Իրավական 

Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի «փրկության» նախագիծը կհետաձգվի մեկ տարով

ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում այսօր քննարկման առիթը Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի խնդիրն էր. նիստին ներկա բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը հաստատեց՝ վիճակը ծանր է։

Օրակարգում «Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագիրը հաստատելու մասին» նախագիծն էր, որի հեղինակ, ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը նշեց, թե պետք է ընդունել 1984թ-ին եղած թվերը և փորձել վերականգնել: «Այսինքն, եթե այն ժամանակ թույլատրվում էր 1 մլրդ խմ ջուր հանել, հիմա արդեն դա հասցվել է 1,7 մլրդ խմ-ի։ Բոլորի համար հասկանալի էր, նման ծանր վիճակի հիմնական պատճառը ձկնարտադրությունն էր, որի համար հորատվել են նոր հորեր և ջուրը վերցրել անխնա։ Մենք 44 համայնքի խմելու ու ոռոգման ջուր ենք տվել, փաստորեն այդ ջուրը սովետական իշխանության տարիներն ազգաբնակչության կարիքների համար էր, հիմա այդ ձկնաբուծությունը հորինեցինք, ու 31 համայնքներում ոչ խմելու ջուր կա, ոչ էլ ոռոգման»,-ասաց ԲՀԿ պատգամավորը։

Հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը նշեց, թե չնայած նրան, որ կառավարությունը պնդում է, որ 2003թ.-ից խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է, բայց «տարին տարվա վրա հետ ենք գնացել՝ առաջ գնալու փոխարեն»։

Փոխնախարար Սիմոն Պապյանը նշեց, թե սխալ է որպես հիմք 1984 թ.-ի թվերն ամրագրել օրենքում։ «Որպես մասնագետ գտնում եմ, այդ թիվը պատրաստ չենք ամրագրել, որովհետև բալանսը խախտվել է։ Իրավիճակը 84թ.-ի համեմատ այլ է, պարզ է, որ ամբողջ բալանսը խախտվել է՝ մի մասում առաջացել է չորացում, մի այլ տեղ էլ ջրի մակարդակը բարձրացել է, և ճահճացում է եղել, անխնա արդյունահանել են ջուրը։ Բացի ճահճացումից մեծ մասշտաբով գնում է աղակալում, բարձրանում է ջուրը, գոլորշիանում է, և աղը նստում է»,-ասաց նա և առաջարկեց զերծ մնալ այդ թվերի ֆիքսումից։ Փոխնախարարը նշեց, որ դրա համար ժամանակ է պահանջվում, արդեն իսկ կառավարությունը սահմանափակումներ է դրել, պետք է ջրային օրենսդրության փաթեթը կառավարությունը հաստատի։

Ըստ նրա, քանի որ վարչապետը փոխվել է, ապա արդեն նոր վարչապետը կստորագրի այդ փաթեթը։ Իսկ այժմ փոխնախարարը սխալ է համարում անմիջապես վերցնել և արգելել այլևս ջուր վերցնելը։ «Ձկնաբուծական տնտեսություններն ի վերջո՝ տնտեսություն են և աշխատում են, ձուկ կա, և ավելի խիստ միջոցների դիմելու համար պետք է քննարկենք։ Ես առաջարկում եմ ջրային օրենսդրության փաթեթը հաստատել, նաև լսումներ անել, ձկնարդյունաբերությամբ զբաղվողների կարծիքը լսել»,-ասաց նա։

Հարցին, թե ինչու է թույլատրվել այդքան հորատումներ անել, փոխնախարարը նշեց, որ նրանք, ովքեր ջրօգտագործման թույլտվություն են ստացել, խախտել են կարգը, և ավելի շատ ջուր է դուրս եկել, քան թույլ է տրվել։ Ըստ նրա, այսօր առաջնային խնդիր է խնայողություն անելը։

ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն ընդմիջեց, թե իրենք խնայողության դեմ չեն, բայց ընդգծեց՝ «երեկ էր պետք խնայողությունը սկսել» և պնդեց, որ կարելի է ընդունել իր նշած թվերը և այդ չափով սկսել։ «Եթե նոր հաշվարկները կլինի, կանդրադառնաք օրենքին, ի՞նչն է պատճառը»,-ասաց նա։

Փոխնախարարը շարունակեց, թե ջրի մակարադակն այնպես է ընկել, որ հորերը չորացել են, և որ «բռնեն՝ օրենքով տուգանեն՝ ունքի տեղը աչքը կհանեն»։

ԲՀԿ պատգամավորը ձայնը բարձրացրեց. «Ի՞նչ է, պետք է սպասենք, մնանք, տեսնենք՝ ինչքան վերցնեն, մինչև վերջնական ջուր չմնա՞. դուք միգուցե մի հինգ տարի դեռ այդ ուսումնասիրությունը չհաստատեք»։

Նա պահանջեց հենց հիմա սկսել կրճատել ու պաշտպանել։

Հանձնաժողովի նախագահն էլ իր հերթին հարցրեց փոխնախարարից, թե եթե ապօրինի հորատում է գնացել, «բա նախարարությունն ուր էր»։

Փոխնախարարը լռեց, իսկ Մարտուն Գրիգորյանը շարունակեց. «Փաստորեն արդյունավետ չի աշխատել կառավարությունը, բա ո՞ւր էր նախարարությունը»։ Նիստին մասնակիցներից մեկը տեղից արձագանքեց. «Գնացողի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ»։

Մեղադրական հարցերը շարունակեց մեկ այլ ԲՀԿ պատգամավոր՝ Վահագն Մախսուդյանը. «Բա լավ, էս ուսումնասիրությունները երբևէ ձեզ չե՞ն անհանգստացրել։ Փող են տվել, որ ուսումնասիրություն կատարեք, ինչի՞ վրա եք ծախս արել, գնացել 100 մլն. դրամի մի հատ տուալետ եք բերել, այս խնդիրը թողած, էսպես բա՞ն կլինի»,-ասաց նա և շարունակեց, թե նախարարության պատճառաբանությունները , թե հորերի մեծ մասը սովետից են ժառանգել անհիմն են։ «Սովետի ժամանակ ոչ մի ապօրինի հոր չի եղել, եթե ուզել ենք, համայնքը դիմել է, մարդիկ գնացել են, դեռ մի մաղարիչով խնդրել, նոր եկել են տեսել, եթե հնարավոր է եղել՝ թույլատրել են հորատել, մեռած մարդու փոխարեն սուտ խոսել չի կարելի, ախր այդպես չի կարելի, չգիտեմ հարց ձևակերպե՞մ, թե ելույթ։ Ուղղակի մենք ամեն մի բնագավառ տապալում ենք, հետո ասում ենք վերականգնեք։ Ուսումնասիրությունը կա, որ 3 անգամ պակասել է, էլ ինչ անենք, պետք է երեկ սկսեինք, ուշացել ենք։ 380 ապօրինի, անտեր... դուք ոնց եք ասում տիրազուրկ հորեր կան, դրանք փակենք գոնե»,-ձայնը բարձրացրեց պատգամավորը։

Պատգամավորը նշեց, թե կառավարությունից զատ պետք է փոքր կառավարություն լինի, որ ուսումնասիրությունները հաշվի առնի։ Լյովա Խաչատրյանը կատակեց. «Կառավարության հրաժարականը պահանջի»։

Փոխնախարարը ցածր տոնով փորձեց արձագանքել հարցադրումներին ու նշեց, թե ինքը չի ասել, թե խորհրդային ժամանակ է ապօրինի եղել։ «Ասացի, որ պետք է համապատասխանեցվեն և վերաձևակերպենք նրանք, որոնք արդեն դարձել են ապօրինի։ Ինչ վերաբերվում է նրան, որ մենք անտեսել ենք, ապա ասեմ, որ խնդիրը 2003 թ.-ից է բարձրացվել և լուծումներ են փորձել տալ։ Ուսումնասիրություն արվեց և պարզվեց, որ մակերեսը պակասել է, դա էլ է վկայում այն մասին, որ բալանսը խախտվել է»,-ասաց նա։

Սիմոն Պապյանը նշեց, որ նոր տվյալներ հաստատելու համար աշխատանքներն արդեն իսկ սկսել են և վերջնաժամկետ է սահմանվել 2015 թ. սեպտեմբերի մեկը։ Լյովա Խաչատրյանը միջամտեց. «Բայց դեռ ֆինանսավորած չէ»։

Առաջարկվեց նախագիծը ԱԺ օրակարգ չմտցնել, քանի որ տեխնիկական առաջադրանքները շահագրգիռ մարմինների հետ պետք է համաձայնեցվեն, ինչպես նաև նոր կառավարության հետ։

Հանձնաժողովի նախագահն առաջարկեց, սպասել՝ տեսնելու, թե ոլորտի պատասխանատուն կառավարության հրաժարականից հետո ով է լինելու, որպեսզի նրա հետ աշխատանքները քննարկեն։ Նա նաև տեղեկացրեց, որ լսումները պլանավորված են արդեն, և օրը կտեղեկացվի, որին կմասնակցեն ձկնաբույծները, բնապահպանները, Գյուղնախարարությունն ու Բնապահպանության նախարարությունը, նաև 31 համայնքների հողատերերը։

Վերջում նա հավելեց, թե ավելի լավ է նախագիծը հետաձգել մեկ տարով, քանի որ 2003թ.-ից սպասել են, այժմ էլ մի փոքր սպասեն, նախագիծը ներկայացվի նոր կառավարությանը, այնուհետև՝ բերել ԱԺ նստաշրջան։ Առաջարկն ընդունվեց միաձայն։ 

Նույն շարքից