպ ստեղծագործությունը նրա «ջրի երեսին մնալուց» պակաս չի զարմացնի աշխարհին. սա արդեն ինտելեկտուալ շուկայի շոկային թերապիան է: Նա նկարազարդում է նշանավոր գրողների և բանաստեղծների (Ալբեր Քամյու, Էռնեստ Հեմինգուեյ...) գրքերը, մշտական հաջողությամբ ձևավորում է Կոմեդի Ֆրանսեզի և այլ թատրոնների բեմականացումները, մշակում է «Ֆրանսիա» զբոսանավի սրահների դիզայնը... Ավելին, Գառզուի կտավները պատկերվում են Հինգերորդ Հանրապետության դրոշմանիշներին: Կարո՞ղ էր այս ամենի մասին երազել 1924-ին Միջերկրականի ափ հասած տարագիրը:
Բայց հայկական փշավարդի մասին նա երբեք չմոռացավ. փետրաձև տերևներով, կժակերպ, գոգավոր ծաղկակալով ու պտղով փշածածկ թփերի ընձյուղները նրա կտավներում աճում էին ասես փշոտ պատանի քարոտ հողից: Մարսելում նա որմնանկարում է Սուրբ Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև հայկական եկեղեցիները: Նշանավոր նկարիչն անընդհատ որոնումների մեջ է. զբաղվում է փորագրությամբ և ճենապակու զարդանկարմամբ: Որպես նկարազարդող աշխատում է Ֆրանսիայի գրեթե բոլոր գրողների հետ: Նրա կտավները ցուցադրված են աշխարհի ավելի քան 100 թանգարաններում: Եվ այնուամենայնիվ, 80 տարեկանում Գառզուն հետ շրջվեց...
Նախալեռնային Ֆրանսիայի «կարստային» դեպարտամենտում` Վոկլյուզներում և Վերին Ալպերում, ահա արդեն մի քանի հազարամյակ կարելի է տեսնել հիրավի զարմանալի համայնապատկեր. երկրի երես են դուրս գալիս իսկական ստորգետնյա գետեր: Եվ միայն կնճռոտ երկրակեղևին հայտնվող առատ քրտինքը տեսնելու համար չէ, որ այստեղ են գալիս զբոսաշրջիկները. կանաչության մեջ թաղված Մանոկսը հայտնի է նաև մեկ այլ աղբյուրով` Գառզուի փշաժայթքումով` տեղի մատուռի պատերին. դա ականավոր նկարչի ստեղծագործության ապոթեոզն է, Սիրիայի` 600 քառ. մ մակերեսի վրա տեղայնացված փշե կյանքի փիլիսոփայությունը, որը վերապրել է գիտակցությունը շամփրող Ցեղասպանությունը: Վարպետի հայտնությունն այդպես էլ կոչվում է` «Ապոկալիպսիս»: Աշխատանքը սկսել է 1984թ., նկարելու գործընթացը տևել է ութսունչորս ամիս, վերջին վրձնահարվածը Գառզուն արել է ութսունչորս տարեկանում: Սա անգամ միստիկա չէ, Հայտնությո´ւն է:
Հարյուր մեծ կտավ մեկ միասնական ստեղծագործություն են կազմում, որ պատկերում են Քրիստոսի և հակաքրիստոսի, Բարու և Չարի հավերժական պայքարը. եռագլուխ հրեշը յաթաղաններով միանգամայն կոնկրետ պատմական դեմքեր է ներկայացնում` երիտթուրքական կառավարության չարագույժ եռապետության գլխավորներին` Թալեաթին, Էնվերին և Ջեմալին:
Բայց գեղանկարիչը լավ էր հասկանում, որ փշոտ կենսագրության փիլիսոփայությունը չի կարող կենտրոնանալ միայն ազգային ճակատագրի շրջանակում. հրեշի կողքին, նույն գանգերի բուրգին, տեղ է գտել հիդրան` Հիտլերի, Ստալինի և Պոլ Պոտի կերպարներով. համակենտրոնացման ճամբարների և ԳՈւԼԱԳ-ի, Բարդուղիմեոսյան գիշերվա տարրերը, ատոմային էլեկտրակայանների ուրվագծերը միահյուսվում են կյանքի հանդեսում` Կանանց սրահում...
Գեղանկարչության մեջ նա ասեղնաբույժ էր. «քանդում» էր անոթային շարանի վերջին պտույտին չհասած երփներագ հոգիների կծիկները: Նրա կտավները մասուրի բույր ունեն, որ աճում է թփերով` քարքարոտ հողում: Գառզուն իններորդ տասնամյակն էր գլորում, երբ որոշեց խոստովանել սեփական փիլիսոփայության մասին... Վարպետին հաջողվեց փայլուն կերպով և ժամանակին իրականացնել դա` 2000թ. օգոստոսի 12-ին: Աստված ընդունեց Մարսակ-սյուղ-Լիլի առանձնատանը մեկուսացած ֆրանսիացի մեծ գեղանկարչի ինքնագիրը...