«Պարտադիր» նշանակում է, որ պարտադիր լուծումներ պետք է գտնվեն, իսկ «չպարտադրված» նշանակում է, որ պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք յուրաքանչյուրին՝ անգամ երիտասարդին ցույց տան, որ իր համար դա ճանապարհ է:
«Այսինքն` նա պետք է համաձայն ու համոզված լինի դրանում, որ դա է ճանապարհը, և դա ողջամիտ ճանապարհ է: Կարծում եմ`այս երկու կոմպոնենտների մասին է խոսում վարչապետը` ասելով «պարտադիր, բայց ոչ պարտադրված»»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնի խոսքը մեկնաբանեց ԱԺ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` ասելով, որ լրագրողներին պետք է հետաքրքրի այս բառերի ոչ թե տարբերությունը, այլ` նմանությունը: Այսինքն` ինչն է ընդհանուր այս`«պարտադիր, բայց ոչ պարտադրված»-ում:
Ավելի ընդհանուր, ոչ բանաձևային, ըստ Դավիթ Հարությունյանի, սա նշանակում է, որ կառավարությունը պետք է գտնի լուծում, որպեսզի հետագայում` մեր երկրի ժողովրդագրական փոփոխվող պատկերի պարագայում ստեղծի պայմաններ, որ Հայաստանի կենսաթոշակառուները չհայտնվեն աղքատության շեմին: Այնուհանդերձ նա դժվարացավ բացահայտել լուծման մոդելները, որովհետև իրենք էլ այս պահին բազմաթիվ մոդելներ են քննարկում:
«Եթե որևէ մեկն ուշադիր ուսումնասիրել է Սահմանադրական դատարանի որոշումը, կտեսնի նաև, որ գործատուի պատասխանատվությունը ևս պարտադիր պետք է լինի, ի՞նչ մոդելով, դեռևս վաղ է խոսելը»,-հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:
Ի պատասխան հարցի, թե ինչու է վարչապետը խոսում մինչև հուլիսի վերջ ժամկետի մասին, քանի որ ՍԴ որոշմամբ` նման ժամկետ է նշվում մինչև սեպտեմբերի 30-ը, Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ հուլիսի մեկից նախորդ կառավարության ծրագրով նախատեսված է պետական և հանրային համակարգում աշխատողների աշխատավարձերի լայնածավալ բարձրացում, և մի մոդելի մի մասի առաջ տանումն առանց մյուսի, նախարարի խոսքով, առաջացնում է «դիզբալանս»: