Տեղեկատվական հարթությունը ՌԴ-ԱՄՆ պայքարում կարևոր տեղ է զբաղեցնում, սակայն մինչ այժմ չկա որևէ վերլուծություն այդ հարթակում ուժերի դասավորվածության մասին:
Որպես օրինակ վերցնենք Ուկրաինայի քաղաքացիական պայքարը. Այստեղ կա տեղեկատվական երեք ուղղություն՝ ռուսական, ուկրաինական և արևմտյան, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են պաշտոնականի և ոչ պաշտոնականի:
Ռուսական մեդիան բազմազան է՝ գործում է անկախ և ազատ՝ մասնավորապես ընդդիմադիր, լիբերալ և արևմտամետ ԶԼՄ-ները: ԱՄՆ և Ուկրաինայի ներկայացուցիչները կարող են ազատ արտահայտվել ռուսական ԶԼՄ-ներով:
Սոցցանցերում նույնպես բազմաթիվ ռուսներ արտահայտվում են ՌԴ դեմ՝ պաշտպանելով ուկրաինական ազգայնականներին:
Ուկրաինական մեդիան ամբողջությամբ ենթարկվում է խունտային՝ հրապարակելով միայն այն, ինչ պետք է հրապարակվի: Այլընտրանքային կամ ընդդիմադիր տեսակետ ուկրաինական մամուլում գրեթե անհնար է տեսնել: Ռուս կամ ռուսամետ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչները համարյա չեն լուսաբանվում ուկրաինական ԶԼՄ-ներով:
Սոցցանցերում նույնպես ռուսամետ կամ ընդդիմադիր տեսակետ արտահայտող մարդիկ հետապնդվում են ինչպես իրավապահ մարմինների կողմից, այնպես էլ ազգայնական խմբերի: Որոշ դեպքերում նրանց հանդեպ կիրառվում են բռնություններ՝ ընդհուպ սպանություն:
Արևմտյան մեդիան պատկանում է մի քանի տրանսազգային հոլդինգներին, որոնք ամբողջությամբ վերահսկում են դրանց գործունեությունը: Արևմտյան մամուլի 90%-ի դիրքորոշումը հակառուսական է: Ռուս քաղաքական գործիչներին երբեք չեն հրավիրում թոք-շոուների՝ բացառությամբ ընդդիմադիր գործիչներից:
Սոցցանցերում ռուսամետ դիրքորոշում հայտնած մարդուն ուղղակի ծաղրում են և անվանում «communist spy» (կոմունիստական լրտես):
Կարծես թե պատկերը պետք է բոլորովին այլ լիներ, քանզի հենց Արևմուտքն է քարոզում խոսքի ազատություն, սակայն իրականությունն այլ բան է ցույց տալիս: Այն, որ տեղեկատվական հարթությունում Ռուսաստանը պարտվում է պայմանավորված է նաև նրանով, որ Արևմուտքը թե ՌԴ-ում, թե աշխարհի գրեթե բոլոր երկրներում ունի իր կողմից ֆինանսավորվող ԶԼՄ-ներ, որոնց միջոցով էլ իրականացնում է գլոբալ քարոզչություն՝ ի տարբերություն ՌԴ-ի, որի ուշադրությունից այս հույժ կարևոր ոլորտը դուրս է մնացել: Ռուսաստանն այնքան քիչ կարևորություն է տալիս քարոզչությանը, որ շատ դեպքերում ռուսական կազմակերպությունները ֆինանսավորում են ընդգծված հակառուսական դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներին: Արդեն ժամանակն է, որ ՌԴ-ն վերանայի իր մոտեցումները տեղեկատվական պայքարի հետ կապված, քանզի այստեղ էլ կանոնները նույնն են, ինչպես տնտեսական և ռազմական պայքարում: Փորձն էլ ցույց է տվել, որ հենց տեղեկատվական պայքարն է շատ դեպքերում լուրջ ազդեցություն ունենում ընդհանուր պայքարի դիմագծի վրա: