Իրանը չէր ցանկանա, որ իր համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջանում, պատերազմ վերսկսվեր, կարծում է քաղաքագետը։
Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Իրանի որևէ ձևաչափով դերակատարմանն ինչպե՞ս կարձագանքեն Մինսկի խմբի համանախագահող երկրները հարցին ի պատասխան` քաղաքագետը նշեց, որ խաղաղությանն ուղղված ցանկացած նախաձեռնություն համանախագահող երկրների համար միայն ողջունելի կլինի:
«Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ Իրանի մասնակցությունը չի կարող ունենալ ինստիտուցիոնալ բնույթ, այսինքն՝ այն չի ներառվելու բանակցային գործընթացում: Հետևապես՝ Մինսկի խմբի համանախագահները դժգոհելու առիթ չպետք է ունենան: Այս գործընթացում պարզապես կարևոր է Իրանի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ»,-նշել է նա:
Նա գտնում է, որ հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված լինելն Իրանի համար շատ ավելի կարևոր է, քան պարզապես սեփական հեղինակության հարցի լուծումը: Մելիք-Շահնազարյանի համոզմամբ՝ պաշտոնական Թեհրանը հասկանում է, որ կոնֆլիկտի թեժացումը հղի է մի շարք վտանգներով:
«Իրանը չէր ցանկանա, որ իր համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջանում, դեպի Եվրոպա հիմնական տարանցիկ հատվածներում պատերազմ վերսկսվեր: Առավել ևս չէր ցանկանա, որ այդ պատերազմին միջամտեին միջազգային ուժեր»,-պարզաբանել է քաղաքագետը:
Համեմատականներ անցկացնելով Թուրքիայի՝ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված լինելու ձգտումների հետ՝ բանախոսը նկատում է, որ եթե Թուրքիան ինչ-որ տեղ փորձում է հեղինակության հարց լուծել, ապա Իրանի համար դա անվտանգության հարց է:
«Չնայած Թուրքիայի պարագայում նույնպես հեղինակությունը երկրորդական նշանակութուն ունի, նրանք շատ ավելի լուրջ աշխարհաքաղաքական խնդիրներ են փորձում լուծել, բայց Իրանի դեպքում ոչ թե հեղինակության կամ խնդիր լուծելու հնարավորություն է, այլ սեփական անվտանգությանը վերաբերող հարցեր են»,-շեշտադրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: