Կոռուպցիան մեծագույն խնդիր և իրական վտանգ է ցանկացած հասարակության համար, սակայն Հայաստանի նման զարգացող երկրի համար կոռուպցիան իսկական մարտահրավեր է: Դատաիրավական համակարգում և հատկապես դատարաններում կոռուպցիան ընդունակ է ոչ միայն փոշիացնելու դատաիրավական բարեփոխումներին միտված բոլոր ջանքերը, այլև խարխլելու ողջ հասարակության հիմքերը: Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ վերջին տարիների հասարակական կարծիքի ուսումնասիրություններում դատաիրավական համակարգը մրցակցությունից դուրս է՝ ամենակոռումպացված կառույցների շարքում համարվելով անվիճելի առաջատարը:
Լինելով պետական իշխանության երեք թևերից մեկը՝ այս համակարգը կոչված է քաղաքացիների համար ապահովելու օրենքի մատչելիությունը, օրենքի առջև բոլորի հավասարությունը ու քաղաքացիների իրավունքների լիարժեք իրացումը: Սակայն մի բան է ցանկությունը,իսկ լիովին այլ բան՝ հայկական իրականությունը: Հայաստանում որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ներկայումս դատաիրավական համակարգը չի իրականացնում իր հասարակական-պետական գործառույթը հենց կոռումպացվածության բարձր աստիճանի պատճառով: Մարդկանց մոտ անվստահության գլխավոր պատճառը համարվում է այն, որ համակարգը չի առաջնորդվում օրենքի առջև բոլոր քաղաքացիների հավասարության սկզբունքով և պաշտպանում է կամ համակարգի ու իշխանության հետ անձնական կապերի հնարավորություն ունեցող առանձին արտոնյալ խմբերի շահերը, կամ` կաշառքի միջոցով նման կարգավիճակ ձեռք բերողներին:
Չնայած՝ ստեղծված իրավիճակը պայմանավորող գործոնները բազմազան են, բայց ուշադրության արժանացնենք դրանցից մի քանիսը: Իհարկե, առաջինը շարունակում է մնալ այսպես կոչված «հեռախոսային իրավունքը»: Եթե դատավորին ուժի դիրքերից «պատվեր» է իջեցվում, ապա նրան պետք է նաև «վճարվի», ինչն էլ արվում է` համակարգի կոռումպացվածության վրա աչք փակելով: Այլ կերպ ասած` «ես քեզ, դու ինձ»: Հաջորդը` օրենքների անկատարության խնդիրն է` խառնաշփոթ առաջացնող հակասություններով, կրկնություններով, որոնք էլ դատավորների համար ստեղծում են կամայական որոշումներ կայացնելու նպաստավոր պայմաններ և մանևրելու մեծ դիապազոն: Հասկանալի է, որ այդ դիապազոնը անսպառ գանձի գին ունի:
Դատական համակարգի կոռումպացվածության բարձր աստիճանի պատճառ հանդիսացող գործոններից կարելի է դիտարկել նաև մի շատ հետաքրքիր դրվագ, որը խոսում է Հայաստանում փաստաբանական ինստիտուտի չկայացվածության մասին: Խոսքը վերաբերում է դատավոր-քաղաքացի հարաբերություններում փաստաբանի՝ որպես «գործ դզողի» ու կաշառքը քաղաքացուց դատավորին փոխանցողի դերակատարության արատավոր իրողությանը: Կաշառքի հանգեցնող գործոնների ցանկն, անշուշտ, այսքանով չի սպառվում, ու դրանց մասին կարելի է հատորներով գրքեր գրել: Սակայն խոսքս ամփոփելով` նշեմ, որ այս գաղջ մթնոլորտը, որը տասնամյակներ ի վեր տիրում է դատաիրավական համակարգում,թվում է՝ հավերժ է: Իրավիճակից դուրս գալու համար, ըստ որոշ մասնագետների, փրկօղակ կարող է հանդիսանալ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը Հայստանի դատական համակարգում,որը կարող է էապես կրճատել կոռուպցիոն ռիսկերը այս ոլորտում:Սակայն ինձ՝որպես հասարակ քաղաքացու, մի փոքր կասկածելի է թվում նույնիսկ այս համակարգի արդյունավետությունը,եթե հաշվի առնենք օրենքները շրջանցելու հայկական բացառիկ «հնարամտությունը»:
Ուստի Հայաստանում նման մտքերը ֆանտաստիկ ու անիմաստ են թվում: Սակայն սա կլիներ քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարության ձգտող երկրին հատուկ մի քայլ, ինչին, սակայն, դատելով մեր դատողություններ անելու ու գործելու տոհմիշխանական մտածելաոճից, մենք հաստատ չենք ձգտում: Մեր երկրում, չնայած անդադար ու բազմազան «բարեփոխումներին», այդ թվում նաև դատական համակարգում եռաստիճանության սկզբունքի ներդրմանը, դատարանը՝ որպես անկախ համակարգ, չկայացավ և շարունակում է մնալ այդպիսին. այստեղ բոլորն իրար հետ կապված են կոռուպցիայի վրա հենված կապերով, իսկ դատարաններին հատկացված է «թխած գործեր դակելու» դերը: Ինչ վերաբերում է աշխատավարձեր բարձրացնելով խնդրին լուծում տալուն, ապա միգուցե դա կարող էր կոռուպցիայի հաղթահարման հարցում որոշակի դեր խաղալ, բայց միայն այն դեպքում, եթե մեզ վստահեցնեին, որ վերանալու է նաև «հեռախոսային իրավունքը», դատավորները մնային առանց «պատվերի»:
Թե երբ վերջապես իրենց լուծումը կգտնեն այս ոլորտի խնդիրները,այդպես էլ մնում է անհասկանալի: Մնում է հուսալ,որ մի օր էլ Հայաստանի հասարակ քաղաքացին կզգա իր թիկունքին կանգնած պետական արդարադատության ողջ ուժն ու հումանիզմը:
Դավիթ Բաբանով
Սկզբնաղբյուր՝ www.hartak.am