Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը միանշանակ է, բայց ոչ կառավարման մոդելի փոփոխության առումով, և այն ամենակարևոր փոփոխությունը չէ հրապարակված հայեցակարգում, առավել կարևոր է իշխանության ապակենտրոնացումը՝ գերկենտրոնացումից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը, ով հայտարարեց, որ որպես մասնագետ կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակից չէ:
«Առաջին բանը, որ պետք է անել՝ քաղաքական համակարգը ապակենտրոնացնելն է: Սա հիմնական խնդիրն է, որ դրված է սահմանադրական բարեփոխումների առաջ: Երկրորդը մեր իշխանության գերանձնավորումն է, որ մենք ասում ենք՝ իշխանության դիֆուզիա կատարվի, որ որոշումների կենտրոնը մեկը չլինի»,- ասաց նա։
ՍԴ անդամը կիսում է սահմանադրագետ Գաբրիել Բալայանի այն մտահոգությունը, որ անհասկանալի է, թե ինչու խաղաղ պայմաններում պաշտպանության ոլորտի պատասխանատվությունը դրվում է Ազգային անվտանգության խորհրդի վրա, իսկ պատերազմական ժամանակ ՝ հանկարծ այդ լիազորությունները տրվում են վարչապետին:
«Ողջունում եմ Գաբրիելի ելույթը կասեմ իմ կարծիքը: Սկզբից իզուր չասացի, որ խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից չեմ: Միշտ էլ ասել եմ, որ քանի մեր երկիրը նման կիսապատերազմական վիճակում է, միշտ անհրաժեշտություն է լինելու օպերատիվ և որակյալ որոշումներ ընդունել, ինչը մեծապես ապահովում է նախագահական համակարգը: Բայց դե հանձնաժողովը գնացել է այս տարբերակին: Այո՛, այստեղ կարող են մտահոգություններ լինել, բայց նախատեսվել է նման համակարգ, ինչպե՞ս կաշխատի, ոչ ոք չի կարող երաշխավորել»,- ասաց ՍԴ անդամը:
Իսկ որ կառավարման խորհրդարանական մոդելն ավելի ժողովրդավարական է, ապա Թոխյանը չի կիսում այս տեսակետը՝ նշելով, որ կան երկրներ, որոնք նախագահական են և ժողովրդավարական են, կան, որ բռնապետական են, և, հակառակը, պառլամենտական ժողովրդավարական երկրներ և բռնապետական։
Անդրադառնալով Ազգային ժողովին, Ֆելիքս Թոխյանն ասաց, թե սա միակ մարմինն է, որ ունենում է ժողովրդի առաջնային մանդատ, ի տարբերություն նախագահի: Նա կրկնեց, որ պատգամավորների լողացող թիվը կտատանվի 101-198, և ինքը լավագույն ձևը համարում է ռեյտինգային համամասնական ընտրությունները:
ԱԺ-ի՝ երկրի հիմնական քաղաքական մարմին դառնալը Ֆելիքս Թոխյանը ողջունում է, ինչպես նաև պաշտոնյաների երեք հինգերորդով ընտրությունը: Սա, ըստ նրա, իշխանությանն ավելի կոմպրոմիսային կդարձնի:
«Ուզես-չուզես քաղաքական մեծամասնությունը պետք է գնա կոալիցիայի, համաձայնությունների ընդդիմության հետ, որ հարցի լուծումը լինի, այլապես, դու չես կարող որևէ բարձրաստիճան անձի նշանակում անես: Սա բարձրացնում է ընդդիմության դերակատարումը»,- մեկնաբանեց նա:
Սահմանադրական դատարանի անդամը, անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, նշեց, որ նման փայլուն գնահատական մշակված փաստաթղթին երբեք չի եղել բացառությամբ՝ 2001թ. Նախագծի, որը 2003–ին չէր ընդունվել: