Իրավական 

Սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, ընտրված ժամանակը՝ տեղին. Գ. Դանիելյան

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ սահմանադրական բարեփոխումների համար ընտրված ժամանակահատվածը տեղին է, իսկ փոփոխություններն՝ անհրաժեշտ։ Ինչ վերաբերվում է կառավարման համակարգի փոփոխությանը, որին դեմ բավական բուռն արձագանքներ եղան, ապա նա նկատեց, որ եթե մի պահ անգամ հասկանան, որ հանրությունը պատրաստ չէ և չի գտնում անհրաժեշտություն խորհրդարանական կառավարմանը, ապա իրենք կարող են մնալ այն տարբերակին, որ կա այսօր, բայց էական վերանայման պայմանով։

Հանձնաժողովի անդամը նշեց, թե հաճախ հնչող հարցերից է՝ ինչո՞ւ է ընտրվել այս ժամանակահատվածը, քանի որ, որպես կանոն, նման նախաձեռնությամբ հանդես են գալիս, երբ կա քաղաքական ճգնաժամ կամ ճգնաժամի վտանգ։ Իրավունքի մասնագետը հավատացրեց, որ ճգնաժամի հետ կապակցելը ճիշտ ու հիմնավորված չէ, ու եթե նման բարեփոխումները ճգնաժամից ելնելով են արվում, ապա դրանք անկայուն են լինում, ըստ էության, և հաջողություն չեն կարող ունենալ։

Բացի այդ, ըստ նրա, սահմանադրական բարեփոխումներն ինքնին չեն կարող լուծել այն խնդիրները, որոնք հասարակության համար խնդրահարույց են։

Ինչ վերաբերվում է այն հարցին, թե արդյոք Սահմանադրությունը խոչընդոտում էր որոշ առանցքային խնդիրների լուծմանը և հնարավոր չէր արդյոք շարունակել գործող Սահմանադրությամբ, Գևորգ Դանիելյանը պատասխանեց, որ հանձնաժողովը ևս այն կարծիքին է, որ այդ խնդիրների համար կան խոչընդոտող իրավական խնդիրներ։

Նա հղում անելով միջազգային պրակտիկային՝ նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ երկրներում ճիշտ նույն ժամանակահատվածն է ընտրվում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար։ Գևորգ Դանիելյանը նաև ընդգծեց, թե խնդիրը վրիպակների մասին չէ, այլ ավելի խորքային բացթողումների։ Նա նշեց, որ հարևան երկրներում, այդ թվում նաև Ուկրաինայում, Ռուսաստանում և նախկին խորհրդային բոլոր երկրներում, հակասահմանադրական ակտերը շատ ավելի քիչ են, քան կան ՀՀ Սահմանադրությունում, և դրանք փոփոխության անհրաժեշտություն ունեն։

Հարցին, թե կառավարման խորհրդարանական համակարգին անցում ինչքանով էր անհրաժեշտ, Գևորգ Դանիելյանը նշեց, որ հանձնաժողովում հարցը լայն տարաձայնությունների տեղիք էր տվել։ «Իշխանությունների բաժանման ու հավասարակշռման համար մենք փորձել ենք ներկայացնել այլընտրանք։ Տարաձայնությունների արդյունքում ծնվել է մի մոտեցում, որ մենք պայմանական առաջարկել ենք խորհրդարանական կառավարման ձևը, որը կարող է լուծել կամ նպաստել լուծելու այն խնդիրները, որոնք այս ոլորտում կան, բայց դա չի նշանակում, որ այդ խնդիրները լուծումը չի կարելի իրագործել նույն կիսանախագահական կառավարման համակարգի պարագայում, բայց ոչ այն տեսքով կամ այն լիազորությունների պահպանման տեսքով, որ այսօր գոյություն ունի»,- ասաց նա։

«Դուք ինքներդ էլ գիտեք, որ տարբեր կառավարման ձևերի պարագայում կարելի է ունենալ և՛ կատարյալ ժողովրդավարություն, և՛ հակառակը՝ ձախողումներ, հետևաբար, եթե մենք անգամ առաջարկում ենք՝ հաշվի առնելով իրավիճակը, մթնոլորտը, մոտեցումները, այդ թվում նաև ավանդույթն ու իրավակիրառման պրակտիկան, որը բնորոշ է բացառապես մեր երկրին, որովհետև միջազգային փորձի ուսումնասիրման տեսանկյունից համոզվել ենք, որ չի կարելի պատրաստին վերցնել և կիրառել, որովհետև դա չափազանց դյուրին է, գրավիչ, բայց անարդյունավետ»,- նշեց նա։

Ինչ վերաբերվում է հարաբերակցությանը, որ խորհրդարանական համակարգին անցնելով նախագահը թագուհու կարգավիճակ է ստանում, ապա բանախոսը նշեց, որ այո՛, հանձնաժողովը գտնում է, որ որևէ պաշտոնյա չի կարող ունենալ լիազորություններ՝ առանց իրական պատասխանատվության։

«Եթե մենք նույնիսկ վստահ ենք, որ տվյալ իրավիճակում հաշվի առնելով արտաքին ներգործությունները, ինչի չէ նաև պատերազմական վիճակը, մենք կարող ենք ունենալ ուժեղ պաշտոնյաներ, ապա սրան զուգահեռ պետք է լինի հավասարարժեք պատասխանատվություն։ Այս առումով էլ առաջարկած տարբերակն էլ ներկայացել ենք և համարում ենք այլընտրանքային»,,-ասաց նա և նշեց, թե կարծում է , որ մեկ ամիս հետո արդեն քննարկումներից հետո կլինի վերջնական մոտեցումը։ «Վերջնական նախագիծը հունիսի 30-ին պատրաս կլինի»,- նշեց նա։

Նույն շարքից