Առողջապահություն Հասարակություն 

Երիտասարդները՝ որպես ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խումբ

analitik.am

 Ողջ աշխարհում երիտասարդները համարվում են ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խումբ: ՄԻԱՎ-ի նկատմամբ երիտասարդները խոցելի են ռիսկային վարքագծի` ակտիվ և անկանոն սեռական կյանքով ապրելու, մինչամուսնական սեռական հարաբերութ­յունների, թմրամիջոցների գործածման մեջ ներգրավվածության, նաև ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների ցածր մակարդակի պատճառով: Որոշ երիտասարդներ սեռական կյանքը սկսում են դեռևս դեռահասության տարիքում` չունենալով ՄԻԱՎ վարակից պաշտպանվելու համար անհրաժեշտ տեղեկություններ և հմտություններ: Շատ երիտասարդներ էլ, չնայած ՄԻԱՎ վարակի և դրա կանխար­գելման միջոցների մասին ունեցած գիտելիքներին, անտեսում կամ ճիշտ չեն գնահատում ռիսկային վարքագծի հնարավոր հետևանքները, վարակից պաշտպանվելու համար չեն կիրառում պաշտպանական միջոցներ՝ հուսալով, որ հիվանդությունն իրենց կշրջանցի:

 ՄԻԱՎ-ի նկատմամբ երիտասարդների խոցելիությունը կարելի է նվազեցնել նրանց հա­մա­պատասխան գիտելիքներով զինելով, առողջ ապրելակերպին միտված ճիշտ դիր­քորոշում, ճնշումներին դիմակայելու, կշռադատված որոշումներ կայացնելու հմտու­թ­յուններ ձևավորելով:

 ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ուսուցումը պետք է դիտարկել առողջ ապրելակերպի, սեռական և բարոյական դաստիարակության, դեռահասի արժեքային համակարգի ձևավորման համատեքստում: Անհրաժեշտ է կարևորել նաև ժուժկալության, սեռական կյանքը հնարավորինս ուշ սկսելու անհրաժեշտությունը, ամուսնական և փոխադարձ հավատարմությունը, բարոյական և հոգևոր արժեքների պահպանման անհրաժեշ-տությունը:

 Երիտասարդների խոցելիության նվազեցման համար չափազանց կարևոր է առաջին սեռական հարաբերության հետաձգումը: Դժվար է ասել, թե որ տարիքից կարելի է ապրել սեռական կյանքով: Դրա համար ոչ միայն սեռական հասունություն, կենսաբանական կարողություն, զանազան վարակներից, անցանկալի հղիությունից խուսափելու միջոցների մասին գիտելիքներ են անհրաժեշտ, այլ նաև սեռական հարաբերության հնարավոր հետևանքների համար պատասխանատու լինելու ունակություն, սոցիալ-հոգեբանական զարգացման որոշակի մակարդակ, ինչը ձևավորվում է հիմնականում 18 տարեկանից հետո:

ՄԻԱՎ վարակն այն հիվանդություններից է, որոնց ձեռքբերումը պայմանավորված է հիմնականում վարքագծով և կենսակերպով: Չվարակվելու համար անհրաժեշտ է ունենալ անվտանգ վարքագիծ, այսինքն` զերծ մնալ թմրամիջոցներ գործածելուց, օգտագործել միայն ախտազերծված ներարկիչներ, ասեղներ, մինչ ամուսնությունը ցուցաբերել ժուժկալություն, ունենալ միայն մեկ հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկեր և փոխադարձաբար լինել հավատարիմ, խուսափել ռիսկային սեռական կապերից, երբ չգիտես ՄԻԱՎ-ի նկատմամբ զուգընկերոջդ կարգավիճակի մասին, իսկ դրա անհնարինության դեպքում մշտապես օգտագործել պահպանակ:

Ելնելով օրվա խորհրդից` ցանկանում ենք երիտասարդներին կրկին հիշեցնել, որ ՄԻԱՎ-ով կարող է վարակվել յուրաքանչյուրն անկախ սեռից, տարիքից, սեռական կողմնորոշումից և սոցիալական կարգավիճակից:

 Վարակվել հնարավոր է նույնիսկ մեկ սեռական հարաբերության կամ թմրամիջոցի մեկանգամյա ներարկման հետևանքով:

 ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ 2/3-ը չգիտի իր կար­գավիճակի մասին: Դա պայմանավորված է հիվանդության զարգացման և ընթացքի առանձ­­նա­հատ­կութ­յուններով: ՄԻԱՎ վարակն ունի երկարատև (միջինը 8-10 տարի) թաքնված՝ անախտանշան շրջան, որի ընթացքում մարդն իրեն զգում է գործնականորեն առողջ և կարող է անգամ չկաս­կածել իր վարակված լինելու մասին, սակայն այդ ընթացքում նա կարող է վարակը փոխանցել ուրիշներին:

 Մարդու արտաքինից հնարավոր չէ իմանալ նրա վարակված լինելու մասին: ՄԻԱՎ-ով վարակված մարդը կարող է ունենալ միանգամայն առողջ տեսք:

 Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայության մասին կարելի է իմանալ միայն անցնելով հատուկ լաբորատոր հետազոտություն, որը հնարավորություն է տալիս ախտորոշելու ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության արտաքին դրսևորումներ դեռևս չկան:

 Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու, հետագա ապրելակերպի վերաբերյալ ճիշտ որոշումներ կայաց­նելու, ուրիշներին վարակը չփոխանցելու համար: Հիվանդության վաղ ախտորոշումը հատկապես կարևոր է հղիների կամ հղիություն ծրագ­րող կանանց համար, քանի որ ժամանակին իրականացված կանխարգելիչ միջոցա­ռում­ների շնորհիվ ՄԻԱՎ վարակ ունեցող կինը կարող է մինչև 99% դեպքերում ունենալ վարակից զերծ երեխա:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն երբևէ ռիսկային վարքագիծ դրսևորած անձինք, այսինքն՝ այն մարդիկ, որոնք գործածել են թմրա­մի­ջոցներ նե­րար­կա­յին ճանա­­պար­հով, ունեցել են ռիսկային սեռական կապեր առանց պահպանակի: Նաև նրանք, որոնք երբևէ հիվան­դացել են որևէ սեռա­վա­րակով, ունեն զուգընկեր, որի մոտ հայտնաբերվել է սեռավարակ կամ որը պարբերաբար մեկնում է արտագնա աշխատանքի, ունեն վիրուսային հեպատիտներ B կամ C, կատարել են դաջվածքներ կասկածելի մաքրության գործիքներով: Ըստ որում չափազանց կարևոր է, որ նման մարդիկ հետազոտվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ, անկախ իրենց մոտ առողջա­կան վիճակի հետ կապված գանգատների առկայությունից:

 ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացությունը կարևոր է յուրաքանչյուրի համար:

 ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն կարելի է անցնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում (ք.Երևան, Ավան, Աճառյան 2): ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն անվճար է, ուղեկցվում է նախա- և հետ­թես­տա­յին խորհրդատվությամբ, ցանկության դեպքում կարող է կատարվել անանուն: Հետազոտության արդյունքների գաղտ­նիութ­յունը երաշ­խավորվում է:

ՄԻԱՎ վարակին առնչվող հարցերի պատասխաններ կարելի է ստանալ նաև «Թեժ գիծ» ծառայության միջոցով՝ 61-08-20, ամեն օր, բացի հանգստյան օրերից, ժ. 0900-1800:

 Արևիկ Պետրոսյան  (ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն)

 

Նույն շարքից