Հասարակություն Ֆեյսբուք 

Այն, ինչ տեղի է ունեցել Օմարի դիրքապահ մեր զինվորների հետ իրականում

analitik.am

Արջուկը

Մինչև մթնշաղ պետք է հասնեինք լեռնանցքի մուտքի ժայռերին,ու ամբողջ գիշեր հսկեինք այդ նեղ անցումը,որով ըստ տվյալների, նրանց դիվերսիան պետք է անցներ մեր թիկունք:
Մեծ քարաբեկորները դեռ պլստիկ ¿ին,առավոտյան անձրևից ու մառախլապատ եղանակից: Մենք առաջ էինք շարժվում զգուշորեն, դանդաղ քայլերով: Մառախուղը մեկ խտանում,մեկ նոսրանում էր, և այդ պահերին կարողանում էինք կողմնորոշվել դեպի լեռնանցքի մուտքը տանող հին ճանապարհին:
Մենք դեռ չէինք ստացել առաջադրանքն ու երկրորդ գծի մեր հենակետում էինք,երբ Միքայելը բերեց արջուկին`փոքր, մեծ սև աչքերով սև քոթոթ էր: Մի քանի օրում մենք նրան ընտելացանք, նա էլ` մեզ: Մեր հետ նախաճաշում,ընթրում ու քնում էր:
Հենակետից տեղափոխվելու խառնաշփոթի մեջ ոչ ոք չէր նկատել Արջուկին, և նա զգացնել տվեց իրեն միայն լեռնանցքի կես ճանապարհին: Շան անհանգիստ վնգստոցը բոլորիս հանկարծակիի բերեց:Միքայելը նրան դրեց իր ուսապարկի վրա և այդպես տարավ այնքան`մինչև նստեցինք կարճատև հանգստի:Միքայելն Արջուկին իր ափսեից էր կերակրում: Երբ վերջացրինք, շարժվեցինք`թողնելով Արջուկին ուտելիքի մնացորդների մոտ:
Մեկ ժամից մթնելու է: Քարերն ավելի մեծ են ու սուր,այստեղ անգամ փշեր չկան, որ սովորաբար դուրս են ցցվում քարերի արանքներից: Լսվում է Արջուկի ձայնը, քարերի վրայով վնգստալով ու սայթաքելով մոտենում է մեզ`փոքր է, չի կարողանում քարերը մագլցել: Ժամանակ չկա, շարժվում ենք առաջ: Արդեն տեղում ենք: Լեռնանցքը միշտ էլ հակառակորդին հմայել է իր դիրքով,այնտեղից ամենից հարմարն է մեր թիկունք անցնելը: Մենք բաժանվում ենք երկու խմբի ու դիրքավորվում լեռնանցքի մուտքի երկու կողմերում`հանդիպակաց ծերպերին: Քամի է: Հեռվից շների հաչոց է լսվում,մեկ մոտենում է, մեկ հեռանում, երևի նրանց շներն են,որ չեն ուզում տերերից պոկ գալ: Արջուկը սկսում է վնգստալ ու կլանչել`հասել է մեր խմբի մոտ: Միքայելին ասում եմ, որ հեռացնի նրան: Անում է: Քամին նոր ձայներ է հասցնում,նրանք արդեն մոտ են:Քիչ անց Արջուկը նորից կլանչում է, նայում եմ`կողքիս է,չի ուզում հեռանալ: Նայում եմ նրա մեծ, մարդակերպ աչքերին, նայում եմ տղերքի աչքերին,բոլորը լուռ փորձում են քամուց ձայներ որսալ ու հայացքներն ուղղել են ինձ: Ես դանդաղ արձակում եմ կոշկակապերս, հանում ու տալիս Միքայելին:Նա վարանում է, ապա օղակ է կապում, շոյում Արջուկի գլուխը, որն աչքերը փակ հենվում է տիրոջ ոտքին:
Օղակը սեղմվում է, ու լուսնյակ գիշերում լսվում է միայն քամու սուլոցը...
Դ.Գ.Շահվերդյան

Նարեկ Գլաստյան

Նույն շարքից