Բարի օր Մշակույթ 

Հաղթողի ցնծությունը. Անտոն Չեխով

analitik.am

Բարեկենդանի ուրբաթ օրը խմբով գնացինք Ալեքսեյ Իվանիչ Կոզուլինի մոտ` բլիթ ուտելու։ Դուք Կոզուլինին չեք ճանաչում. ձեզ համար նա, գուցե, ոչնչություն է, զրո, սակայն մեզ նմանների՝ երկնքից աստղեր վայր չբերող մարդկանց համար նա մեծություն է, ամենազոր, իմաստուն։ Նրան այցի գնացին բոլորը, որոնք կազմում էին նրա, այսպես ասած պատվանդանը։ Հորս հետ գնացի նաև ես։

Բլիթները այնպես հոյակապ էին, որ արտահայտել չեմ կարող, ողորմած տեր. թմփլիկ, փխրուն, կարմրիկ։ Վերցնում ես մեկը, սատանան տանի, թաթախում ես տաք յուղի մեջ, ուտում՝ մյուսն է մտնում բերանդ։ Մանրամասները, նախշերն ու կոմենտարներն էին՝՝ թթվասերը, թարմ խավիարը, սալմոն ձուկը, ճմլած պանիրը։ Գինին ու օղին՝ ծով։ Բլիթներից հետո կերանք թառափե ձկնապուր, իսկ այնուհետև՝ սոուսով համեմված կաքավի միս։ Այնքան կերանք, որ հայրս աննկատելիորեն արձակեց փորի վրա եղած կոճակները և որպեսզի ոչ ոք չնկատի նրա այդ ազատամտությունը, ծածկվեց անձեռոցիկով։ Ալեքսեյ Իվանիչը, որպես մեր պետը, որին ամեն բան թույլատրելի է, արձակեց ժիլետի և վերնաշապկի կոճակները։ Ճաշից հետո, առանց տեղից վեր կենալու, ղեկավարության թույլտվությամբ սկսեցինք ծխել ու անցանք զրույցի։ Մենք ունկնդրում էինք, իսկ նորին գերազանցությունը, Ալեքսեյ Իվանիչը, խոսում էր։ Զրույցի բովանդակությունը մեծ մասամբ երգիծական բնույթի էր, բարեկենդանային... Պետը պատմում էր և, հավանաբար, ջանում էր թվալ սրամիտ մարդ։ Չգիաեմ, թե նա որևէ ծիծաղելի բան ասա՞ց, միայն հիշում եմ, որ հայրս րոպեն մեկ բոթում էր կողքիս ու ասում.

— Ծիծաղի՛ր։

Ես բերանս լայն բաց արած, ծիծաղում էի։ Մեկ անգամ նույնիսկ ծիծաղից ծղրտացի, գրավելով բոլորի ուշադրությունը։

— Այդպե՜ս, այդպե՜ս,— շշնջաց հայրս։— Ապրե՛ս։ Նա քեզ է նայում ու ծիծաղում է... Դա լավ է. գուցե, իսկապես, քեզ նշանակի գրագրի օգնական։

— Այո-ոս,—ի միջի այլոց ասաց Կոզուլինը, մեր պետը, փնչալով ու հևալով։ — Այժմ մենք բլիթ ենք ուտում, թարմագույն խավիար գործածում, մեր սպիտակամարմին կնոջն ենք փաղաքշում։ Իսկ իմ աղջիկներն այն աստիճան գեղեցիկ են, որ ոչ միայն ձեր դասակարգի խոնարհ մարդիկ, այլ նույնիսկ իշխաններ ու կոմսեր ակնապիշ նայում են նրանց ու հառաչում։ Հապա բնակարա՞նս։ Հե՛-հե՛–հե՛... Հենց այդ է բանը։ Մի տրտնջացեք, մի գանգատվեք նաև դուք, քանի դեռ մինչև ձեր կյանքի վերջը չեք ապրել։ Ամեն բան պատահում է, ամեն տեսակ փոփոխություններ էլ լինում են... Դու այժմ, ասենք, ոչնչություն ես, զրո, մի աննշան փոշի... չամչի հատիկ, բայց ի՞նչ իմանաս՝ մեկ էլ տեսար իր ժամանակին... մարդկանց բախտի քանքուլից բռնեցիր։ Ամեն բան էլ պատահում է։

Ալեքսեյ Իվանիչը մի պահ լռեց, շարժեց գլուխն ու շարունակեց.

— Իսկ առաջ, առաջ ի՜նչ էր։ Հը՞։ Աստվա՜ծ իմ։ Հիշողությանդ չես հավատում։ Առանց սապոգների, պատառոտված շալվարով, ահ ու դողով... Պատահում էր, որ մեկ ռուբլով երկու շաբաթ աշխատում էիր: էդ ռուբլին էլ ձեռքդ չէին տալիս, ոչ, այլ ճմռթում էին ու երեսիդ խփում՝ խժռի՛ր։ Եվ ամեն մի պատահած մարդ քեզ կարող էր ճզմել, խոցել, կացնի բութ կողմով գլխիդ հասցնել... Պատահողը կարող է վիրավորել... Գնում ես զեկուցում տալու, մեկ էլ տեսար՝ դռան առջև շնիկ է նստած։ Մոտենում ես այդ շնիկին ու բռնում թաթիկը։ Այսինքն՝ ներեցեք, որ ձեր կողքով անցա։ Բարի լույս։ Իսկ շնիկը վրադ գռմռում է... Շվեյցարը թևով բոթում է կողքիդ, իսկ դու թե՝ «մանր դրամ չունեմ, Իվան Պոտապիչ... ներեցե՛ք»։ Իսկ ամենից շատ սև օրեր եմ տեսել ու նախատինք կերել ահա այդ ապխտած սալմոնից, ահա այդ... կոկորդիլոսից։ Ահա հենց այդ հեզ ու խոնարհ Կուրիցինից։

Եվ Ալեքսեյ Իվանիչը մատնացույց արավ իմ հոր կողքին նստած կարճահասակ, կոր մեջքով մի ծերուկի։ Վերջինս ճպճպացնում էր հոգնած աչքերը և տհաճությամբ սիգար ծխում։ Սովորաբար նա երբեք չի ծխում, բայց երբ ղեկավար անձը նրան սիգար է առաջարկում, ապա նա հրաժարվելը համարում է անվայելուչ։ Նկատելով իրեն ուղղված մատը, նա սաստիկ շփոթվեց ու աթոռի վրա պտույտ եկավ։

— Շատ եմ տանջվել այդ հեզ ու խոնարհ մարդու երեսից,— շարունակեց Կոզուլինը։ — Առաջին անգամ ես նրա ձեռքն ընկա։ Բերեցին ինձ՝ կորած-մոլորած, խեղճ ու կրակիս ու նստեցրին նրա սեղանի առաջ։ Ու այդ օրվանից սկսեց նա հոգիս ուտել... Ամեն մի խոսքը՝ սուր դանակ էր, ամեն մի նայվածքը՝ սրտիս մեջ խրվող գնդակ։ Այժմ նա դարձել է մի ողորմելի ճիճու, թշվառականի մեկը, իսկ առաջ տեսնեիք, թե ինչ էր։ Մի կատարյալ Նեպտո՛ւն։ Երկինքը տակն ու վրա էր անում։ Երկար ժամանակ ինձ տանջեց։ Ես ամեն մի ծառայություն մատուցում էի նրան, և՛ գիր անում, և՛ կարկանդակներ էի վազեվազ բերում, գրչածայրերն էի սրում, պառավ զոքանչին թատրոններն ուղեկցում։ Մի խոսքով՝ ամեն տեսակ հաճոյակատարություն։ Նույնիսկ սովորեցի քթախոտ քաշել։ Այո՜... Եվ բոլորն ի հաճույս նրա... Մտածում եմ՝ չի կարելի, որ տուփը միշտ մոտս չլինի, հանկարծ քթախոտ կպահանջի։ Հիշո՞ւմ ես, Կուրիցին։ Մի օր նրա մոտ է գալիս հանգուցյալ մայրս, խեղճ պառավը խնդրում է, որ նա իր որդուն, այսինքն ինձ, երկու օրով թույլ տա գնալու մորաքրոջս մոտ՝ ժառանգությունը բաժանելու համար։ Տեսնեիք, թե ինչպես հարձակվեց մորս վրա, ինչպես չռեց աչքերն ու գոռաց. «Բայց նա թամբալի ու ձրիակերի մեկն է, ի՞նչ տղա ես մեծացրել, հիմար պառավ... Դատի կտամ»։ Գնաց պառավ մայրս տուն ու անկողին ընկավ, վախից հիվանդացավ, քիչ մնաց մեռներ...

Ալեքսեյ Իվանիչը թաշկինակով սրբեց աչքերն ու մի շնչով պարպեց գինու բաժակը։

— Ուզում էր իր աղջկա հետ ամուսնացնել, բայց ես այդ օրերին... բարեբախտաբար ջերմախտով հիվանդացա, վեց ամիս հիվանդանոցում պառկեցի։ Ահա թե ինչեր էին կատարվում։ Ահա թե ինչպես էինք ապրում։ Իսկ ա՞յժմ։ Փո՛ւ։ Այժմ ե՛ս... ես եմ նրա գլխին։ Նա՛ է իմ զոքանչին թատրոններ տանում, նա՛ է ինձ տուփը մատուցում և ահա սիգար է ծխում։ Հհ՛-հե՛-հե՛... Ես նրա օրը պղպեղով եմ համեմում... պղպեղո՛վ։ Կո՛ւրիցին:

— Ի՞նչ եք հրամայում,— հարցրեց Կուրիցինը, ոտքի ելնելով ու լարի պես ձգվելով։

— Ողբերգություն ներկայացրու։

— Լսո՛ւմ եմ։

Կուրիցինը ձիգ կանգնեց, խոժոռվեց, ձեռքը պարզեց վեր, դեմքը ծամածռեց ու խռպոտ, կերկերուն ձայնով ծոր տվեց.

— Մեռի՛ր, ուխտադրուժ կին։ Ծարա՜վ եմ արյան։

Մենք ծիծաղից թուլացանք։

— Կուրիցին, այս հացի կտորը կեր պղպեղով։

Կուշտ Կուրիցինը վերցրեց մի մեծ կտոր հաճարե հաց, համեմեց պղպեղով ու մեր բարձրաձայն ծիծաղի տակ` սկսեց ծամել։

— Հաստատուն ոչինչ չկա,— շարունակեց Կոզուլինը։ — Նստի՛ր, Կուրիցին։ Երբ ոտքի ելնենք՝ մի բան կերգես... Այն ժամանակ դու էիր, իսկ այժմ՝ ես... Այո՜... Այնպես էլ մեռավ պառավս... Այո՜...

Կոզուլինը ոտքի ելավ ու երերաց...

— Իսկ ես լռում էի, քանզի մանր, ողորմելի մարդ էի... Հոգեառնե՛ր... Բարբարոսնե՛ր... Իսկ այժմ ես... Հե՛-հե՛-հե՛... Ապա դո՛ւ։ Դո՛ւ։ Քե՛զ եմ ասում, անբեղ արարած։

Եվ Կոզուլինը մատն ուղղեց հորս կողմը։

— Վազի՛ր սեղանի շուրջն ու աքլորի պես կանչիր։ Հայրս ժպտաց, ախորժելի կերպով շիկնեց ու սեղանի շուրջն սկսեց տնկտնկալ։ Ես հետևեցի նրան։

— Ծուղրուղու-ղո՜ւ,— բարձր ձայնեցինք մենք ու վազեցինք ավելի արագ։

Ես վազում էի ու մտածում։

«Կդառնա՛մ գրագրի օգնական»:

1883

Թարգմանությունը` Աշոտ Փալանջյանի:

Աղբյուր՝ litopedia.org

Նույն շարքից