Իրավական 

Պետք է հստակեցնել ընդդիմության լիազորությունների ընդլայնման սահմանները. Դավիթ Հարությունյան

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ինչպես վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դեմ չէ ընդլայնել ընդդիմության լիազորությունները, բայց ըստ նրա՝ պետք է քննարկել, թե ինչ սահմաններում դրանք պետք է լինեն. այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Խնդիրը վերաբերում է սահմաններին։ Իհա՛րկե, որոշակի վերահսկողական լիազորություններ ընդդիմությունը պետք է ունենա, և չեմ կարող ասել, որ ընդդիմությունն այսօր բացարձակապես չունի լիազորություններ։ Այսինքն՝ պե՞տք է ընդլայնել, այո, իսկ դա արդեն առանձին քննարկման առարկա է»,-նշեց նա և ավելացրեց, թե ընդդիմության դերակատարման մասին հարցն ընդհանրապես քննարկման առարկա է։

Դիտարկմանը, թե օրինակ՝ շատ են խոսում Վերահսկիչ պալատի կամ տեսչական մարմինների լիազորությունները ընդդիմությանը տալու մասին. արդյոք հնարավո՞ր է այդ հարցերում ընդառաջել, Դավիթ Հարությունյանը նշեց, թե տեսականորեն ոչ մի բան բացառել չարժե։ «Բայց պետք է տեսնել, թե այս փուլում մենք պատրա՞ստ ենք դրան, թե ոչ։ Այստեղ պետք չէ հեծանիվ հայտնագործել, անհրաժեշտ է ուղղակի ծանոթանալ այն երկրների փորձին, ընդ որում, այն երկրների, որոնք գտնվում են կուսակցությունների կայացման այն փուլում, որում մենք ենք գտնվում և շարժվել ըստ այդմ»,-ընդգծեց նա և հավելեց, թե լրացուցիչ ուսումնասիրության խնդիր կա։

Հարցին, թե խնդիրը միայն ընդդիմության մո՞տ է, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը պատասխանեց. «Ոչ միայն, եթե որևէ մեկին թվում է, թե իմ խոսքում կա մեղադրանք ընդդիմությանը, ցանկացած չկայացած բառակապակցություն, որ ես օգտագործում եմ՝ վերաբերվում է քաղաքական դաշտին, հավասարապես բոլոր կուսակցություններին։ Մենք դեռևս չենք կարողացել կայացնել մեր քաղաքական դաշտը, դա գաղտնիք չէ, նախագահի ելույթում էլ կար»։

Հարցին, թե գուցե կուսակցությունների կայանալու համար անհրաժեշտ է լծակները բաժանել հավասարակշռման և ճնշման մեխանիզմով, Դավիթ Հարությունյանը դրական պատասխան տվեց, բայց միաժամանակ հավելեց, թե պետք է համեմատության մեջ տեսնել ամեն ինչ. «Եթե դուք համադրեք տասը տարի առաջ և հիմա, կտեսնեք վիթխարի տարբերություն։ Տասը տարի առաջ դուք չէիք կարող պատկերացնել, որ ընդդիմությունը ներկայացնող գոնե մեկ անձ լինի որևէ ընտրական հանձնաժողովի նախագահ կամ տեղակալ։ Տասը տարի առաջ դուք չէիք կարող գտնել ընդդիմության մի որևէ ներկայացուցիչ, որը լիներ ԱԺ հանձնաժողովի նախագահ կամ տեղակալ»։

Դիտարկմանը, թե դրա համար պետք է իշխանությա՞նը շնորհակալ լինել, նախարարն արձագանքեց. «Իհարկե, չպետք է շնորհակալ լինել, մենք խոսում ենք զարգացման ուղղու մասին։ Տասը տարի առաջ երբևէ ընդդիմությունը չէր կարող խորհրդարանի հարթակ ներկայացնել որևէ օրենսդրական նախաձեռնություն, որին դեմ է մեծամասնությունը»։

Նախարարին ուղղեցին, թե տասը տարի առաջ քաղաքական որևէ կուսակցություն ճնշող մեծամասնություն չի եղել։ Հարությունյանը հակադարձեց. «Քաղաքական առումով ես այստեղ որևէ էական տարբերություն չեմ տեսնում»։

Հարցին, թե կարո՞ղ է Դավիթ Հարությունյանը հիշեցնել, թե ընդդիմության որ օրինագիծն է ԱԺ մեծամասնությունն ընդունել, վերջինս ասաց. «Դուք, կարծում եմ, ժողովրդավարության ոչ ճիշտ հասկացություն եք օգտագործում։ Խնդիրը ընդդիմության կողմից ներկայացնելն է իրենց քաղաքական մոտեցումները պառլամենտական հարթակում։ Բայց եթե մենք խոսենք, որ ընդդիմության ներկայացրած նախագիծը պետք է անցնի, դա արդեն ժողովրդավարություն չէր կոչվի, դա կկոչվեր փոքրամասնության դիկտատ մեծամասնության նկատմամբ։ Սա ժողովրդավարությունից շատ հեռու է։

Դիտարկմանը, թե փաստորեն մեծամասնության դիկտատուրան ընդունելի է, փոքրամասնությանը՝ ոչ, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Մեծամասնության դիկտատուրան էլ ընդունելի չէ, եթե խոսքը վերաբերում է բացարձակապես առանց որևէ քննարկման հարցն առաջ տանելու, բայց քննարկմամբ հարցն առաջ տանելը կոչվում է ժողովրդավարություն»։

Հարցին, թե այսինքն՝ նախարարը նկատի ունի, որ ընդդիմությունը չի կարող մեծամասնությանը երբեք համոզել իր ճշմարտացիության մեջ, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Չէ, իհարկե կարող է, բայց եթե մեծամասնությանը համոզեց, դա արդեն մեծամասնության նախագիծն է»։ 

Նույն շարքից