Հասարակություն 

Ինչո՞ւ ավագանու ինստիտուտը ՀՀ-ում չի գործում

Ըստ ՀՀ Սահմանադրության և ՏԻՄ օրենքի` ՀՀ-ում կառավարման ստորին օղակ է հանդիսանում համայնքը: Համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի միջոցով, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են 4 տարի ժամկետով: 

Իսկ ովքե՞ր են ընտրվում համայնքի ավագանու անդամ: Ըստ գործող օրենքի համայնքի ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած, 2 տարի տվյալ համայնքում մշտական գրանցում ունեցող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի: Այստեղից ակնհայտ է դառնում, որ համայնքի ավագանու համար կրթական որևէ ցենզ նախատեսված չէ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համայնքներում, հատկապես փոքր գյուղական համայնքներում ավագանու անդամ ընտրվում են մեծ բարեկամություն ունեցող մարդիկ: Շատ ժամանակ համայնքի ղեկավարները իրենք են զբաղվում համայնքի ավագանու անդամների առաջադրման հարցերով: Այս պարագայում կարևորվում է համայնքի կառավարման ռացիոնալ ու արդյունավետ համակարգի կայացումը, ինչը մեծապես պայմանավորված է համայնքի ավագանու և ղեկավարի փոխհարաբերություններով և համագործակցությամբ, նրանց միջև հակակշիռների և զսպումների լիարժեք ընթացակարգերով և գործունակ կառուցակարգերով: Այդուհանդերձ, ներկայումս ՀՀ-ում ավագանու ինստիտուտը լիարժեքորեն ձևավորված և կայացած չէ` ավագանու անդամների ընտրության գործող օրենսդրական կարգավորման թերությունների պատճառով: Մասնավորապես, գործող օրենսդրությունը չի երաշխավորում պատշաճ գիտելիքներով և հմտություններով օժտված ավագանու անդամների ընտրությունը:

Այսպես, օրինակ` համայնքների գերակշիռ մասում ավագանին լուրջ հակակշիռ չի հանդիսանում համայնքի ղեկավարին, վերջիններս մեծ մասամբ, ավագանու անդամներին հեռու են պահում համայնքային կարևորագույն հարցերի լուծումներից` նրանց պատշաճորեն և լիարժեքորեն տեղեկատվություն չտրամադրելով, իրենց լիազորություններն իրականացնելու նորմալ պայմաններ չստեղծելով և այլ եղանակներով: Նույնիսկ այն, ինչը ընդունվում է որպես ավագանու ամենակարևոր գործառույթ` բյուջեի ընդունումը և բյուջեի մեջ կատարվող փոփոխությունների հաստատումը, դրանք նույնպես, մեծ մասամբ, ավագանին կատարում է, կարծես թե, ինքնաբերաբար, մեխանիկորեն` համարյա միշտ հաստատելով այն ամենը, ինչ ներկայացվում է: Այդ պայմաններում ավագանին ներկայումս ի վիճակի չէ որևէ լուրջ անհամաձայնություն հայտնել համայնքի ղեկավարին: 

Նույն իրավիճակն է համարյա գյուղական (առավելապես փոքր գյուղական) համայնքներում համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ: Ընտրվում է միայն մեծ բարեկամություն ունեցող անձը: Ընդ որում համայնքի բնակիչները շատ անգամ հաշվի չեն էլ առնում անձամբ մարդու կոմպետենտության, հմտության աստիճանը: Ուստի այս պարագայում կարևորվում է կառավարման ստորին օղակի արմատական փոփոխությունը, ինչը հնարավոր է իրականացնել միայնումիայն նոր, առավել պրոֆեսիանալ, կոմպետենտ և մրցունակ ավագանու անդամների և համայնքի ղեկավարի ընտրության հնարավորությամբ:


Թինա (Ծաղիկ) Ղազարյան` Անալիտիկ կենտրոն

Նույն շարքից