Ֆեյսբուք 

Չվնասելու սկզբունքով

Արման Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած միջադեպերը լայն քննարկումների և մեկնաբանությունների առիթ են դարձել թե քաղաքական գործիչների, թե հանրության տարբեր շրջանակների կողմից: Ընդ որում, հնչող կարծիքներում արտահայտվում են ինչպես ռացիոնալ, այնպես էլ հակասական մի շարք մտքեր, և այն տպավորությունն է ստեղծվում, որ բանակը, թերևս միայն ֆուտբոլից հետո, այն ոլորտն է, որտեղ յուրաքանչյուրն իրեն փորձագետ է կարծում:



Կիսելով այն ցավը, որ բոլորս զգում ենք մեր զինվորների զոհվելու կամ վիրավորվելու դեպքերում, և ցանկությունը՝ նպաստելու բանակում առկա խնդիրների լուծմանը, կարծում եմ, որ ամեն մեկս բանակի թեմային պետք է անդրադառնանք որոշակի վերապահումներով: Բերեմ օրինակներ.



Երեկ “Հայկական ժամանակ” օրաթերթն անդրադարձել էր ադրբեջանական դիպուկահարի գնդակից Հովսեփ Անդրեասյանի զոհվելու փաստին՝ մեկնաբանելով, որ այս դժբախտության պատճառ կարող են լինել կամ մարտական դիրքի ինժեներատեխնիկական ոչ բավարար վիճակը կամ մարտական կարգապահության պակասը: Ընդ որում նյութում այս կարծիքը ներկայացվում է որպես իրողություն՝ չներկայացնելով այն հաստատող որևէ փաստ: Մինչդեռ դրանք անհրաժեշտ են:



Ես դեմ չեմ բանակի մասին առողջ քննադատությանը, եթե դրանց հիմքում կան փաստեր և չեն վնասում պետական անվտանգությանը, սակայն առանց փաստական հիմքի նման դատողություններով մենք ընդամենը հանրության շրջանում անվստահության մթնոլորտ ենք ձևավորում բանակի նկատմամբ: Ի վերջո, թե այս, թե մնացած միջադեպերի կապակցությամբ Պաշտպանության նախարարությունն իրականացնում է մասնագիտական փորձաքննություն՝ պարզելու համար կատարվածի պատճառները, և հանդես է գալիս պաշտոնական մեկնաբանությամբ: Եվ այս պարագայում ժուռնալիստների կողմից պրոֆեսիոնալ մոտեցում չէ դրանից առաջ սեփական կարծիքը որպես փաստ ներկայացնելը: Մյուս կողմից, եթե նույնիսկ նման մեկնաբանությունը մոտ է իրականությանը, պետական անվտանգության տեսանկյունից անընդունելի է նման ինֆորմացիայի տարածումը:



Սահմանային միջադեպերի համատեքստում վերջին օրերին ակտիվացել են նաև կարծիքները՝ առաջնային գծում ժամկետային զինծառայողներին փոխարինել պայմանագրայիններով, որոնք ավելի փորձառու են: Նման մոտեցումը, սակայն, կարծում եմ, պետք է հիմնավորված լինի հստակ վերլուծությամբ՝ Հայաստանն արդյոք ունի՞ անհրաժեշտ քանակությամբ ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, ինչը բացակայում է այդ կարծիքներում: Առանց նման փաստական հիմքի այդ առաջարկները նույնպես իրատեսական չեն: Մինչդեռ, ինչպես իրավացիորեն նշում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, պատերազմական դրության մեջ գտնվող բանակն իրավունք չունի կառուցվածքային կտրուկ քայլերի գնալ, և Հայաստանի ու այլ երկրների (օրինակ՝ Հարավային Կորեա, Իսրայել) փորձը ցույց է տվել, որ երկարատև կոնֆլիկտ ունեցող երկրների համար լավագույն ձևը բանակը պայմանագրային և ժամկետային զինծառայողներով միաժամանակյա համալրումն է:



Նման օրինակներ կարելի է էլի ներկայացնել՝ սահմանները տեխնիկական միջոցներով վերազինել, բանակում առկա խնդիրների մասին բարձրաձայնում, ոչ կանոնադրային հարաբերություններ և այլն, որոնց մասին ամեն օր կարելի է հանդիպել թեր և դեմ տարբեր կարծիքների: Մի բան, սակայն, ակնհայտ է. բանակն այն ոլորտն է, որտեղ յուրաքանչյուր ոք տարատեսակ մեկնաբանություններ ու կարծիքներ հնչեցնելուց առաջ պետք է իրեն հարց տա՝ որքանո՞վ են փաստարկված դրանք, որքանո՞վ են իրատեսական և չե՞ն վնասում արդյոք ՀՀ պետական անվտանգությունը: Չէ՞ որ նման ոչ կոմպետենտ մեկնաբանություններով ոչ միայն չենք նպաստում բանակում առկա խնդիրների լուծմանը, այլև բացասաբար ենք ազդում զինված ուժերի նկատմամբ հանրության շրջանում ադեկվատ վերաբերմունքին:

Նույն շարքից