Դրդապատճառը մարդու գործունեության շարժիչ ուժն է, այն մարդուն մղում է ակտիվության: Մարդկային գործունեությունը երբեք պայմանավորված չի լինում մեկ դրդապատճառով, այն բազմադրդապատճառված է և ղեկավարվում է միաժամանակ 2 և ավելի դրդապատճառներով: Նույն գործունեությունը դրդող որոշ դրդապատճառներ կարող են ունենալ անձնային նշանակություն, որոշները ` լրացուցիչ: Միևնույն դրդապատճառը մի գործունեության համար կարող է լինել իմաստավորող, մյուսի համար` լրացուցիչ: Դրդապատճառները միշտ գտնվում են հիերարխիկ դասավորության մեջ: Մի դրդապատճառի բավարարումը ծնում է մեկ ուրիշ դրդապատճառ :
Դրդապատճառներին վերագրվում են բազմաթիվ գործառույթներ: Դրանք են.
- Դրդող գործառույթ- սա արտացոլում է դրդապատճառի էներգետիկությունը: Սրա հետ կապված է ստիմուլացնող գործառույթը, որը կապված է դրդապատճառվածության շարունակման հետ, անգամ եթե մտադրությունը իրականացել է: Այն արտացոլում է պահանջմունքի լարվածության չափը և թույլ է տալիս խոսել դրդապատճառի ուժի մասին:
- Կառավարող գործառույթ- սա ներառում է գործունեության կամ գործողության ծրագրումը, սրա մեջ մտնում է կարգավորող գործառույթը, որն իրականացնում է գործողության հավասարակշռության պահպանումը: Սրանց հետ կապված է նաև կազմակերպող գործառույթը, որը գործողության մտային կազմակերպումն է:
- Իմաստավորող գործառույթ- դրդապատճառը գործողությանը իմաստ է հաղորդում և բացատրում է դրա նշանակությունը մարդու համար:
- Բացատրող գործառույթ- սրա տակ հասկացվում է անձի կողմից իր վարքի աղբյուրի գիտակցական ձևակերպումը:
- Արտացոլող գործառույթ- սա նպատակի, պահանջմունքի և դրանց հասնելու միջոցների արտացոլումն է գիտակցության մեջ:
Շատ կարևոր է մարդու կողմից սեփական վարքի պատճառների գիտակցումը, քանի որ, եթե նա հասկանա թե ինչու է այս կամ այն բանը անում, հստակ պատկերացում կունենա նաև այն մասին, թե ինչ ակնկալիքներ ունի և ինչի դեպքում է պետք կանգ առնել, իսկ ինչի դեպքում շարունակել վարքը և հասնել սպասվելիք արդյունքին: